HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Քաղաքագետ. «Հայաստանի պարագայում հաղթում է նա, ով կազմակերպում է քվեարկության մեխանիզմը և ձայների հաշվումը»

«Սա, իհարկե, պայքար է իշխանության համար, չի կարող համապետական ընտրություններում լինել զուտ գաղափարական պայքար»,- այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտարարեց Երևանի պետական համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Գարիկ Քեռյանը:

Նրա խոսքերով՝ կուսակցությունների մասին դատում են ոչ թե խոսքի, գաղափարի, այլ գործի հիման վրա: Այդ պատճառով էլ համապետական ընտրությունների ժամանակ ճիշտ չէ ակնկալել զուտ գաղափարական պայքար: Նա խորհուրդ է տալիս մեծ տեղ չտալ գաղափարախոսությանը. ընտրությունները պայքար են իշխանության համար, որտեղ ամեն ուժ ունի իր նպատակը:

«Գաղափարախոսությունը միշտ քող է, որը ծածկում է իրական նպատակները, իրական ծրագրերը»,- հավելեց Գ. Քեռյանը:

Նրա կարծիքով՝ չի կարելի համեմատել, օրինակ, «Ժառանգության» ու ԲՀԿ-ի կամ ՀԱԿ-ի ու ՀՅԴ-ի ակնկալիքները, քանի որ դրանք շատ տարբեր են: ԲՀԿ-ն ձգտում է, ԱԺ-ում մեծամասնություն կազմելով, մասնակցել նաև գործադիր իշխանության կազմավորմանը:

Գ. Քեռյանի կարծիքով՝ կան կուսակցություններ, որոնք խնդիր ունեն հաղթահարելու միայն 5 տոկոսի շեմը, որպեսզի հայտնվեն ԱԺ-ում: Որոշ կուսակցություններ համոզված են, որ կհաղթահարեն այդ շեմը, պարզապես հիմա «առևտրի մեջ են այն հզորների հետ, որոնք, մեծամասնություն կազմելով, իրենց ևս կարող են բերել կոալիցիայի»:

Գ. Քեռյանի բնորոշմամբ՝ այժմ բնակչության մեծ մասը սոցիալ-տնտեսական վատ վիճակում է, ինչը հանգեցնում է դժգոհության, և ենթադրվում է, որ ՀՀԿ-ի օգտին քիչ կքվեարկեն: Մյուս կողմից՝ արդյոք այդ ընտրազանգվածը հավատո՞ւմ է, որ մեկ այլ քաղաքական ուժ կկարողանա լուծել առկա խնդիրները: Հետևաբար, հնարավոր է, որ ՀՀԿ-ին ընտրի:

Բանախոսի կարծիքով՝ մեծ նշանակություն ունի նաև վարչական ռեսուրսը, հետևաբար ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի հնարավորություններն ավելի մեծ են: Մնացած կուսակցությունների առումով քաղաքագետը դժավարանում է գնահատական տալ, որովհետև ընտրություններին հաղթում է ոչ թե նա, ով ավելի լավ ծրագրեր է առաջ քաշում կամ ունի ավելի մեծ ընտրազանգված, այլ «Հայաստանի պարագայում հաղթում է նա, ով կազմակերպում է քվեարկության մեխանիզմը և ձայների հաշվումը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter