HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կապանի 6 գյուղերում մարդիկ անորոշության մեջ են, բայց Կապան-Ճակատեն ճանապարհի փակումը սպասելի էր

Այսօր կեսգիշերին՝ ժամը 00:00-ից, Սյունիքի մարզի Կապան-Ճակատեն ճանապարհին գործարկվել է ադրբեջանական անցակետ։ Այդ ձեւով դադարեցվել է Կապանից տեղաշարժը դեպի Ճակատեն, Սրաշեն, Շիկահող, Ծավ, Շիշկերտ եւ Ներքին Հանդ գյուղեր։

Ներքին Հանդի վարչական ներկայացուցիչ Խաչատուր Բաղդասարյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ անցակետի տեղադրումն անսպասելի չէր իր համար։ «Որոտանից հետո անսպասելի չէր ճանապարհի փակումը։ Որոտանը որ փակեցին, մենք էլ սպասում էինք, որ մի օր էլ մերն են փակելու»,- ասում է նա։

Այսօր առավոտյան Կապանից Ներքին Հանդ ավտոբուս է փորձել գնալ, սակայն չի կարողացել տեղ հասնել։ Գյուղ չի կարողացել հասնել նաեւ Կապանից եկող դպրոցի տնօրենը։

Խ. Բաղդասարյանի խոսքով՝ եթե Կապան գնալու հարց լինի, պետք է Ծավ-Մեղրի-Քաջարան-Կապան ճանապարհով գնան։ Այդ դեպքում պետք է մոտ 130 կմ ճանապարհ անցնեն, մինչդեռ Ներքին Հանդից Ճակատենով դեպի Կապան ճանապարհը 36 կմ է։

Այսօր գյուղ հաց տարել են Ծավից, որտեղ հացի արտադրամաս է գործում։ Վարչական ներկայացուցչի խոսքով՝ պայմանավորվածություն կա դեռ այդ ձեւով լուծել հացի հարցը։ Սակայն լուծման տարբերակ չկա մարդկանց առողջական խնդիրների պարագայում։ «Այսօր եթե շտապօգնության խնդիր լինի, էլի դժվար է։ 130 կմ մինչեւ հիվանդին տեղափոխեն, խնդիր է»,- նկատում է նա։

Այս պահին այլընտրանքային ճանապարհը Մեղրիով Կապան հասնելն է, սակայն կա նաեւ Ճակատեն-Գեղանուշ-Կապան ճանապարհը։ Այն, ըստ Խաչատուր Բաղդասարյանի, 1990-ականներին գործում էր։ «Հետքի» զրուցակիցը նաեւ նշում է, որ եթե աշխատանք տանեն, ապա մարդատար մեքենաները կարող են անցնել Գեղանուշի հատվածով։

Այսօր տեղ չեն կարողացել հասնել նաեւ Կապանից Սրաշեն գնացող ուսուցիչները: Սրաշենի վարչական ներկայացուցիչ Անահիտ Բաղդասարյանի փոխանցմամբ՝ ստիպված անցել են հեռավար ուսուցման։ Նրա խոսքով՝ Սրաշենի խանութներում դեռ նպարեղենի պաշար կա, հաց գնում են հարեւան գյուղից՝ Ծավից, սակայն եթե սպառվի, պետք է գտնեն լուծման տարբերակներ։

«Անորոշություն է մեզ մոտ։ Չգիտենք՝ ինչ է լինելու։ Էն օրվանից, երբ թուրքը տեղակայվել է Ճակատենի մոտ, անհանգստություն է ստեղծվել գյուղում։ Իսկ ճանապարհը փակելու օրը հեռու չէր, սպասում էինք, որ էդպիսի միջադեպեր լինելու են։ Էս պահին մենք շրջափակման մեջ ենք»,- նշում է նա։

Ծավ գյուղի վարչական ներկայացուցիչ Սեյրան Զաքարյանն էլ ասում է, որ այս պահին գյուղի կապը Կապանի հետ կտրված է, եւ առայժմ միակ ճանապարհը Մեղրիով անցնելն է, քանի դեռ Գեղանուշի այլընտրանքային ճանապարհը պատրաստ չէ։

Նրա խոսքով՝ այս պահին Ծավում գործող արտադրամասն է մոտակա գյուղերին ապահովում հացով, եթե ալյուրը վերջանա, ապա Մեղրիով կբերեն, մինչեւ Գեղանուշի ճանապարհը պատրաստ կլինի։

«Ճանապարհին ուղղակի կանգնել են, փակել։ Ռուս սահմանապահ զորքը եւս տեղակայված է այդտեղ եւ չի թողնում անցնել։ Երկու կողմերն էլ չեն թողնում տեղաշարժ։ Իսկ ճանապարհի փակումը, այո, սպասելի էր մեզ համար, եւ մենք մտածում էինք, որ այլընտրանքային ճանապարհ պետք է ունենանք»,- ասում է Ծավի վարչական ներկայացուցիչը։

Լուսանկարը՝ «Հետքի», արխիվային

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter