HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Մենք պատմության դասերը չենք սերտում»

«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանն ասում է, որ ռուսական ռազմաբազայի ժամկետի երկարաձգումը տարածաշրջանում ամուր հիմքեր դնելու բավականին մեծ հայտ է այդ երկրի կողմից: Նա աննախադեպ է որակում այն փաստը, որ չնայած դեռ 10 տարի կա գործող պայմանագրի ավարտին, կնքվելու է նորը: Ըստ սոցիոլոգի` մեր խնդիրը ծանրութեթեւ անելն է` ինչ եք շահում, ինչ կորցնում:

Ադիբեկյանը կարծում է, որ շահերի բախման սրությամբ ու բացահայտ լինելու հանգամանքով Հարավային Կովկասի նման տարածաշրջան աշխարհում չկա: Ըստ նրա` մեծ խաղացողներ Ռուսատանը, Չինաստանը, Իսրայելը, Իրանը կողմ են ռուսական ներկայությանը ռեգիոնում. «Դեմ է Վրաստանը, որը արդեն ստորագրում է իր մահկանացուն` կոնֆեդերացիա կազմելով Թուրքիայի ու Ադրբեջանի հետ: Կես դար հետո այնտեղ ավելի շատ լինելու են թուրքերն ու ադրբեջանցիները: Դեմ են Թուրքիան, Եվրամիությունը, ԱՄՆ-ն»:

«Սոցիոմետրի» ղեկավարը նշում է, որ իրենց մոնիտորնիգը ցույց է տվել, որ մեր  բնակչության մեծ մասի արտաքին դիրքորոշումը դեպի Ռուսատանն է, հետո` դեպի Եվրամիություն, Իրան, ԱՄՆ:

«Եթե մենք առ այսօր մնացել ենք ինքնիշխան պետություն, բայց շատ փոքր տարածքի վրա, նշանակում է, որ ինչ-որ կերպ կողմնորոշվել ենք, բայց քանի որ մեր տարածքի ու բնակչության մեծ մասը կորցրել ենք, ուրեմն այնքան էլ լավ չենք կողմնորոշվել»,- ասում է «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը: Ըստ նրա` մեր տարածաշրջանը միշտ էլ եղել է շահերի բախման թնջուկ, ու մեր դիրքորոշումն այստեղ ճակատագրական է: Դանիելյանը առանձնացնում է հայ-ռուսական ներկայիս հարաբերությունների երեք գնահատական կամ կողմնորոշում: Ըստ առաջինի` մենք հնուց էլ եղել ենք Ռուսաստանի հետ, ինչը լավ է եղել ու այդպես էլ կլինի: Երկրորդ տեսակետի համաձայն`սա մեր կոմպլեմենտար քաղաքականության վերջն է, դառնում ենք Ռուսաստանի կցորդ: Երրորդ` կենտրոնամետ մոտեցման համաձայն, որին հակված է նաեւ ինքը` Կ. Դանիելյանը, հետեւյալն է. այո, լավ է, որ բարձրանում է մեր երկրի անվտանգության մակարդակը, բայց չի կարելի է ասել, թե այսպես լիարժեք անվտանգ է լինելու մեզ համար: Պետք է հաշվի առնել պատմության փորձը, հույսը պետք չէ դնել միայն Ռուսաստանի վրա, պետք է լինել կոմպլեմենտար ու ակտիվ արտաքին քաղաքական դաշտում:

Ահարոն Ադիբեկյանը, նշելով Վեսելովսկու «Անդրկովկասի տնտեսական զարգացման հեռանկարները» աշխատանքը, ասում է, որ ռուսները միշտ վախեցել են հայերին տալ մեր ուզած ինքնությունը, որովհետեւ հայերը, 30 տարի հետո հզորանալով, կարող էին դուրս գալ Ռուսական կայսրությունից: Սոցիոլոգը շեշտում է. «Հայաստանը պետք է ռուսներին առանց հայերի»: Ըստ նրա` այժմ հայերի ըմբոստանալուն զսպում է Ռուսատանում 3 մլն-ոց հայ համայնքի գոյության փաստը:

«Մենք պատմության դասերը չենք սերտում: Զգուշավորությունը միշտ մոռանում ենք,- նշում է Կարինե Դանիելյանը,- հիշենք Լենինի խոսքերը. «Մենք Հայաստանը զոհ մատուցեցինք հեղափոխության սեղանին»: Ես հույս ունեմ, որ հիմա Ադրբեջանին զինելն այնքան ողբերգական չի լինի, ինչպես ժամանակին բոլշեւիկների կողմից Թուրքիային զինելը: Բայց թուրքերի հետ մերձեցումը միշտ հայերի հաշվին է եղել, ու հիմա այս երկակի խաղը մեր ու ադրբեջանցիների նկատմամբ շատ վտանգավոր է թվում: Այստեղ երաշխիքներ պետք է պահանջվեն Ղարաբաղի հարցում, Ադրբեջանին Թուրքիայի կողմից զինելու հարցում: Միջազգային ասպարեզում մեր պատվիրակությունները լավ չեն աշխատում` ի տարբերություն ադրբեջանցիների»:

«Մեր արտաքին քաղաքականության մասին կարելի է խոսել միայն ծաղրանքով,- ի պատասխան` նշում է Ադիբեկյանը:- Մենք պետք է օգտագործենք մեր լծակները: Եթե ուրիշների համար դառնանք տնտեսապես, տեխնոլոգիաներով հետաքրքիր, մեզ հետ հաշվի կնստեն»: Սոցիոլոգը հիշեցնում է, որ ժամանակին դաշնակ ղեկավարները, տնտեսապես ոտքի չկանգնած, երկիրը միջազգային ասպարեզում գործոն չդարձրած, պատերազմի մեջ ներքաշվեցին, ինչն ունեցավ իր ողբերգական հետեւանքները:

«Քաղաքականության մեջ չկա բարոյականություն, թույլին ոտքի տակ են տալիս»,- համոզված է Ադիբեկյանը, իսկ Դանիելյանը հակադարձումէ նրան. «Դա ամենամեծ սխալն է ու շտկվելու է այս դարում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter