HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պոլսահայ քաղաքական գործիչ․ «Թուրքիայի միակ նպատակը Հայաստանին ծնկի բերելն է»

Նիկոլ Փաշինյանը, խոսելով տարածաշրջանային խաղաղության թեմայի մասին, հայտարարել է, թե որոշակի հրապարակային դրական ազդակներ կան Թուրքիայի կողմից, որոնք իրենք կգնահատեն ու դրականին դրականով կպատասխանեն։ Դրանից հետո Էրդողանը հայտարարել է, թե հարեւանական հարաբերությունների զարգացումը պետք է իրականացնել տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության հարգման հիման վրա, եւ Թուրքիան կարող է աստիճանաբար կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։

Պոլսահայ քաղաքական գործիչ Գայուշ Չալըքման-Գավրիլոֆն ասում է՝ չգիտի, թե որոնք են Փաշինյանի նշած դրական ազդակները Թուրքիայի կողմից, քանի որ Թուրքիայում իրենց լսածները Հայաստանում չեն լսում, եւ հակառակը՝ Հայաստանում լսածները իրենք չեն լսում։

«Էրդողանի հայտարարությունների մեջ որեւէ դրական երեւույթ չեմ տեսել Հայաստանի նկատմամբ։ Ճիշտ հակառակը՝ Էրդողանը, փոքր-ինչ էլ հաղթանակի արբածությամբ, այսպես ասած՝ բոլորովին առյուծ կտրած, ուզում է ծնկի բերել Հայաստանը։ Այսինքն՝ ի՞նչ է դա ենթադրում՝ Հայաստանը պետք է հողային պահանջ չունենա՝ նկատի ունենալով, որ 1915-ից հետո հատուցումներ պիտի չլինեն, Կարսի պայմանագիրը պետք է ընդունի եւ այլն»,- նշում է պոլսահայ քաղաքական գործիչը։

Նրա խոսքով՝ երբ Էրդողանը հայտարարում է տարածքային ամբողջականության մասին, նկատի ունի բացառապես Ադրբեջանին ու 44-օրյա պատերազմի ժամանակ գրավված հողերը, ինչպես նաեւ Թուրքիայի հետ սահմանները, որոնք գծվել են 1921 թ․ Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերով, որոնք Հայաստանի Հանրապետությունը չի ճանաչել։ «Իրենց միակ նպատակը Հայաստանին ծնկի բերելն է, որովհետեւ իրենք հաղթական կողմն են»,- նկատում է «Հետքի» զրուցակիցը, ապա եւս մեկ անգամ ընդգծում, որ Թուրքիան ցանկանում է, որպեսզի Հայաստանը հրաժարվի բոլոր պահանջներից, որոնք առնչություն ունեն 1915-ի հետ։

Մեր հարցին, թե Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը թուրքական քաղաքական շրջանակներն ու հասարակությունը ինչպես են նայում, եւ ընդհանրապես, Հայաստան-Թուրքիա հարաբերությունները այդ երկրի համար արդյոք էական նշանակություն ունեն, թե դա երկրորդական կամ երրորդական հարց է Թուրքիայում, Գայուշ Չալըքման-Գավրիլոֆը պատասխանում է, որ, իր կարծիքով, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը առաջնակարգ նշանակության հարց չէ Թուրքիայի համար, եւ ներկայում ամեն ինչ անմիջական կապի մեջ է 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակի հետ։ Ըստ մեր զրուցակցի՝ եթե չլիներ այն, ինչ եղավ, այսօր այլ հեռանկարների մասին կարելի էր խոսել, սակայն ներկա պարագայում Թուրքիայի ընկալմամբ Հայաստանը, ինչպես պոլսահայ գործիչն է բնութագրում, «գրպանի մեջ լեբլեբի է իրենց համար»։

Խոսելով հարաբերությունների կարգավորման հեռանկարի ու մոտ ապագայում դրա հնարավորության մասին, երբ պատերազմում անմիջական մասնակցություն ունենալուց հետո Թուրքիայում, ինչպես եւ Ադրբեջանում, չեն դադարում հակահայկական հայտարարություններն, ու Անկարայի հակահայ եւ ծավալապաշտական քաղաքական գիծը, ըստ էության, որեւէ փոփոխություն չի կրել, Գայուշ Չալըքման-Գավրիլոֆն ասում է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացում չի տեսնում եւ այդպիսի հույս էլ չունի։

Մեկնաբանություններ (1)

Bito Tashjian
Does water mix with oil?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter