HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Եթե երեխան չի հաճախում կրթական հաստատություն, դա հիմնականում ծնողավարության խնդիր է

14-ամյա Գեւորգ, 12-ամյա Ռուդիկ եւ 10-ամյա Վարդան Եղիազարյաններին Գյումրիի թիվ 1 գիշերօթիկում ու թիվ 41 դպրոցում վերջին անգամ տեսել են 2011թ.-ի դեկտեմբերին: Այս երեխաները համարվում են պարբերաբար կրթությունից դուրս մնացածներ, այսինքն` ուսումնական տարվա կտրվածքով նրանց բացակայությունները կազմում են 4-ից 5 ամիս: Երեխաները դպրոց հաճախում են ծնողի քմահաճույքով:

«Դեկտեմբերի 21-ից 24-ը եկան Գեւորգն ու Ռուդիկը, ամանօրյա նվերները ստացան, գնացին ու հաստատություն չեն եկել դրանից հետո: Մենք ենք մի քանի անգամ այցելել իրենց տուն, խոսել հետները, հայրը խոստացել է հենց հաջորդ օրը բերել ու կրկին խոստումը չի կատարել,-ասում է Գյումրիի թիվ 1 գիշերօթիկի տնօրեն Գինուշ Զատիկյանը,-հետո պատճառաբանեցին, որ մայրը Նոր տարուց հետո երեխայի հետ հիվանդանոցում է պառկած եղել, մեծերը մնացել են, որ փոքրին խնամեն»:

Տերյան 94ա շենքի մեկսենյականոց բնակարաններից մեկում են ապրում Եղիազարյանների 8 անձից բաղկացած ընտանիքը: Հարկավոր մուտքն ու բնակարանը երկար փնտրելու հարկ չեղավ (ինձ զգուշացրել էին, որ տանը տիրող գարշահոտը տարածվում է ամբողջ մուտքով մեկ, այնպես որ հեշտ կլինի գտնել): Այցիս պահին ընտանիքը ողջ կազմով տանն էր: Բացի երկու ավագ տղաներից, մնացած երեխաները իրենց բնական կարիքները հոգում էին ոչ թե զուգարանում, այլ`հագուստի մեջ ու հավանաբար տան գաղջ օդն էլ հենց դրանով էր պայմանավորված: Հյուրասենյակ-ննջարան կոչված հատվածում եւ խոհանոցում առկա կահույքն անասելի կրծոտված վիճակում էր:

Արմինե Եղիազարյան Գառնիկ Եղիազարյան

Գյումրեցի 45-ամյա Գառնիկ եւ 37-ամյա Արմինե Եղիազարյանների ընտանիքում միայն տղաներ են ծնվում: Նրանցից մեծը 14 տարեկան է, փոքրը`1 տարեկան: 7 երեխաներից մեկը մահացել է 2 տարի առաջ 7 ամսական հասակում`սրտի արատից: Տղաներից երեքը դպրոցական են: 8-ամյա Սամվելիկը չի խոսում, ծնողների ասելով` երեխան ինչ-որ հիվանդություն էլ ունի, բայց քանի որ իրենք չեն կարողանում Երեւան տանել մասնագետի մոտ, չգիտեն, թե ինչով է տառապում տղան:

Եղիազարյանների բյուջեն ձեւավորվում է երեխաների համար տրվող ամենամսյա 57 հազար  դրամ նպաստի եւ Գառնիկի պատահական աշխատանքով վաստակած գումարների հաշվին: Գառնիկն էլ, Արմինեն էլ հայտարարեցին, որ իրենց որեւէ մեկը չի աջակցում, թեպետ երեխաների հագուստներին գրված օտարալեզու արտահայտություններից հեշտությամբ կարելի էր գլխի ընկնել, որ այսպես ասած` «օգնության շորեր» են: Դպրոց չուղարկելու փաստը արդարացրեցին գումարի սղությամբ, թեպետ տղաները ապրում էին գիշերօթիկում եւ միայն շաբաթ-կիրակի էին տուն գալիս, իսկ հանրակրթական դպրոցը գիշերօթիկի հարեւանությամբ է ու այստեղ գումարի կամ մեծ տարածություն անցնելու խնդիր չկար: Հետո հիշեցին, որ Սամվելիկի ոտքն էր կոտրվել, ու քանի որ Արմինեն, իրենց պնդմամբ, 3 ամիս հիվանդանոցում է եղել, ավագ տղաները մնացել են տանը, որ խնամեն փոքրերին:

 

Տղաներից մեծը`

Եղիազարյանների խոհանոցը 14-ամյա Գևորգը

Գեւորգը, սովորում է 4-րդ դասարանում, Ռուդիկը` 3-րդ եւ Վարդանն` 1-ին դասարանում: Ավագ եղբայրները նախկինում գրանցված են եղել թիվ 3 հատուկ դպրոցում, սակայն երբեւէ չեն հաճախել: Կրթությունից դուրս մնացած Եղիազարյաններին հայտնաբերել է մարզպետարանի աշխատակազմի Ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժինն ու ուղղորդել թիվ 1 գիշերօթիկ: Բաժնի պետ Լուսինե Գինոսյանի հավաստմամբ, Եղիազարյանների բազմանդամ ընտանիքն ընդգրկված է աջակցության բոլոր տեսակի ծրագրերում:

«Իրանք վատ երեխաներ չեն, մենք պիտի փորձենք աշխատել ծնողների հետ,-նկատում է գիշերօթիկի տնօրեն Գինուշ Զատիկյանը,-մեր սոցիալական աշխատողները որոշակի աշխատանք տանում են, բայց դեռ անարդյունք է: Չգիտենք` ինչ մեխանիզմ կիրառենք, որ հասկանան, որ գոնե տարրական կրթություն իրենց երեխաները պետք է ստանան: Սկզբում ընդհանրապես չէին բերում, հիմա համեմատաբար առաջընթաց կա, թեպետ էն փոքրին` Վարդանին էլի դպրոցում դժվար է տեսնել»:

Եթե երեխան չի հաճախում կրթական հաստատություն, դա հիմնականում ծնողավարության խնդիր է, նկատում է Լուսինե Գինոսյանը, իսկ գործուն մեխանիզմներ հիմնականում չկան այդ խնդրին հիմնովին լուծում տալու համար: Աշխատանք մշտապես տարվում է նմանատիպ ծնողների հետ: Նրանց բացատրվում է, որ կենթարկվեն վարչական պատասխանատվության, իսկ հետո, շարունակվելու դեպքում` քրեական պատասխանատվության: Եղիզարյանների դեպքում տարվող աշխատանքների օգտակարության գործակիցն առայժմ ցածր է: «Եթե թեկուզ ծնողներից մեկն ու մեկը ունի մտավոր խնդիր, մեր աշխատանքը կրկնակի բարդանում է,-ասում է Լուսինե Գինոսյանը,-այլ երկրներում երեխաներին այդ տիպի ծնողներից վերցնում են, մեր մոտ այդպիսի գործուն կարգ գրեթե չի կիրառվում»:

Գիշերօթիկի տնօրեն Գինուշ Զատիկյանն ասում է, որ ընտանիքի հայրը` Գեղամ Եղիազարյանը, ոչ միշտ է սթափ վիճակում լինում: Որպեսզի խոսես ու նորմալ պատասխան ստանաս, առնվազն պիտի առավոտ 7-ին այցելես նրանց, իսկ մորը ձեռնտու է, որ երեխաները մնան տանը: «Ամեն անգամ մենք, որ այդ երեխաներին բերում ենք հաստատություն, նրանց, կարելի է ասել, միանգամից տանում ենք բաղնիք, շորերն ենք փոխում: Ահավոր հակահիգիենիկ պայմաններում են ապրում Եղիազարյանները: Եղբայրները, երբ նոր էին եկել գիշերօթիկ, սեղանից օգտվելու, անգամ գդալ բռնելու ձեւը չգիտեին: Մայրն ընդհանրապես չի հետեւում երեխաներին, տունը կեղտի մեջ է ու այդ միջավայրում 6 երեխա է մեծանում»,-շեշտում է տիկին Զատիկյանը:

Ըստ գիշերօթիկի տնօրենի` անկանոն հաճախումներով հանդերձ տղաների մոտ առաջընթաց  է գրանցվել` դարձել են տառաճանաչ, որոշ չափով գիտեն բազմապատկման աղյուսակը: «Երկու տարուց ավելի է մեր գիշերօթիկում են այդ երեխաները ու ամեն անգամ նրանց տուն գնալուց հետո չգիտենք, թե երբ կվերադառնան: Եղել է դեպք, որ մեր սոցիալական աշխատողները գնացել են, փորձել են տանից բերել երեխաներին, թատրոն է սարքել ծնողը շենքի դուռը, հարեւաններն են հավաքվել, միջամտել են, թե մի տարեք, որ ուզում են տանը մնալ, թող մնան, այ էս տեսակ խնդիրների ենք բախվում: Ոստիկանության միջամտությանն էլ ենք դիմել, բայց ինչպես տեսնում եք, հունվարից հետո նրանք չեն եկել, վերջին անգամ, որ ես Արմինեին փողոցում տեսա ու ասեցի, որ գոնե Գեւորգին ու Ռուդիկին ուղարկեն դպրոց, ինձ պատասխանեց թե. «Քա դե մնաց ամիսմ, դպրոցները կպրծնին, էլ ուր ղրգեմ, գան ինչ էնեն, թող մնան տունը,-պատմում է գիշերօթիկի տնօրենը,-ծնողը, երբ հասկացավ, որ մի երեխային չպիտի մեծացնի մյուսի հաշվին, այդ դեպքում նոր մենք կհասնենք արդյունքի»:

Մեկնաբանություններ (1)

marine
5 erexaneri het mnazel em urishi plek tan@ mayrs tun@ vacarez menk el mnazing pateri tak 4 txa unem ete ekav kanaki vaxt@ chem toxalu tanen vochmi ognutyun petutyuniz cumem

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter