HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Հեռուստաընկերությունների անաչառ «կողմնակալությունը»

Ընտրարշավի անցած ընթացքի քիչ թե շատ հանդարտությունը նաև հայաստանյան հեռուստաընկերությունների իրականացրած տեղեկատվական-քարոզչական քաղաքականության հետևանք էր: Մեծ հաշվով, լուրջ էքսցեսներ չեղան. հեռուստաընկերությունները, հիմնականում պահպանելով սահմանված կանոնները, ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին քարոզչության համար գրեթե հավասարաչափ եթերաժամանակ տրամադրեցին: Թե վերջիններս որքանով  կարողացան այս ռեսուրսն օգտագործել՝ ոչ այնքան կոնկրետ հեռուստաընկերություններից էր կախված, որքան քաղաքական ուժերի ֆինանսական ու ստեղծագործական հնարավորություններից:

Ընտրություններին մասնակցող հետնապահ քաղաքական ուժերը` ՀԿԿ-ն, ՀԴԿ-ն և «Միավորված հայերը», ի տարբերություն մյուսների, օգտվեցին միայն օրենքով իրենց հասանելիք քաղաքական գովազդի անվճար եթերաժամանակից` դա հիմնականում պայմանավորելով ունեցած սուղ միջոցներով: 

Ի տարբերություն նախորդ համապետական ընտրությունների, որոնց ժամանակ հեռուստաընկերություններն առաջնորդվում էին հիմնականում բացառման կամ հստակ տարբերակման սկզբունքով, ինչով անհավասար պայմաններ էին ստեղծում մրցակցության համար, այս անգամ գործում էին նախապատվության սկզբունքով: Այն քաղաքական ուժերը` ԲՀԿ, ՀՅԴ, որպես իշխանություն` ՀՀԿ-ն, որոնք իրենց ուղղակի կամ անուղղակի ազդեցության ներքո ունեին գործող հեռուստաընկերություններ` համապատասխանաբար «Կենտրոն», «Երկիր Մեդիա», Հանրային հեռուստաընկերություն, դրանցով թե ծավալային և թե բովանդակային առումով մի փոքր ավելի լավ ներկայացվեցին:

Նկատելի էր այս ուժերին ավելի համակողանի «մատուցելու» ձգտումը, որը, սակայն, ընդհանուր պատկերի մեջ այնքան էլ ընդգծված չէր: Չնայած դրան` Հանրապետական կուսակցության կողմից իրականացված` ՀՀ նախագահի մարզային աշխատանքային հանդիպումները կուսակցական ընտրարշավային այցելությունների հետ համատեղելը ՀՀԿ-ին ավելի շատ ժամանակ տրամադրելու հնարավորություն էր տալիս, որովհետև նախընտրական բնույթի հանդիպումները ևս ՀՀ նախագահն էր միանձնյա անցկացնում: Իսկ դա բավականին նուրբ մշակված, թաքնված քարոզչություն էր: Նույնը կարելի է ասել նաև «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի` հատկապես գյուղատնտեսական նշանակության բարեգործական ակցիաների վերաբերյալ անդրադարձերի մասին:

Չնայած ԲՀԿ-ն հայտարարում է, որ այդ հիմնադրամի հետ կապ չունի, սակայն դա ընդամենը կուսակցության կողմից բարեգործությամբ չզբաղվելու օրենսդրական արգելքի ֆորմալ կողմը պահելու նպատակ է հետապնդում: Բոլոր այդ ակցիաներն ուղղակիորեն կապվում են ԲՀԿ-ի հետ թեկուզ այն պատճառով, որ հիմնադրամի ղեկավարն այդ կուսակցության նախագահն է, որը ևս անձամբ է իրականացնում ԲՀԿ-ի քարոզարշավն ու հանրային հանդիպումները:

Հեռուստաընկերությունների գործունեության ամենադրական կողմերից մեկն այն էր, որ զերծ էին մնում հակաքարոզչությունից: Եթերը զգալիորեն բացվել էր

ընդդիմադիր ուժերի համար, որոնք բավականաչափ հնարավորություն ունեին ոչ լրատվական թողարկումների կամ քաղաքական գովազդների, այսինքն՝ հեռուստատեսային այլ ձևաչափերով հաղորդումներին մասնակցության միջոցով հանրությանը ներկայացնելու իրենց մոտեցումներն ու ծրագրերը տարբեր հարցերի վերաբերյալ: Միաժամանակ պահպանելով կոռեկտության չգրված օրենքները՝ հեռուստաընկերություններն իրենք էին ձգտում զերծ մնալ բացասական երանգավորում, որակումներ, սուր քննադատություն պարունակող մտքերից ու ձևակերպումներից` կենտրոնանալով զուտ փաստերի, բայց հատկապես նախընտրական ելույթներում հնչած մտքերի վրա: Այսպիսով նրանք զերծ էին մնում ընտրություններին մասնակցող ուժերի վերաբերյալ ուղղակի ձևով հստակ բացասական կարծիք ձևավորելուց` հնարավորություն տալով ընտրողին սեփական դատողությունները կատարել:

Եվ չնայած այս դրական տեղաշարժին` հեռուստաընկերությունների գործունեությունն առանձնացավ նաև բացասական երանգներով:

1. Էլեկտրոնային լրատվամիջոցները հերթական անգամ չկարողացան դառնալ քաղաքական երկխոսությունների հարթակ և նախաձեռնող: Չհաշված որոշ բացառությունները` չփորձեցին ձևավորել քաղաքակիրթ բանավեճի մշակույթ: Այս ընտրություններին ևս եթերից բացակայում էին բանավեճերը, որը երկու պատճառ ուներ: Մի դեպքում քաղաքական ուժերը, մեծամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող անհատներն իրենք էին խուսափում բանավեճից, թեև ընտրարշավի մեկնարկին հատկապես տրամագծորեն հակառակ ճամբարներում գտնվող ՀՀԿ-ի ու ՀԱԿ-ի ներկայացուցիչները միմյանց բանավեճի ձեռնոցներ էին նետում: Դրանցից, սակայն, կայացավ ընդամենը մեկը` Երևանի թիվ 2 ընտրատարածքում առաջադրված երկու թեկնածուները` Սամվել Ֆարմանյանը և Վլադիմիր Կարապետյանը, հրապարակային բանավեճի մեջ մտան «Արմնյուզ» հ/ը եթերով: Ու չնայած այն բավականին հեռու էր քաղաքակիրթ բանավեճ համարվելուց, սակայն գոնե փորձ էր: Մինչդեռ բանավեճի մյուս նախաձեռությունները տապալվեցին իշխանության օլիգարխ թեկնածուների կողմից, որոնք պարզապես հրաժարվեցին իրենց տված նախնական համաձայնություններից:

Հետաքրքրականն այն էր, սակայն, որ բանավեճ նախաձեռնելու ցանկություն չհայտնեցին ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից և ոչ մեկը, բացառությամբ, թերևս, ՀՅԴ-ի: Իշխող Հանրապետական կուսակցությունն առհասարակ հենց սկզբից որդեգրեց բանավեճերից հրաժարվելու քաղաքական կեցվածք, չնայած իրենց հավատալու պատճառները ներկայացնելու համար դրանից լավ ձևաչափ չէր կարող լինել: Իրականում սա պատասխանատվությունից խուսափելու, ընտրողների առջև հաշվետու չլինելու բացորոշ պահվածք էր:

Մյուս դեպքում հեռուստաընկերություններն իրենք նախաձեռնող չգտնվեցին: Բացառությամբ «Երկիր Մեդիա», «Արմնյուզ» և ինչ-որ չափով նաև «Կենտրոն» հեռուստաընկերությունների՝ մնացածները  բանավիճային հաղորդաշարի որևէ նոր ձեւաչափ չստեղծեցին: Դրանց առկայության դեպքում քաղաքական ուժերը գուցե պարտադրված կլինեին մասնակցելու հրավիրվող բանավեճերին` թեկուզ մյուսներից ետ չմնալու համար:

2. Ոչ հեռուստատեսությամբ եթեր գնացող քաղաքական գովազդի, ոչ էլ որևէ այլ ձևաչափով քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերը չհանրայնացվեցին: Դրանում թերացան թե կուսակցությունները, թե հեռուստաընկերությունները: Լրատվական թողարկումներում ուշադրությունը կենտրոնացած էր հանրային հանդիպումների և ելույթների վրա, որոնք շատ բան չէին կարող տալ՝ թեկուզ ընդհանրական ու որոշ դեպքերում զգացմունքային լինելու պատճառով: Հեռուստաընկերությունները դա կարող էին ապահովել հենց բանավիճային հաղորդաշարերի միջոցով, որոնք, ինչպես նշեցինք, պարզապես բացակայում էին եթերից:

Արդյունքում ընտրողը հայրենի հեռուստաեթերից հասցրեց միայն իմանալ, թե որ կուսակցությունը տվյալ օրը որ մարզում, որ քաղաքում է հանդիպումներ ունեցել և մոտավորապես ինչի մասին է խոսել: Եվ քանի որ բոլորը հիմնականում նույն տոնայնությամբ նույն բաների մասին էին խոսում, միայն հեռուստաեթերին հետևելով՝ ընտրողը կողմնորոշվելու գրեթե ոչ մի հնարավորություն չունեցավ, մանավանդ եթե նկատի առնենք, որ քաղաքական ուժերն իրենք էլ շեշտադրումը կատարում էին ավելի շատ վճռական, քան համոզիչ երևալու վրա: Այս ընդհանուր մոտեցումը թուլ չտվեց հեռուստաընկերություններին փորձել նպաստել նախընտրական ծրագրերի նկատմամբ հանրային պահանջարկի ձևավորմանը:

3. Երկու հեռուստաընկերություններ` «Արմնյուզը» և «Շանթը», առանձնացան սոցիալական հետազոտություններ պատվիրելով ու դրանց արդյունքները հրապարակելով: Արտաքուստ դա արվում էր լրիվ անմեղ` հանրային տրամադրությունների դինամիկան ներկայացնելու նպատակով: Սակայն հանրությանն այդպես էլ անհայտ մնաց, թե բավականին սուղ միջոցներ ունեցող այս հեռուստաընկերություններն ինչպես կարողացան նման թանկարժեք հետազոտություններ պատվիրել:

Հաշվի առնելով նաև ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի` ներկայացված վարկանիշների խիստ կասկածելիությունը, հանրային տրամադրությունները և վարկանիշները բնորոշող հիմնական տվյալների որոշ անհամատեղելիությունը, հեռուստաընկերությունների այս նախաձեռնությունն ավելի շատ արդյունքների օբյեկտիվության հետ կապված կասկածներ առաջացրեց, հատկապես երբ պարզ դարձավ, որ միջազգային քիչ թե շատ հեղինակավոր սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոններն իրենց այս հարցումներն արել էին տեղական մասնագիտացված, բայց հեղինակազրկված կազմակերպությունների ու սոցիոլոգների միջոցով:

Հեռուստաընկերությունների միջոցով նման հարցումների անցկացումը պարզապես օբյեկտիվության պատրանք ստեղծելու նպատակ էր հետապնդում՝ նրանց դարձնելով ընտրողներին դեպի ՀՀԿ-ն տրամադրելու քարոզչական գործիք: Սա աշխատանք էր ոչ թե հանրային գիտակցության, այլ` ենթագիտակցության հետ: Թեև իրենց լրատվական քաղաքականությամբ այս հեռուստաընկերություններն ընդգծված անկողմնակալություն էին հանդես բերում, սակայն ընտրողներին սկսեցին կողմնորոշել քաղաքական տեխնոլոգիաների` տվյալ դեպքում սոցհարցումների միջոցով: Սա, իհարկե, քարոզչության բոլորովին այլ, ավելի պրոֆեսիոնալ մակարդակ է: Թե որքանով է բարոյական, ու որքանով է տեղավորվում հեռուստաընկերությունների գործառույթների ու առաքելության համատեքստում, քննարկելու հարց է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter