HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Անահիտ Բախշյանը՝ ամուսնու մասին. «Ես իրենից 9 ամիս շուտ եմ սիրել իրեն»

Այսօր տեղի ունեցավ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանի «Հաշվետու եմ» գրքի շնորհանդեսը: Գիրքը հեղինակը համարում է հաշվետվություն այն մասին, թե ինչ է արել վերջին 5 տարում:

Շնորհանդեսին ներկա էին Անահիտ Բախշյանի ընտանիքի անդամները, ընկերները, գործընկերները, աշակերտները, ովքեր դարձել են ընկերներ, այդ թվում նաև դպրոցում աշխատած ժամանակ 1973-74 ուսումնական տարվա նրա առաջին շրջանավարտը, և 12-րդ դասարանի երկու աշակերտ, որոնց հետ Անահիտ Բախշյանն ընկերացել է ֆեյսբուքի միջոցով:

«Հաշվետու եմ» գրքում զետեղված են կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Անահիտ Բախշյանի հարցադրումների մի մասը, ելույթները, նրա (համա)հեղինակությամբ ԱԺ օրակարգում ընդգրկված, ամբողջությամբ ընդունված կամ մերժված օրենսդրական նախաձեռնությունների ցանկ, տարբեր լրատվամիջոցներին տված հարցազրույցները, նրա գործունեությունը լուսաբանող հոդվածները, ինչպես նաև լուսանկարներ:

Գրքի վերջում կա մի աղյուսակ, որում ներկացված է, թե վերջին 5 տարվա ընթացքում ովքեր ինչ խնդիրներով են դիմել պատգամավորին, ինչ լուծում են ստացել այդ խնդիրները, և ինչքան է տևել տվյալ խնդիրը լուծելը կամ դրա մասին բարձրաձայնելը:

«Պատգամավորը ավելին է, քան շտապօգնությունը, պատգամավորը ավելին է, քան մեզ քվե տված ժողովրդի ձայնը Ազգային ժողովում: Ինքը պետք է լինի ամենուրեք, որտեղ իրեն չեն սպասում, որտեղ իրեն սպասում են, որտեղ կանչում են, որտեղ նույնիսկ չեն կանչում»,- շնորհանդեսի ժամանակ ասաց Անահիտ Բախշյանը:

Նա գրքի նյութերը հավաքելիս առաջին հերթին հավաքել է իր համար թանկ մարդկանց կարծիքներն իր մասին: Գրքում ներկայացված են աշակերտների, գործընկերների կարծիքները, Անահիտ Բախշյանի հոգևոր հայր, Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցու քահանա տեր Գրիգորի կարծիքը: Հեղինակը ներողություն խնդրեց իր աշակերտ Արման Սահակյանից, քանի որ տպագրության ժամանակ բացթողում է եղել, և վերջինի կարծիքը դուրս է մնացել գրքից:

«Հիմա ես սա ուզում եմ բարձրաձայն ասել, լրատվությամբ դուք տարածեք, որ Արմանը հետո ինձանից չնեղանա»,- ասաց Անահիտ Բախշյանը:

Այս տարի լրանում է նրա ամուսնու՝ Յուրի Բախշյանի 65-ամյակը, և գրքի հեղինակն իր հաշվետվությունը նվիրել է այդ հոբելյանին:

«Դրանով ուզում եմ ասել, որ 13 տարի ես ապրում եմ առանց ֆիզիկական Յուրայի, բայց 13 տարի Յուրան ինձ նոր որակ, նոր ուժ է տվել, նոր բացահայտումներ է արել իմ մեջ, որի մասին ես տեղյակ չեմ եղել, բայց ինքը ասում էր միշտ... Ես տեսնում եմ, թե իսկապես ինչ բացառիկ կարևոր օր է եղել իմ կյանքում Յուրայի հետ հանդիպելը և այն, որ ես տեր եմ եղել իմ երջանկությունը, և այն, որ ես չեմ թողել, որ Յուրան շեղվի ինձանից, այսինքն՝ մինչև հասկացա, որ ինքը ինձ սիրում է, 9 ամիս տևեց, ես իրենից 9 ամիս շուտ եմ սիրել իրեն»,- ասաց Անահիտ Բախշյանը:

Անդրադառնալով գրքի այն նկարին, որում ինքը պատկերված է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ՝ Անահիտ Բախշյանն ասաց, որ հուսով է՝ իր առաջնորդը «կլինի Հայաստանի Հանրապետության հաջորդ նախագահը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter