HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Աղվան Վարդանյանը հույս ունի, որ ՀՅԴ-ն կհավաքի ձայների առնվազն 20 %-ը

ՀՅԴ նախընտրական քարոզարշավի համակարգող Աղվան Վարդանյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ այժմ նախընտրական լարվածությունը մեծանում է: Նա հորդորեց բոլոր քաղաքական մրցակիցներին պահպանել քաղաքակիրթ մրցակցության կանոնները, քանի որ «ճակատամարտի դուրս չենք եկել», և ընտրություններից հետո ամեն ուժ շարունակելու է իր գործունեությունը: Պետք է ամեն ինչ անել, որպեսզի ընտրություններն ընթանան խաղաղ և հանգիստ:

Նրա խոսքով` այս ընթացքում ՀՅԴ-ն կարողացել է կազմակերպել արդյունավետ քարոզարշավ, ներկայացնել իր առավելություններն ու տարբերությունները մյուս քաղաքական ուժերի նկատմամբ: ՀՅԴ-ի ներկայցրած նախընտրական ծրագիրը ռեալ է և բազմաշերտ, այն հնարավոր է իրականացնել առաջիկա 5 տարիների ընթացքում:

Ա. Վարդանյանը կարծում է, որ այժմ լրատվամիջոցներն ուղղորդվում են մեկ կենտրոնից` նախագահական նստավայրից, ինչը բացասաբար է անդրադառնալու հետագայում ազատ լրատվամիջոցներ ունենալու վրա:

Այն դիտարկմանը, թե ուղղորդված է աշխատում նաև «Երկիր» թերթը և «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը, Ա. Վարդանյանը նշեց, որ իրենք աշխատում են, որ ՀՅԴ-ն համակրող լրատվամիջոցները հնարավորինս անաչառ լուսաբանեն իրադարձությունները, սակայն «իդեալական ոչինչ չի լինում»:

Նրա խոսքով` այս ընթացքում փորձ է արվում վարկաբեկել ՀՅԴ-ն` շահարկելով այդ քաղաքական ուժի` ժամանակին կոալիցիայի մաս լինելը, վատաբանելով առաջին դեմքերին, ինչպես նաև նշելով, թե կա տարաձայնություն ՀՅԴ շարքային կուսակցականների և առաջնորդների միջև: Սակայն Ա. Վարդանյանը համոզված է, որ այդ շահարկումներն անհիմն են. ՀՅԴ-ն շարունակում է մնալ միասնական թիմ:

«Այսօր մենք ընդդիմություն ենք, ամենակարգին ընդդիմությունն ենք», - հայտարարեց Ա. Վարդանյանը:

Նրա խոսքով` փորձ է արվում ներկայացնել, թե ընդդիմությունը միայն նա է, ով «գիշեր-ցերեկ հայհոյում է, փողոցներից դուրս չի գալիս, ամեն ինչ անում է, որ միայն ինքը գա իշխանության, երկիրը տանում է ցնցումների ճանապարհով», այնինչ դա իրական ընդդիմություն չէ:  

Ա. Վարդանյանը հույս ունի, որ այս անգամ ընտրությունները կլինեն արդար, և այլևս քաղաքական ուժերը կկարողանան զբաղվել երկրի զարգացմամբ, և այնպես չլինի, որ կրկնվի 4 տարվա առաջվա պատմությունը ու երկիրը հայտնվի ցնցումների մեջ:

Ա. Վարդանյանը համոզված է, որ ՀՅԴ-ն կլինի խորհրդարանում, կհավաքեն հնարավորինս շատ ձայներ` առնվազն 20%: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter