HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Իկիլիկյան» դաշինքը դուրս է մնացել ընտրապայքարից. Վարդան Իկիլիկյանը կատարվածը համարում է քաղաքական վենդետա

«Մրցակցին չեզոքացնելու ձեւերի մեջ խտրականություն չդնող կուսակցության համար ամենայն հավանականությամբ ես ուժեղ մրցակից էի, այլապես իրենք կգնային ազնիվ մրցապայքարի,- ասում է Ազատան համայնքի երկարամյա ղեկավար, «Իկիլիկյան» դաշինքի ցուցակը գլխավորող Վարդան Իկիլիկյանը,-բայց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որոշեց օգտվել առիթից, որ մենք դատական քաշքշուկի մեջ ենք ու արեց իր քայլը՝ օգտագործելով ճնշումներ կիրառելու արատավոր փորձը»:

Դեկտեմբերի 5-ին Շիրակի մարզում ՏԻՄ ընտրություններ են լինելու: Երեք համայնք՝ Ամասիա, Ախուրյան, Աշոցք, կրկին խոշորանալու են, Արթիկում խոշորացման ծրագիրն առաջին անգամ է իրականացվելու, իսկ Անի համայնքում ընտրություններ չեն լինելու: «Իկիլիկյան» դաշինքը հայտ էր ներկայացրել մասնակցելու Ախուրյան համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին: Ախուրյանը մեկ անգամ արդեն խոշորացվել էր 2017թ.-ին՝ Ախուրյան կենտրոնով եւ 7 գյուղական բնակավայրով: Այս ընտրություններով վերականգնվում է խորհրդային տարիների շրջանային մոդելը՝ վերամիավորվում են Ախուրյանի նախկին տարածաշրջանի բոլոր գյուղերը: Ընտրության արդյունքում Ախուրյան խոշորացված համայնքին է միանում 2017թ.-ին խոշորացված Մարմաշեն համայնքը (15 գյուղ), եւ որեւէ փնջում չներառված եւս 10 գյուղ՝ Ազատան, Ղարիբջանյան, Երազգավորս, Գետք, Ախուրիկ, Առափի, Ոսկեհասկ, Հայկավան, Բենիամին, Բայանդուր:

Ազատանը Ախուրյանի նախկին տարածաշրջանի մեծությամբ երկրորդ համայնքն է՝ մոտ 6 հազար բնակիչ: 2008թ.-ից համայնքը ղեկավարում է Վարդան Իկիլիկյանը: Խոշորացման ծրագրին Ազատանի բնակիչները դեմ են արտահայտվել դեռեւս 4 տարի առաջ՝ մտավախություն ունենալով, որ միացվող փոքր գյուղերի խնդիրների վրա արվող ծախսերը 2-3 տարով կկասեցնեն իրենց համայնքի զարգացումը: Ըստ խոշորացման փնջային մոդելի, Ազատանին էին միանալու Բենիամին, Երազգավորս, Ղարիբջանյան, Գետք, Բայանդուր գյուղերը:

«Բոլոր համայնքներում խոշորացման գաղափարը բնակչության կողմից ընդունվել է սվիններով, բոլոր հանրային քննարկումները հիմնականում տապալվել են, սակայն չգիտես ինչու համայնքներից ստացած դժգոհությունները վերեւներում ներկայացվել են, որպես ղեկավարող համայնքապետերի անձնական դիրքորոշում: Իմ կարծիքով, երկրի համար համայնքների խոշորացումը ժամանակավրեպ է: 1996թ.-ին, երբ ձեւավորվեցին ՏԻՄ-երը, այն համայնքները, որոնք ունեին պոտենցիալ եւ ճիշտ ղեկավարում, սկսեցին զարգանալ: Իհարկե արդյունքները բավական ուշ երեւացին: 2010-12թթ.-ին, երբ սկսեցին խոսել խոշորացման մասին, կարող եմ ասել, որ շատ համայնքներ արդեն կայուն զարգացման ճանապարհն էին բռնել: Հիմա ես ուզում եմ հասկանալ, եթե այդքան վատն էին նախկին շրջսովետները՝ ինչու՞ 25 տարի առաջ կազմալուծեցին, ինչու՞ գյուղերին տվեցին ինքնուրույնություն, հիմա էլ վերադառնում են հնին»,- հարցնում է զրուցակիցս:

Երկրում` 2016թ.-ից սկսված համայնքների խոշորացման ծրագիրը, վաղ թե ուշ, ընդգրկելու էր բոլոր բնակավայրերը: Ազատանում արդեն համակերպվել էին խոշորացման փնջային տարբերակով իրենց առաջարկված մոդելին: Նախկին շրջանների վերականգնման ձեւաչափն իր հետ բերել է անորոշություն եւ անվստահություն: «Նախորդ խոշորացումը լիովին չմարսած, բոլոր թերի կողմերը չբացահայտած ու չվերացրած՝ անցում ենք կատարում մի նոր մոդելի, որի միայն արտաքին տեսքն է պարզ: Նույն Վրաստանը ժամանակին գնաց էդ ճանապարհով, հետո վերադարձավ նախկին ղեկավարման ձեւին, այսինքն չէր արդարացրել իրեն: Հիմա մենք փորձում ենք հասկանալ, թե ինչու է մեր կառավարությունը նույն բանն անում, արել ենք հարցադրումներ, ասել ենք՝ ժողովրդին մի խառնեք, մի թշնամացրեք, մի ասեք, իբրեւ ձեր կամքը հաշվի ենք առնելու, մարդկանց իրար դեմ մի հանեք, պարզ ասեք ձեր նպատակը: Երկար ծամծմելուց հետո ի վերջո ասին, որ սա քաղաքական որոշում է: Իրականում էլ, որ ձեւը մի կողմ ես դնում, տեսնում ես, որ մեջը բովանդակություն չկա, քաղաքական որոշումը վերցնում ես՝ տակը տնտեսական ոչ մի վերլուծություն չկա,- նկատում է Վարդան Իկիլիկյանը,- ես չեմ նախանձում էն մարդուն, ով կընտրվի 30-35 բնակավայրերից բաղկացած համայնքի ղեկավար ու կփորձի համաչափ զարգացման ծրագիր կազմել»:

Վարդան Իկիլիկյանն ասում է, որ ինքը սկզբում ցանկություն չի ունեցել մասնակցելու ընտրապայքարին, սակայն ազատանցիները պնդել են առաջադրվել: Ձեւավորել են «Իկիլիկյան» դաշինքը, որտեղ ներկայացված էր 26 հոգի: Նոյեմբերի 3-ին բոլոր փաստաթղթերը ներկայացրել են թիվ 32 ընտրատարածքային հանձնաժողովին, ստացել հավաստիացում, որ ամեն ինչ կարգին է, ու դաշինքը գրանցվել է, որպես ընտրություններին մասնակցող լիարժեք ուժ:

«Հանձնաժողովի քարտուղար Հակոբ Թորոյանը բոլորի ներկայությամբ հաշվարկ կատարեց եւ բարձրաձայնեց, որ լրիվ նորմալ է ու համապատասխանում է օրենքի տառին: Քանի որ 33 գյուղ էր, մենք ունեինք 26 թեկնածու 14 գյուղից, հաշվել էինք, որ պահանջվող 50+1-ը՝ մեր դեպքում լինում է 17 հոգի, լիովին բավարար էր: Այնպես չէ, որ հնարավորություն չունեինք մեծ ցուցակ կազմելու, պարզապես ոչ ոք չի ուզում վերջին տեղերում լինել եւ հիմնականում թեկնածուները պնդում էին, որ գոնե անցողիկ տեղերը զբաղեցնեն, դրա համար էլ չուզեցինք ավել մարդ ընդգրկել,- բացատրում է զրուցակիցս,- եթե էդ ժամանակ մեզ ասեին, որ քանակի առումով խնդիր կա, մենք շատ արագ այդ բացը կլրացնեինք, բայց մեզ վստահեցրին, որ ամեն ինչ նորմալ է: Հետո արդեն նոյեմբերի 7-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովից զանգ ստացանք, որ թերություն է հայտնաբերվել ու դա պետք է շտկել: Պարզվեց, որ եւս երկու բնակավայր են ավելացել ցանկին՝ Ախուրյան կայարան եւ Հացիկ կայարան, որտեղ գրեթե մարդ էլ չի ապրում, գյուղերի թիվը դարձել է 35 ու ավագանու անդամների ներկայացվածությունն արդեն բավարար չէր: Եթե այս մասին մեզ տեղյակ պահեին տեղական ընտրական հանձնաժողովում, մենք մինչեւ նոյեմբերի 5-ը կկարողանայինք շտկել թերությունը, բայց մեզ փաստորեն գրանցեցին ու ասին, որ խնդիր չկա»:

Որոշում է կայացվել չեղարկել դաշինքի գրանցումը, որը եռօրյա ժամկետում բողոքարկվել է եւ վարչական դատարանը, նոյեմբերի 12-ին վճռել է ՝ «Իկիլիկյան» դաշինքի գրանցման որոշումը չեղյալ համարելու որոշումն անվավեր համարել: Սա նշանակում էր, որ նախկին որոշումը մնում էր ուժի մեջ, եւ դաշինքը համարվում էր գրանցված: Սակայն մեկ օր անց վարչական դատարանից զանգահարում եւ տեղեկացնում են, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրատարածքային հանձնաժողովի դեմ հայցով մտել է դատարան, «Իկիլիկյան» դաշինքն էլ ներգարվված է, որպես երրորդ կողմ: 

«Մեր վերաբերյալ որոշումը օրենքով պետք է բողոքարկվեր եռօյա ժամկետում: Եթե ՔՊ-ն շատ էր ուզում բողոքարկել, դա պետք է աներ առնվազն նոյեմբերի 6-ին, սակայն հայցով դատարան է մտել նոյեմբերի 13-ին: Արդեն պարզ էր, որ մեր նկատմամբ քաղաքական հետապնդում կա: Նոյեմբերի 17-ին, նույն ատյանի դատարանը որոշեց բավարարել ՔՊ-ի հայցը, եւ մեզ դուրս թողեցին ընտրապայքարից: Ես չեմ վախենում ասել, որ իշխող կուսակցության կողմից սա քաղաքական վենդետա էր իմ նկատմամբ: Ինձ առաջարկել էին համագործակցություն ՔՊ-ի հետ՝ չեմ ընդունել, առաջարկել էին լինել ՔՊ-ի առաջին համարը՝ չեմ համաձայնվել, որովհետեւ ինքս քաղաքական ճանապարհ եմ անցել եւ հավատարիմ եմ իմ սկզբունքներն: Եթե ես չեմ ընդունում տվյալ կուսակցության քաղաքական գիծը, կապ չունի, ով ուզում է լինի, դիրքորոշումս չի փոխվում,- շեշտում է Վարդան Իկիլիկյանը,- ես չեմ ընդունում իրենց ո՛չ քաղաքական գիծը, ո՛չ կադրային քաղաքականությունը, ո՛չ կառավարման նկատմամբ իրենց մոտեցումները, ո՛չ պաշտպանության առումով ձեռնարկած քայլեր, ո՛չ առողջապահության ոլորտում իրականացվողը, ո՛չ ընդունած օրենքների որակը, դրա համար էլ մերժել եմ: Ես չեմ ուզեցել միանալ մի քաղաքական ուժի, որին չեմ ընդունում եւ չեմ էլ ցանկանում դավաճանել այն ուժին, որի հետ այս տարիներին քայլել եմ: Դրա համար էլ իրենք արեցին ամեն ինչ, որ ինձ դուրս թողնեն պայքարից»:

Վարդան Իկիլիկյանի համոզմամբ, ոտնահարվել է մարդկանց ընտրելու եւ ընտրվելու իրավունքը: Նրա փոխանցմամբ, իր նկատմամբ ճնշումները սկսվել էին ավելի վաղ, երբ դեռ դաշինքի ձեւավորման փուլում կուսակցությունների հետ համագործակցության բանակցություններ էին ընթանում: «Մենք «Ազատություն» եւ Գյումրիում գործող «Գործարար» կուսակցությունների հետ էինք միավորվելու, կար հստակ պայմանավորվածություն, բայց վերջին պահին «Գործարար» կուսակցությունը հրաժարվեց համագործակցությունից: Սա զարմանալի էր: Ենթադրեցինք, որ ճնշումներ են եղել, ու հասկացա, որ հետագայում մեր նկատմամբ էլ ինչ-որ բաներ կանեն: Փաստորեն իմ կասկածներն արդարացան: Ես խոսել եմ նաեւ ՔՊ-ի ցուցակը գլխավորող Ալբերտ Այվազյանի հետ եւ ստացել պատասխան, որ դատարան դիմելն եղել է քաղաքական որոշում: Հիմա մեր իրավաբանները աշխատում են, մենք ձեռքներս ծալած չենք նստելու: Մեզ պայքարից դուրս թողնելը դեռ չի նշանակում, թե իրենք հաղթելու են: Ամեն ինչ անելու ենք, որ հակառակը լինի»,- զրույցն ամփոփում է Վարդան Իկիլիկյանը:

Ախուրյան խոշորացվող համայնքի ավագանու ընտրություններին հայտ ներկայացրած 4 ուժից ներկայում պայքարը շարունակում են երեքը՝ «Հաղթանակ» դաշինք, «Ախուրյան» դաշինք և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter