HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Նորանշանակ դատախազին գումարներ է նվիրել Ռուսաստանում աշխատած հայրը

Վաղարշակ Սարգսյանը դատախազության համակարգում նորեկ է: Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի պաշտոնը ստանձնել է 2021թ. հուլիսի 6-ին: Պաշտոնը ստանձնելիս նա խոշոր գումարներ է հայտարարագրել: Դատախազությունից պարզաբանում են, թե նորանշանակ դատախազի հայրը երկար տարիներ աշխատել է Ռուսաստանի Դաշնությունում և որոշակի «նվիրաբերություն կատարել որդուն»:

Վաղարշակ Սարգսյանը պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և շահերի հայտարարագիր է ներկայացրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով:

Ըստ հայտարարագրի՝ Վ. Սարգսյանը հուլիսի 6-ի դրությամբ ունեցել է 2 մլն 51 հազար դրամ եկամուտ, որից 1 մլն 180 հազար դրամը ստացել է «Արմենիա ինշուրանս» ՍՊԸ-ից որպես աշխատավարձ, մոտ 201 հազար դրամը դասավանդումից ստացած գումարն է, իսկ 670 հազար դրամը՝ Արդարադատության ակադեմիայից ստացած կրթաթոշակը:

Ի տարբերություն եկամուտների, դատախազի դրամական միջոցները համեստ չեն: Մասնավորապես, նա կանխիկ ունեցել է 2 մլն դրամ, 40 հազար դոլար և 30 հազար եվրո: Բանկային հաշվին ունեցած դրամական միջոցները կազմել են 421 հազար դրամ:

Վաղարշակ Սարգսյանը հայտարարագրել է նաև բանկային ավանդներ: Հայտարարագրի համաձայն, դրամով պահվող ավանդը կազմում է 7 մլն դրամ: Ունի նաև արտարժույթով ներդրած ավանդներ՝  10 հազար դոլար և 27 հազար եվրո:

Թեև նորանշանակ դատախազը բանկային ավանդներ է հայտարարագրել, սակայն հայտարարագրում նշում չկա ավանդներից ստացած եկամուտների, այլ կերպ ասած՝ տոկոսների մասին:

Ինչ վերաբերում է գույքին, Վաղարշակ Սարգսյանն ունի 2012թ. արտադրության NISSAN մակնիշի ավտոմեքենա, ինչպես նաև ավտոկայանատեղի և հողին ամրակայված այլ անշարժ գույք Երևանի Կենտրոն վարչական շրջանում: Թե ավտոմեքենան, թե Կենտրոնում գտնվող անշարժ գույքը գնել է 2019-ին:

Դատախազը 90 օրից ավելի փաստացի տիրապետում է նաև Կենտրոն համայնքում գտնվող բնակարան, ինչպես նաև՝ 2007թ. արտադրության AUDI մակնիշի ավտոմեքենա:

Նշենք, որ պաշտոնյաները հայտարարագրում են նաև այն գույքը, որը 90 օրից ավելի փաստացի տիրապետում են կամ նրա անունից, օգտին կամ հաշվին է ձեռքբերված, ինչպես նաև սեփականության իրավունքով պատկանում է երրորդ անձին, որից փաստացի օգուտ է ստանում կամ այն տնօրինում է հայտարարատուն:

Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը «Հետք»-ին փոխանցեց, որ նորանշանակ դատախազը 2017թ.-ից զբաղվում է գիտամանկավարժական գործունեությամբ: 2019-2021թթ. աշխատել է «Արմենիա ինշուրանս» ՍՊԸ-ում, սկզբում որպես իրավաբան, այնուհետև՝ գլխավոր իրավաբան:

Ինչ վերաբերում է ունեցած խոշոր դրամական միջոցներին, ապա, ըստ Արևիկ Խաչատրյանի, դատախազի հայրը երկար տարիներ աշխատել է Ռուսաստանում և եկամուտների մի մասը նվիրել որդուն:

Լուսանկարը՝ Վ. Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter