HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

11-ամյա Շավարշը մոր պահանջով 3 տարի է` դպրոց չի հաճախում (վիդեո)

Ձեռքերը փորին դրած երիտասարդ կինն անշտապ կտրում- անցնում է կանաչ տարածքն ու բացելով մետաղյա ցածլիկ ճաղավանդակը, որ դարպասի տեղ է ծառայում, հրավիրում է ներս:

«Իմ անունը Անի է, կարող եմ իմանալ, ինչո՞ւ եք եկել»,- հարցնում է նա` կլորավուն աչքերի գրեթե անթարթ հայացքով ինձ ոտքից գլուխ զննելով: Առաջարկում եմ դրսում զրուցել, կինը պնդում է տուն մտնել: Արտաքինից բարվոք թվացող տան ներսն ավերակ է հիշեցնում:

«Դոմիկներին» բնորոշ հոտը խփում է քթիս: Մտածում եմ, որ այստեղ-այնտեղ երեւացող պատերի ու հատակի ճեղքերից տանտերերը հաստատ ամեն գիշեր առնետների են հյուրընկալում: Աղքատիկ կահ-կարասի, որպես անկողին ծառայող թաղիքե ներքնակներ, այլումինից պատրաստված ամանեղեն, կիսադատարկ սենյակներ:

Սենյակներից մեկում սեղան ու չուգունե մի լոգարան եմ նկատում: Հյուրասենյակ կոչվածում առկա են մի քանի մահճակալ, փայտե վառարան, կիսախարխուլ մի պահարան` նախատեսված, հավանաբար, սպասքի համար:

Ծանոթանալու պահից սկսած Անին անդադար խոսում է` ներկայացնելով տան ու ընտանիքի հետ կապված խնդիրները: Ես փորձում եմ շեղել խոսակցությունը` հարցնելով եղբոր ու մոր մասին, որոնք իմ ներս մտնելու պահին կողք-կողքի նստած էին մահճակալին:

Անիի մայրը` Վալյա Մխիթարյանը, մոտ 55 տարեկան է: Կնոջ հայացքում ագրեսիա եմ նկատում ու անբայրացակամություն: Աղջիկը, հավանաբար, կանխելով մոր պոռթկումը՝ շտապում է բացատրել, որ մայրը «սգավոր է». փետրվարին մահացած հոր մահն է սգում ու ցանկություն չունի որեւէ մեկի հետ խոսելու:

Փորձում եմ զրուցել պատանու հետ, ով արդեն ոտքի էր կանգնել ու վախեցած հայացքը մորից քրոջ վրա էր դարձնում: Շավարշը հասցնում է միայն անունն ասել: Տեսնելով մոր սաստող հայացքը`շփոթված լռում է, չիմանալով՝ կրկին նստե՞լ մահճակալին, թե՞ շարունակել կանգնած մնալ:

Տեղյակ էի, որ մոր դրդմամբ 11-ամյա Շավարշը հրաժարվում է դպրոց հաճախել, չի շփվում հասակակիցների հետ, ողջ օրն անցկացնում է մոր եւ 27-ամյա քրոջ ընկերակցությամբ` տանը փակված: Հարցիս, թե որ դասարանում հիմա պետք է սովորեր տղան, եթե դպրոց հաճախեր, Անին շտապում է տեղեկացնել, որ Շավարշն արդեն 3-րդ տարին է՝ դպրոց չի գնում:

«Որովհետեւ դասատուն ծաղիկի ու մատանու համար փող կհավաքեր, դե, մենք էլ չունեւոր ենք, երեխուն ծեծել էր, դրա համար էլ դպրոց չթողեցինք գնար, թող Շավոն ինքն ասի»,- շուտասելուկի նման վրա է տալիս Անին ու քաշում եղբոր ձեռքից: Վերջինս անգիր արածի նման կրկնում է քրոջ խոսքերն ու բառի կեսից հանկարծակի լռում` տեսնելով մոր սաստող հայացքը: Այդ կնոջ պղտոր աչքերն ու լուռ պահվածքը կարծես միայն Անիի վրա չէին ազդում:

Նա պատմեց, որ հոր` 74-ամյա Զավեն Նազարյանի մահից հետո զրկվել են 35 հազար դրամ թոշակից: Նպաստառու չեն համարվում, ամեն ամիս 13 հազար 500 դրամ հրատապ աջակցություն ծրագրով դրամական օգնությունն են ստանում ու դրանով յոլա գնում:

«Ես ու ախպերս Արթիկ կերթանք, Արթիկի գյուղերում մուրացկանությամբ կզբաղվինք, օր տուն պահենք, սոված չմնանք: Տուն չունենք, մեզի թող տուն տան, ելնինք էս խոզաբնից, աշխատանք չունինք, թող աշխատանք տան»,- պահանջներն է ներկայացնում Անին` մոր հավանություն տվող հայացքի ներքո:

Մուրացկանության փաստն ինձ անակնկալի է բերում: Անին ասում է, որ սովորաբար գյուղերում սննունդ են հավաքում տներից` հաց, կարտոֆիլ, ձավարեղեն եւ այլն: Եթե գումար են տալիս, չեն հրաժարվում: Քույր ու եղբայր մուրացկանությամբ զբաղվում են Մարալիկ քաղաքի սահմաններից դուրս:

Զրույցի ընթացքում Անին անընդհատ կրկնում էր, որ հայրը` Զավեն Նազարյանը, տառապում էր շիզոֆրենիայով եւ իրենք էլ (բացի Անիից ու Շավարշից, Վալյա Նազարյանը լույս աշխարհ է բերել եւս երկու աղջիկ, որոնք ամուսնացած են եւ կապ չեն պահպանում ընտանիքի հետ - հեղ) ժառանգել են այդ հիվանդությունը. «Մենք սաղս էլ թղթեր ունենք, սաղս էլ հիվանդ ենք, ես էլ, քուրերս էլ, ախպերս էլ»:

Այնինչ Մարալիկում արդեն հասցրել էին պատմել, որ հոգեկան խանգարման նշաններ Նազարյանների ընտանիքում դրսեւորում են միայն Վալյա Մխիթարյանի եւ Անի Նազարյանի մոտ: Զավեն Նազարյանը բարձրագույն կրթությամբ, համեստ բնավորության տեր անձնավորություն է եղել: Մահն անգամ հանդարտություն չի բերել նրան, քանի որ կինը փակել է տան դռները եւ չի թույլատրել ամուսնուն թաղել` հայտարարելով՝ «թող տանը փտի, չեմ թաղելու»:

Զավեն Նազարյանի թաղումը հնարավոր է եղել կազմակերպել ոստիկանության միջամտությունից հետո միայն: Մինչեւ օրս անհայտ է, թե ինչից է մահացել Զավեն Նազարյանը: Մարալիկում պատմեցին, որ Վալյա Մխիթարյանը մի քանի տարի առաջ դանակահարել էր ամուսնուն, բայց քանի որ բողոք չի եղել, քրեական գործ էլ չի հարուցվել: Հաշվի են առել նաեւ չորս երեխաների գոյության փաստը:

Վալյա Մխիթարյանը 90-ականներին աշխատել է Մարալիկի թիվ 1 դպրոցում՝ որպես հավաքարար: Պատմում են, որ ուսուցիչներին ավելով ծեծելու եւ երեխաներին հայհոյելու համար ոստիկանության միջամտությամբ հեռացրել են աշխատանքից: Մարալիկում աշխատում են չշփվել եւ հնարավորինս չառնչվել անկառավարելի վարքի տեր կնոջ հետ: Ասում են հատկապես ագրեսիվ ու անկանխատեսելի է դառնում, երբ ալկոհոլ է օգտագործում:

Թիվ 1 դպրոցի տնօրեն Կարինե Հովհաննիսյանը սկզբում գունատվեց, երբ իմացավ ինչ խնդրով եմ եկել, ապա ձեռքերը թափահարելով հայտարարեց, որ այդ կինն անչափ վտանգավոր է, եւ որ ինքը վախենում է նրանից: Տիկին Հովհաննիսյանը պատմեց, որ Շավարշ Նազարյանին իր դպրոց մայրը տեղափոխել է Մարալիկի թիվ 2 դպրոցից: Վիճաբանություն, ինչ-որ խնդիրներ են եղել Վալյա Մխիթարյանի եւ երկրորդ դպրոցի տնօրինության, ուսուցչական կազմի հետ, իսկ ավելի կոնկրետ` Վալյան ծեծել էր դպրոցի ուսմասվարին: Որպեսզի երեխան դուրս չմնա կրթությունից, Կարինե Հովհաննիսյանն համաձայնվել է վերցնել Շավարշի գործերը: 2008թ. Շավարշն ընդունվել է Մարալիկի թիվ 1 դպրոց:

01.02.2009թ-ին Շավարշի մայրը` Վալյա Մխիթարյանը, դիմում է ներկայացրել թիվ 1 դպրոցի տնօրինությանը, որ երեխային տեղափոխելու է Երեւանի թիվ 125 դպրոց եւ խնդրել երեխայի անձնական գործերը: Սակայն հետագայում պարզվել է, որ երեխան որեւէ դպրոցում չի սովորում եւ թիվ 1 դպրոցի տնօրինության, Անիի ոստիկանության ԱԳ բաժանմունքի կողմից ձեռնարկված միջոցառումները երեխային դպրոց վերադարձնելու կապակցությամբ, պսակվել են անհաջողությամբ: Մայրը կտրականապես հրաժարվել է երեխային դպրոց տանել:

«Դուք չեք պատկերացնում, թե ինչ անհասկանալի պահանջներ է դնում այդ կինը: Նա ասում է, թող Հովհաննիսյանն ինձ տուն տա, ես երեխային բերեմ դպրոց: Ես ասում եմ՝ հարգելիս, ինձնից դասագիրք ուզի, գրենական պիտույքներ ուզի, կարող եմ երեխայիդ հագուստի հարցն էլ լուծել, բայց տուն տալ չեմ կարող, դա իմ իրավասությունների մեջ չի,- պատմում է թիվ 1 դպրոցի տնօրեն Կարինե Հովհաննիսյանը: - Նախ՝ երեխային, որ բերում էր, տղան պիտի նստեր 4-րդ դասարան: Մայրը պնդեց, որ տեղավորենք 3-րդ դասարանում: Էնքան կռիվ սարքեց` ստիպված համաձայնվեցինք ու կանոնակարգը խախտելով, կրթության վարչության թույլտվությամբ նստեցրինք 3-րդ դասարան: Հիմա այստեղ-այնտեղ քույրը հայտարարում է, թե դիտմամբ թողել ենք նույն դասարանում: Երեք ամիս հետո իմ 39 տարվա մանկավարժական ստաժ ունեցող դասվարին քիչ էր մնում ինֆարկտի դուռը հասցներ: Վալյա Մխիթարյանը բողոք էր գրել ոստիկանությանը, թե դասվար Աստղիկ Առաքելյանն այնպես է խփել տղայիս գլխին, որ թմբկաթաղանթը պատռվել է: Ես ասեցի, եթե մեղավորն իմ մանկավարժն է, ուրեմն պիտի պատժվի: Հետո պարզվեց, որ ընդամենը տղայի ատամն է ցավել, տարել է ատամը քաշելու, հետո սկսել է բժիշկին շանտաժի ենթարկել, թե ինձ պիտի թուղթ տաս, որ տղայիս թմբկաթաղանթը պատռվել է»:

Կարինե Հովհաննիսյանն ասում է, որ մայրը 11-ամյա տղային դարձրել է գործիք ու օգտագործում է նպատակներին հասնելու համար: Իսկ փաստն այն է, որ 2009 թվականից մինչեւ օրս երեխան որեւէ կրթական հաստատություն չի հաճախում:

«Մենք բավական երկար ժամանակ սպասեցինք՝ մտածելով, թե մայրը կփոշմանի ու տղային կբերի դպրոց: Մենք չէինք կարող անչափահաս երեխայի գործերը տալ, մինչեւ համոզված չլինեինք, որ նա մեկ այլ դպրոցում արդեն ընդունվել ու սովորում է,- պարզաբանում է Կ. Հովհաննիսյանը,- բայց քանի որ նա ոչ տեղափոխում էր երեխային, ոչ հետ բերում մեր դպրոց, իսկ ես իրավունք չունեմ պետությունից գումար վերցնելու չհաճախող երեխայի համար, ստիպված մեկ տարի սպասելուց հետո դուրս գրեցի մեր մոտից: Իսկ երեխան նորմալ երեխա էր, շատ լավ ձեռագիր ուներ, իր հետ դասերից հետո հավելյալ պարապում էին, բայց հիմա, ասում են՝ ինչ մայրը մեկուսացրել է, տղան շատ է փոխվել: Երբ երեխաները դրսում հարցնում են, թե Շավարշ, ինչի՞ դասի չես գնում, ասում է՝ գնամ ի՞նչ անեմ, թող տուն տան մեզ: Մայրն է սովորացրել»:

Մարալիկի քաղաքապետարանը եւս անդրադարձել է խնդրին: Փոխքաղաքապետ Մանվել Նազարյանն ասում է, որ մի քանի անգամ ավագանու որոշումով դրամական աջակցություն են տրամադրել, սակայն Վալյա Նազարյանը հրաժարվել է վերցնել: Հրաժարվել է նաեւ մարզպետի տրամադրած 100 հազար դրամ աջակցությունից: Կինը տուն է պահանջում, այնինչ Նազարյաններն անօթեւան չեն համարվում:

Անիի տարածաշրջանի նախկի շրջխորհրդի գործկոմի որոշմամբ 1995թ. օգոստոսի 24-ի թիվ 9 որոշմամբ նրանց տրամադրվել է Ղազախստանի շինարարների կողմից կառուցված անհատական բնակելի տուն 0,08 հա հողատարածքով, որը անշարժ գույքի կադաստրի Անիի տարածաշրջանի ստորաբաժանումում 30.10.1995թ. ստացել է պետական գրանցում եւ սեփականաշնորհվել ընտանիքի կողմից:

1997թ. իրականացված սեփականաշնորհումից Նազարյանների 5 անձից բաղկացած ընտանիքը եւս օգտվել է. տրամադրվել է 2 հողաբաժին`1,6 հա հողատարածք, որը Նազարյաններն արդեն մի քանի տարի է՝ չեն մշակում: Մանվել Նազարյանն ասում է, որ միայն մկնդեղի տրամադրման դիմումն են մերժել, որովհետեւ վախեցել են հետեւանքներից:

«Քանի որ այդ կինն անկանխատեսելի է, չգիտեինք՝ ինչ նպատակով կօգտագործեր»,-ձեռքերն է տարածում փոխքաղաքապետը:

Շիրակի մարզպետարանի աշխատակազմի Ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լուսինե Գինոսյանի ղեկավարությամբ կազմված հանձանժողովը խնդրի առնչությամբ 2011թ. նոյեմբերից սկսած մի քանի անգամ այցելել է Մարալիկ, հանդիպել թե Նազարյաններին, թե դպրոցի տնօրինության հետ:

«Համաձայն ՀՀ կառավարության 2011թ. փետրվարի 24-ի թիվ 16-Ն որոշմամբ հաստատված «Խնամակալության եւ հոգաբարձության մարմինների կանոնադրության»` երեխայի կրթության իրավունքը ապահովելու համար խնամակալության եւ հոգաբարձության մարմինը պետք է քննարկի հարցը եւ համապատասխան որոշմամբ ծնողներին նախազգուշացնի, որ երեխայի կրթությանը խոչընդոտելու համար նրանք կենթարկվեն վարչական պատասխանատվության` համաձայն ՀՀ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 178 հոդված, իսկ դարձյալ խոչընդոտելու դեպքում` քրեական պատասխանատվության` համաձայն ՀՀ Քրեական օրենսգրքի,- պարզաբանում է Լուսինե Գինոսյանը,- մայրը կոպտորեն ոտնահարել է երեխայի կրթություն ստանալու իրավունքը, մենք դա բացատրեցինք իրեն, բայց, կարծում եմ՝ չհասկացավ: Կփորձենք նրա հետ վարվել օրենքի սահմաններում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter