HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ապրում ենք խաչագողերի, դիակապուտների ու անբարոյականության սերմնացանների կողքին

Ոստիկանությունը երեկ հաղորդագրություն տարածեց, որ Կենտրոնական գերեզմանատան (Թոխմախի գերեզմանոց) քաղաքային պանթեոնից գողացել են Դերենիկ Դեմիրճյանի շիրմաքարի կիսանդրին:

«Կատարվածը պետք է որակենք իբրեւ սրբապղծություն»,- այսօրվա ասուլիսում հայտարարեց Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը` հավելելով, որ պատասխանատուն Էրեբունու ոստիկանությունն է, բայց նաեւ նաեւ նշեց, որ հնարավոր չէ այդ մեծ գերեզմանատան ամեն շիրիմի կողքին մի պահակ կանգնեցնել: Նա հիշեց Րաֆֆու «Խաչագողի հիշատակարանը», որտեղ դիպուկ ներկայացվում են այս ամենի դրդապատճառները:

«Այն ժամանակ, երբ հասարակությունը դառնում է այդքան անտարբեր իր շրջապատի հանդեպ, նեխած ջրի երես է դուրս գալիս մրուրը: Այսօր այնքան են մեր բարոյական արժեքները խաթարվել, այնքան ենք մենք դարձել կրավորական, անտարբեր մեր, միջավայրի հանդեպ, որ տեսնում ենք այդ նեխած ջրի մրուրը, փառակալումը, մեր խիղճը, մեր արժեքային հմակարգը,- նշեց Անանյանը: Հասարակության վերաբերմունքը, ըստ նրա, խնդրի մի կողմն է: Երկրորդը` գերեզմանատներից մետաղյա պարիսպների, կիսանդրիների կողոպուտը խոսում է այն մասին, որ «սա մի անհատի գործ չէ, սա ինչ-որ բանդա է, որը շատ հմտորեն ծրագրում է: Ոստիկանությունն ունի միջոցներ ու հնարավորություններ, որպեսզի արմատախիլ անի այդ երեւույթը»:

Անանյանը վստահ է նաեւ, որ Դեմիրճյանի նկատմամբ մեր հասարակությունը չունի այն համարժեք գնահատականը եւ մեծարանքը, որին նա արժանի է: «Այսօր մենք պիտի խոսենք այն մասին, թե 1956-ին ինչու Դեմիրճյանը չգնահատվեց ըստ արժանվույն ու իր վերջին հանգրվանը չգտավ Կոմիտասի պանթեոնում,- ասում է ԳՄ նախագահը:- Քաղաքային պանթեոնում տիրող այս անտեր վիճակն էլ մեզ հուշում է, որ մենք պիտի դաս քաղենք ու կազմակերպենք Դեմիրճյանի վերաթաղումը, աճյունը տեղափոխենք Կոմիտասի պանթեոն»:

Լեւոն Անանյանը խաչագողության դեմ պայքարի լավագույն միջոցը համարում է  այդ երեւույթի նկատմամբ անհանդուրժողության մթնոլորտի ձեւավորումը. «Միայն այս դիակապուտները չեն, շուրջբոլորը անբարոյականության սերմնացաններ ենք տեսնում ու շատ հանդուրժողաբար ենք վերաբերվում այդ ամենին: Հասել ենք խաչագողերի հասարակության մակարդակին»:

«Էսօրվա խաչագողերը հայրենիք են գողանում, մեր հայրենիքն այսօր կողոպտվում է բոլոր իմաստներով,- նշեց գրող, հրապարակախոս Հրաչյա Մաթեւոսյանը:- Ամեն մի խուժանության արդեն ներկա ենք լինում: Հայրենիքը կողոպտվեց նաեւ Ռոբերտ Քոչարյանի իշխանության 10-ամյակում ու այսօր շարունակում է կողոպտվել: Մի՞թե սա մեր վերջին հողակտորն է: Լիքը անտեր շիրմիներ կան, որ պղծվում, թալանվում են: Սա մեր ազգային նկարագրին հատուկ չէ, բայց դարերի միջով անցած ազգն այսօր բարոյալքվում է, որովհետեւ ստեղծվել է սարսափելի աղքատների ու սարսափելի հարուստների, թալանչիների հասարակարգ: Գողացողը շատ գիտի՞, թե Վարդանանքը ով է, Դեմիրճյանը ով է, մտածել է, որ գողանալով կարելի է դրանից փող սարքել, օրվա հացը վաստակել: Նա էլ այդպես է գողանում, ինչպես պետական բոլոր այրերն են անում:

Կոմիտասի անվան պանթեոնի մոտ դելիֆինարիա են կառուցում: Սա ազգային խայտառակություն է: Նույն Թոխմախի գերեզմանոցի հերոսների ծառուղուց 30 մ հեռավորության վրա ռեստորան են կառուցել: Ուզում ես փախչել էս գետինը մտած թալանչի իշխանություններից: Պարզապես ավերվող երկիր: Մենք սովորեցնում ենք օտարին, թե ինչպես կարելի է ոչնչացնել Հայաստանի հնությունները»:

Դեմիրճյանի տուն-թանգարանի վարիչ Կարինե Ռաֆայելյանը տեղեկացրեց, որ ըստ գրողի հարազատների` բրոնզե կիսանդրին 300 կգ կկշռեր: Նա նույնպես համոզված է, որ սա ծրագրված գողություն է: Քանի որ իրենց առաջնահերթ խնդիրը եղել է տուն-թանգարանի ոչ բարվոք վիճակը, աճյունի վերաթաղման հարց չեն բարձրացրել, բայց այս դեպքից հետո, քանի որ պետք է շիրմաքարը նորոգվի, Ռաֆայելյանն առաջարկում է միանգամից լուծել նաեւ վերաթաղման հարցը:

Մանրամասները` առաջիկայում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter