HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սալմա. մի ձիու պատմություն

Մեկ տարի առաջ

Ես միշտ երազել եմ սեփական ձի ունենալ: «Վախեցիր երազանքիցդ, այն կարող է իրականանալ», – պտտվում էր գլխումս, երբ անձրեւի տակ կանգնած նայում էի առաջին սեփական ձիուս, որի համար հենց նոր վճարել էի ընդամենը 100 000 դրամ: Սովորական գյուղական ձին, որ կանգնած էր առջեւս եւ մի տեսակ վերացական հեզությամբ ու անտարբերությամբ ծամում էր խոտը, բոլորովին նման չէր երազածս ձիուն:

Կեղտոտ, անհասկանալի գույնի մաշկ, ցցված ոսկորներ, անճոռնի կախված փոր, այդքան փոքր մարմնի համար չափազանց մեծ գլուխ: Ձին ետ էր քաշում գլուխը, երբ փորձում էի շոյել, հնազանդորեն քայլում էր ախոռից արոտավայր եւ ետ, ուներ մի տեսակ «քշված եւ ծեծված» տեսք:

«Հեծնել նրան չեմ պատրաստվում (չեմ սիրում կարճահասակ ձիեր), հիպոթերապիայի մեջ չեմ օգտագործելու (ամենայն հավանականությամբ, նա շորորավազքով է վազում),- մտածում էի` շարունակելով զննել,- նրա համար վճարած փողի մի մասը պարտք եմ վերցրել եւ չգիտեմ, թե ինչպես եմ վերադարձնելու: Իսկ նրան դեռ պետք է պահել»:

Ինչ-որ մի տեղ, հոգուս շատ խորքում հասկանում էի, որ ճիշտ եմ վարվել, եթե ոչ ինքս իմ, ապա գոնե ձիու հանդեպ: Սակայն մի մասնիկս, այնուամենայնիվ, դժգոհում էր գնածիցս:

Ձի գնելը բոլորովին չէր մտնում հիպոթերապիայի մեր կենտրոնի ծրագրերի մեջ: Նրա տերը` մի ծանոթ գյուղացի, մի օր բերեց նրան մեզ մոտ ու խնդրեց գնորդ գտնել ձիու համար, թե չէ… կմորթի:

«Ինձ շտապ փող է պետք»,- բացատրեց նա: Ասաց, որ ձին ութ ամսական հղի է, եւ որ վերջին մեկուկես ամիսը սնվել է միայն դդումի կեղեւներով: Մենք ցնցված սկսեցինք գնորդ փնտրել:

Սակայն բոլորը միայն քմծիծաղով էին արձագանքում նրա պահանջած 150.000 դրամին: Վերջապես նա ինքը գտավ գնորդ` մսագործի, ով պատրաստ էր ձին գնել 70-80.000 դրամով:

Հետաքրքիր էր, որ գյուղացին համաձայն էր այդ գնով վաճառել մսագործին, բայց ոչ այլ գնորդի: Մենք աղաչեցինք սպասել եւս երեք օր` խոստանալով անպայման գնորդ գտնել: Նա սպասեց:

Ձին թողեց մեզ մոտ: Իսկ երրորդ օրը եկավ մսավաճառի եւ նրա մեծ դանակի հետ: Հյուծված ձին միայն նայեց դանակին ու կախեց գլուխը: Այդ հայացքն ավելի ազդեցիկ էր, քան մսավաճառի մեծ դանակը:

Ասացինք, որ գնում ենք ձին 100.000 դրամով եւ երկու օրից կվճարենք նրան գումարը: Գումարն, առանց չափազանցության, փնտրում էինք ողջ աշխարհում` նամակներ ուղարկելով ընկերներին ու ծանոթներին:
Հաջորդ օրվա վերջին անհրաժեշտ գումարը հավաքվեց Ռուսաստանից եւ Գերմանիայից: Այդպես մեր ախոռում հայտնվեց Սալման:

Ամեն առավոտ ես մաքրում էի ձին կոշտ խոզանակով, սանրում էի խճճված բաշը ու… ամբողջ ուժով փորձում էի սիրել նրան: Գերհյուծվածության պատճառով մեծ էր հավանականությունը, որ ձին առհասարակ չի ապրի:

Դա առաջացնում էր խղճահարություն, սրտի ծակոց, բայց ոչ սեր: Պարզվեց, որ իրականում Սալման արդեն վաղուց հղի չէ, կորցրել է մտրուկին դեռ մի քանի ամիս առաջ:

Հետո իմացանք ավելի սահմռկեցուցիչ մանրամասներ: Մինչ այդ Սալման ունեցել էր երկու մտրուկ: Մեկին կերել էր գայլը` ծառից կապած մոր աչքերի առջեւ, մյուսին մորթել էր տերը` դարձյալ մոր աչքերի առջեւ: Դա ուժեղացնում էր խղճահարության զգացումը, առաջացնում էր զայրույթ, ատելություն տիրոջ հանդեպ, բայց դարձյալ` ոչ սեր ձիու նկատմամբ:

Ձին, ընդ որում, պատասխանում էր նույն տեսակի անտարբերությամբ: Մարդը ստեղծվել էր, որ տանջեր իրեն` տոննաներով ջուր բարձելով, որը պետք է տաներ մի քանի կիլոմետր, ցախ, որի տակ կքված` ձին հազիվ էր երեւում, երկար ժամեր թողնելով առանց ջրի, զրկելով խոտից, որ վերջում էլ հանձներ մսագործին: Տեսնես էս նոր մարդիկ ի՞նչ նոր տանջանքներ են մոգոնելու…

Մեկ տարի անց

Կանգնած ձիավարժարանի մեջտեղում` հետեւում եմ Սալմային, որին հեծնել է մեր աշակերտներից մեկը: Դարձյալ թեթեւ անձրեւ է մաղում, ինչպես այն օրը, երբ Սալման հայտնվեց մեր ախոռում:

Սալման վազում է` ոտքերը բարձր կտրելով գետնից ու պոչը վեր ցցած: Կարծես անդալուզյան նժույգ լինի: Աշակերտուհու ձեռքերը փափուկ են ու նուրբ. Սալման նրան շատ է սիրում ու նրա հետ միշտ հաճույքով է վազում:

Երեկ հիպոթերապիայի մեր կենտրոն հյուր էր եկել երեխաների մի խումբ, որոնք Սալմային համարեցին մեր ախոռի ամենագեղեցիկ ձին: Հիպոթերապիայի պարապմունքներին հաճախող երեխաները խնդրում են նստեցնել իրենց հենց Սալմայի վրա:

Ձիավորները անընդհատ ինչ-որ ցեղատեսակներ են փնտրում նրա մեջ` պնդելով, որ նա շատ նրբագեղ եւ գեղեցիկ է գյուղական ձիու համար: Մեր հովատակները խելագարվում են Սալմայի համար: Ու կարեւորը` ես «ամպի չափ» սիրում եմ նրան…

Երբ պարզեցինք, որ Սալման ամենեւին էլ հղի չէ, եւ երբ նա ապաքինվեց այնքան, որ կյանքին այլեւս ոչինչ չէր սպառնում, սկսեցինք աշխատել նրա հետ: Սալման սկսեց վազել պարանով:

Պարզվեց, որ նրա վազքն ամենեւին էլ շորորավազք չէ. Սալման նույնիսկ կարող է մեր ազնվացեղ ձիերին ճիշտ վազք սովորեցնել: Աստիճանաբար Սալմայի ցցված ոսկորները սկսեցին ծածկվել մսով ու մկաններով, անճոռնի կախված փորն անհետացավ:

Ղաշաբից, խոզանակից եւ շամպունից հետո պարզվեց, որ նա գեղեցիկ, փայլուն մուգ աշխետ գույնի է: Սկսեցինք հեծնել նրան: Նրա փափուկ վարգը եւ քառատրոփն անփոխարինելի են դաշտերում:

Աստիճանաբար կեղեքված հոգեբանությամբ ձին սովորեց կրկին վստահել մարդուն: Սովորեց սիրել, սպասել ու կարոտել նրան: Ինձ տեսնելիս Սալման խրխնջում է` կամաց ու քնքույշ:

Եթե անմիջապես չեմ մոտենում նրան, որ բարեւեմ ու շոյեմ, խրխնջոցը դառնում է նեղացկոտ: Երբ ծարավում է, խրխնջում է բարձր ու պահանջկոտ: Երբ պարանը փաթաթվում է ծառին, որին կապված` նա խոտ է արածում, Սալման խրխնջում է երկար ու զգուշացնող:

Հիպոթերապիայի պարապմունքներին հաճախող երեխաներին Սալման միանգամայն տարբերում է աշակերտներից, որոնք պարզապես ձիավարել են սովորում: Աշակերտների հետ նա խորամանկ հոգեբան է. պետք է կենտրոնացած լինես ամեն րոպե, մի սխալ, եւ Սալման կարող է հանգիստ տանել հեծյալին դեպի ախոռը:

Ընդ որում, երբ հեծյալը բարկանում է նրա կամակոր արարքի վրա, Սալման գլուխը շրջում է ու լայն բացած անմեղ աչքերով նայում մարդուն, կարծես ասելով. «Սա չէ՞ր ուզածդ: Ներիր, սխալ հասկացա»: Հեծյալն ավելի է բարկանում, անվանում նրան խորամանկ, նենգ, խոստանում, որ էլ մոտիկ չի գա Սալմային, ու հաջորդ անգամ կրկին խնդրում է հեծնել նրան:

Իսկ երեխաների հետ Սալման միանգամայն ուրիշ է: Նրա քայլը դառնում է ավելի դանդաղ ու զգույշ: Երբ հավասարակշռության խնդիր ունեցող երեխան սահում է կողքի, Սալման բարձրացնում է կոնքը եւ ետ տեղավորում երեխային:

Երբեմն ինձ թվում է, որ նա երեխաների վրա է տարածում այն ողջ հոգատարությունը, սերն ու քնքշանքը, որ չի կարողացել տածել իր վաղամեռիկ քուռակների վրա:

Վերջերս նրա նախկին տերն էր եկել:

«Ինչ գեղեցիկ ձի է,- ասաց նա` մոտենալով Սալմային,- իսկ իմ ձին ու՞ր է»:

«Դու կանգնած ես նրա կողքին»,- ասացի ես:

Նա քիչ էր մնում խեղդվեր: Մոտեցավ Սալմային, ձեռքը պարզեց, որ շոյի: Սալման սրընթաց ետ քաշեց գլուխը, սեղմվեց ախոռի պատին: Նրա շրթունքները դողում էին: Հետո գլուխը դանդաղ թեքեց ու նայեց ինձ: Հարցական: Երկյուղով: Հույսով:
Ես ամուր գրկեցի նրա փայլուն, թավշե վիզը ու շշնջացի, որ երբեք-երբեք, ոչ մի գանձի դիմաց չեմ բաժանվի իրենից:

Իսկ տիրոջն ասացի, որ եթե իմանայի, թե ինչ գանձ եմ ձեռք բերում, կվճարեի իր ուզած 150. 000 դրամը: Գյուղացին ագահ էր ու ապերախտ: Իսկ դա իմ փոքրիկ վրեժն էր Սալմայի համար:

Մեկնաբանություններ (1)

Սարգիս
Չկա

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter