HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

2009-ի համեմատ գյուղատնտեսության ծախսերը կկրճատվեն 42,4 տոկոսով

«Սրանով գյուղի խնդի՞ր է լուծվելու»,- հարցնում է ԿԲ նախկին նախագահը

Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը, մեկնաբանելով 2011-ի պետբյուջեի գերակայությունները, նշում է, որ այդ խնդիրներից քչերն են լուծվելու, ու քաղաքացիները գալիք տարի չեն լինելու զգալի չափով ավելի ուրախ ու երջանիկ, այլ հակառակը` չհամակերպվողները իրենց բախտը փորձելու են գտնել օտար երկրներում:

2011-ի գերակայություններից կրթության եւ գիտության զարգացմանը հատկացվելու է 14,5 տոկոսով ավելի քիչ գումար, քան 2009-ին (126 մլրդ դրամի փոխարեն 108 մլրդ դրամ): Սա ամենախոշոր կրճատումն է մյուս տարվա բյուջեում:

Մեկ այլ գերակայության` տարածքային համաչափ զարգացման մասին տնտեսագետն ասում է, որ այդ խնդիրը միշտ էլ դրված է եղել տնտեսական օրակարգում` թե 1930-ականներին, թե 1970-ականներին եւ թե հիմա: Երբեւիցե, սակայն, այդ հարցը չի լուծվել ու ավելի սուր դրսեւորումներ է ստացել վերջին տարիներին: Պաշտոնական տվյալներով` Երեւանում կենտրոնացած է բնակչության 35 տոկոսից ավելին, ֆինանսական պոտենցիալի 99 տոկոսը, արդյունաբերական պոտենցիալի` 80 տոկոսը եւ այլն: Այս խնդիրն ունեցել ենք միշտ:

Գալիք տարի 2009-ի համեմատ սոցիալական պաշտպանության ոլորտին ուղղվող միջոցների 7,7 տոկոսով աճ կա: Սակայն այս առումով էլ Բ. Ասատրյանը շեշտում է գնաճի բարձր մակարդակը, որը գերազանցում է նախատեսվող ավելացումները: ԿԲ-ի նախկին նախագահը նշում է, որ Կառավարության հռչակած կենսաթոշակային բարեփոխումները տապալվել են: Ծրագրավորված էր, որ 2011-ից պիտի աշխատեին պարտադիր ու կամավոր կուտակային ֆոնդերը: Քննարկումների արդյունքում որոշվել է, որ կամավորը հունվարի 1-ից շրջանառության մեջ կդրվի, իսկ պարտադիրը հետաձգվել է 2-3 տարով: Ըստ Բագրատյանի` առաջինն իրեն չի արդարացնի, իսկ պարտադիրը, որը պիտի իրագործեր բուն բարեփումների խնդիրը, հետաձգվեց. «Բանն այն է, որ կոալիցիոն կառավարությունները ստեղծված չեն լինում լուրջ քաղաքական խնդիրներ լուծելու համար: Սրանք ստեղծվում են յոլա տանելու, կոնկրետ ինչ-որ խնդիր լուծելու համար: Մեզանում կոնկրետ խնդիրը անձերի համակարգը պահպանելն է»:

Հարցին, թե արդյոք կրճատումների պատճառն այն չէ, որ միջոցները ուղղվելու են երկրի արտաքին պարտքի մարմանը, Ասատրյանն ասում է. «2009-ի ընթացքում բազմիցս ասվեց, որ 1,5 մլրդից ավել արտաքին միջոցներ ներգրավել պետք չէ: Տեսանք արդյունքը. մենք ամենավատ արդյունքը ցույց տվեցինք ԱՊՀ-ում: Հիմա մենք բոլորս պիտի վճարենք դրա համար: Սա ուղղակի ահազանգ է, որ որեւէ իշխանություն խնդիր լուծելու դեպքում այդքան հեշտությամբ չգնա արտաքին փոխառությունների: Վերցնելուց պետք է այնպես վերցնես, որից հետո բյուջեում կառաջանան մի քանի կետով եկամուտներ, որոնք եւ պետք է ապահովեն այդ պարտքի մարումը: 2011-ին 2009-ի համեմատ արտաքին պարտքի սպասարկման գումարը մոտ 80 տոկոսով ավելի է լինելու»:

Ընդդիմադիր գործիչն ավելացնում է, որ ՀԱԿ-ն իր «100 քայլ» ծրագրի գրեթե կեսը նվիրել է հարկային քաղաքականության բարեփոխումներին, ըստ որի` պետք է հարկվեն այն մարդիկ, որոնք այս տարիների ընթացքում ինչ-ինչ հանգամանքներում ունեցվածք են կուտակել. «Գույքահարկի շեշտակի բարձրացման խնդիրն է դրված: Որեւէ  լուծում տրվա՞ծ է այս բյուջեում: Եկամտահարկի մասին կոնկրետ հարցադրումներ են եղել: Դա այն հարկատեսակն է, որը պետք է վճարեն իրական եկամուտ ունեցողները: Այսօր այն վճարում են պետական ծառայողները եւ մի շարք նեղ ոլորտների ներկայացուցիչներ: Եկամտահարկը մեր բյուջեում  էական թիվ չի կազմում»:

Բ. Ասատրյանի ներկայացմամբ` 2009-ի համեմատ գյուղատնտեսության ծախսերը կկրճատվեն 42,4 տոկոսով: «Սրանով գյուղի խնդի՞ր է լուծվելու: Իհարկե ոչ: Գյուղն այսօր զրկված է պոտենցիալ հնարավորություններից: Պետությունը պետք է ենթակառուցվածքները վերականգնի: Մյուս տարի գոնե մի 300-400 կմ ճանապարհ կառուցվի, որ գյուղացիներին ապրելու շանս տրվի»,- ասում է տնտեսագետն ու հավելում, որ այլապես աճելու է արտագաղթը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter