HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայաստանը տնտեսական աճ է գրանցել. ԱՊՀ-ում նախավերջինն ենք

Այսօր հրավիրած ասուլիսում Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանն անդրադարձավ 2011-ի պետական բյուջեի նախագծին: Նա նշեց, որ չնայած դրան տրվել է «աննախադեպ» անվանումը, ոչ մի նման բան էլ չկա:

«Սա մեր նորագույն պատմության մեջ բնավ էլ լավագույն բյուջեն չէ: Նման եւ ավելի լավ նախադեպեր մենք արդեն ունեցել ենք, մասնավորապես` 2009-ի բյուջեն: 2011-ին 2009-ի համեմատ ենթադրվում է եկամուտների հավաքագրման ծավալների նվազում մոտ 1,6 տոկոսով: Ընդհանուր եկամուտների հավաքագրման նվազումը կլինի 6,1 տոկոսով, իսկ հարկային եկամուտների եւ պետական տուրքերի նվազումը` 10,6 տոկոսով: Այսինքն` այն հայտարարությունները, թե բոլորին բերելու են հարկային դաշտ եւ այլն, այսպիսի թվաբանական լուծում են ստանալու»:

Բ. Ասատրյանի ներկայացմամբ` այս տարվա 9 ամիսների արդյունքում մեր տնտեսության աճը կազմել է ընդամենը 2,8 տոկոս: Օգոստոսի համեմատ սեպտեմբերին ՀՆԱ-ի անկումը կազմել է 25 տոկոս: Սակայն բանից պարզվում է, որ նախորդ տարվա համեմատ մենք մեծ առաջընթաց ունենք:

«Եթե անցյալ տարի ԱՊՀ երկրների մեջ 8 ամիսների արդյունքով վերջինն էինք, այսօր արդեն վերջից երկրորդն ենք, ավելի լավ վիճակում ենք, քան Ղրղըզստանը: Իսկ թե ինչ վիճակում էր այդ երկիրը, բոլորս հիշում ենք: Եթե մեր տնտեսական բնագավառի գործիչները ասելու են, որ ունենք հաջողություններ, ես չեմ կարող ասել, որ չունենք,- հեգնանքով նկատեց ԿԲ-ի նախկին նախագահը:- Հավանաբար, տարին այսպես գորշ էլ փակվի: Տարվա հիմնական առանձնահատկությունը, որն իր հետագա ազդեցությունը կունենա տնտեսական զարգացումների վրա, գնաճի բարձր մակարդակն է: Տարին, հավանաբար, փակենք 10 տոկոսանոց գնաճի ցուցանիշով»:

Ասատրյանը նշեց, որ ընդունում է բյուջեին տրված «աննախադեպ» որակումն այն դեպքում, երբ փաստ է, որ երրորդ հազարամյակում ամենաբարձր գնաճով ենք մտնում հաջորդ տարի: Ըստ տնտեսագետի` փաստորեն, եթե բյուջետային եկամուտները այս տարվա համեմատ աճեն 10 տոկոսով, դա աճի չի լինի, այլ գնաճի մաշածը հետ բերել կնշանակի:

ԿԲ-ի նախկին նախագահը կարեւորեց նաեւ այն միտքը, որ վերջերս հնչեցրել է  Եվրոպայի կենտրոնական բանկի նախագահը, ըստ որի` աշխարհը կանգնած է մի նոր վտանգի առջեւ. դա արտարժույթային պատերազմներ են: Տնտեսագետը նշում է, որ դրանց դրսեւորումներն արդեն 2-3 ամիս տեսնում ենք. եվրո-դոլար հարաբերակցությունը 15-20 տոկոս տատանումներ է գրանցել` եվրոն բարձրացել է, իսկ դոլարը` ընկել:

«Մեր առաջնային խնդիրը պիտի լինի հավասարակշռված արժույթային քաղաքականությունը, պահուստների կառավարման ավելի մտածված կառավարումը: Այս առումով` այն ինչ մեզանում եղել է, միշտ չէ, որ կարող ես խելամիտ կամ արդյունավետ անվանել: Այսօր ոսկու ունցիան հասել է 1350-1370 դոլարի, իսկ մեր իշխանությունները ոսկու պահուստները վաճառեցին ունցիան` 395 դոլարով»,- ասում է Բագրատ Ասատրյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter