HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Տավուշի մարզի 4 բժշկական կենտրոնից միայն մեկն է ապահովված ՄՌՏ և ՀՏ սարքավորումներով

«Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում» չկան մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) և համակարգչային տոմոգրաֆիայի (ՀՏ) սարքավորումներ։ Հետազոտվելու համար հիվանդները պետք է գնան Դիլիջանի բժշկական կենտրոն կամ Երևան։

Համակարգչային տոմոգրաֆիան համարվում է առաջնային ու կարևոր հետազոտություն կորոնավիրուսային հիվանդության ժամանակ թոքաբորբի ախտորոշման հարցում:

2 քաղաքի միջև հեռավորությունը 90 կմ է, 1 ժամ 30-40 րոպե ճանապարհ պետք է անցնել։ Եթե չունես սեփական մեքենա, պետք է տաքսի վարձել, սակայն կորոնավիրուսով վարակված հիվանդին տաքսու վարորդները երբեմն մերժում են տեղափոխել՝ մյուս հաճախորդների առողջությունից ելնելով, իսկ շտապօգնության մեքենայով տեղափոխությունն իրականացվում է ծայրահեղ իրավիճակներում։

Փորձեցինք պարզել, թե նոյեմբերյանցիներից քանիսն են ցանկացել անցնել ՀՏ և ՄՌՏ հետազոտություն, սակայն չեն կարողացել։

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արված մեր գրառմանը մի քանի հոգի արձագանքեցին, որոնցից մեկն էլ խորհուրդ էր տալիս հարցեր գրելու փոխարեն այդ սարքավորումներից նվիրել հիվանդանոցին։ Գրառմանն արձագանքողներից 2-ը նշեցին, որ 3 տարի առաջ տարբեր հիվանդությունների պատճառով ցանկացել են հետազոտվել, սակայն ստիպված են եղել տեղափոխվել Երևան։

Նոյեմբերյան բժշկական կենտրոնի աշխատակազմի ղեկավար Հայկանուշ Բեգլարյանի խոսքով՝ ՀՏ ապարատ ձեռք բերելը «բավականին թանկ հաճույք է», և այս պահին հիվանդանոցը չի կարողանում այն ձեռք բերել։ Հիվանդանոցում ՀՏ և ՄՌՏ երբեք չի եղել։

Նա նաև նշեց, որ վերջին տարիներին հիվանդանոցը կարողացել են տարբեր սարքավորումներով ապահովել, հիմնականում սարքերը ձեռք են բերել միջազգային կառույցների ֆինանսավորմամբ, սակայն ՀՏ և ՄՌՏ այս պահին ձեռք բերել չեն կարող, թեև դիմել են Կառավարությանն ու մի շարք կազմակերպությունների։ Բեգլարյանն ասաց, որ Առողջապահության նախարարությունը հիվանդանոցի համար ձեռք է բերել 2021թ. արտադրության երեք տվիչով գերժամանակակից ուլտրաձայնային HITACHI ARIETTA V60 սարքավորում, որը հնարավորություն կտա ստուգելու նաև թոքերը։

Նոյեմբերյանը միակ համայնքը չէ, որտեղ ապրողները չեն կարող անցնել մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) և համակարգչային տոմոգրաֆիայի հետազոտություն։ Մարզի մյուս երկու խոշոր համայնքում՝ Իջևանում և Բերդում ևս սարքավորումները բացակայում են։

Մարզպետարանից, «Հետքի» հարցմանն ի պատասխան, հայտնում են, որ Տավուշի մարզում գործող 4 հիվանդանոցից միայն Դիլիջանի «Իռ-Վինգ» ախտորոշման կենտրոնում կարելի է անցնել այս հետազոտությունները, կորոնավիրուսով հիվանդանալու դեպքում մարդկանց ուղեգրում են հենց այս ախտորոշման կենտրոն։ Մարզպետարանից տեղեկացնում են նաև, որ Իջևանի ԲԿ-ում գնումների պլանով նախատեսվում է համակարգչային տոմոգրաֆիայի սարքավորում ձեռք բերել, հայտարարվել է մրցույթ՝ գնում իրականացնելու նպատակով։

Գլխավոր լուսանկարը՝ Իջևան բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter