HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշխատաժողով` ազգային փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալ

Այսօր Երևանում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նախաձեռնությամբ տեղի ունեցավ աշխատաժողով' միջազգային և ազգային օրենսդրությամբ ամրագրված փոքրամասնությունների իրավունքներին ու քաղաքական գործիչների, լրատվամիջոցների և հասարակական լայն շերտերի շրջանում դրանց վերաբերյալ իրազեկության բարձրացման մեխանիզմներին նվիրված:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից կազմակերպված աշխատաժողովին մասնակցում էին ներկայացուցիչներ ՀՀ նախագահի աշխատակազմից, արտաքին գործերի նախարարությունից, ազգային փոքրամասնությունների հարցերով զբաղվող այլ պետական կառույցներից, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, ինչպես նաև Հայաստանում ազգային փոքրամասնությունների համայնքներից:

«Օրենսդրական դրույթների և միջազգային չափորոշիչների իմացությունը կարևոր է ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը ապահովելու համար: Հուսով եմ, որ այսօրվա քննարկումը մեզ կօգնի լինել ավելի լավ տեղեկացված այս ուղղությամբ թե’ պետական և թե’ քաղաքացիական հասարակության տարբեր դերակատարների ձեռնարկած բոլոր գործողությունների և միջոցառումների մասին», - ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի Մարդու իրավունքների հարցերով պատասխանատու Վլադիմիր Չունտուլովը:

Մասնակիցներին ներկայացվեց նաև ազգային փոքրամասնությունների իրավունքներին վերաբերող փաստաթղթերի ընտրանին, որը պատրաստվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից' Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և ՀՀ կառավարության ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության հետ սերտ համագործակցությամբ: Ձեռնարկը ներկայացնում է ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրերի' ազգային փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալ դրույթների ակնարկ, ինրպես նաև խորհրդատվական բնույթի փաստաթղթեր և քաղվածքներ ՀՀ օրենսդրությունից:

Մասնակիցները քննարկեցին նաև փոքրամասնությունների լեզուների գործածումը վարչական իշխանությունների հետ հաղորդակցվելիս, փոքրամասնությունների իրավունքների մասին իրազեկության և բարելավված օրենսդրության և պրակտիկայի հարաբերակցությունը, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դերը' որպես փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության կարևոր մեխանիզմ:

Մեկնաբանություններ (1)

Pierre
Is bthat a poster of Ocalan in the background???

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter