HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Մամուլի քարոզարշավը կամ քարոզարշավի մամուլը

2012-ի խորհրդարանական ընտրությունները մամուլի համար տարբերվեցին առաջին հերթին նրանով, որ վերջինս ուղղակիորեն սկսեց մասնակցել ընտրությանը: Մի քանի լրագրողներ` հիմնականում հենց տպագիր մամուլի դաշտից, ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրին` մի մասը համամասնական, մյուս մասը՝ մեծամասնական ընտրակարգով: Այս հանգամանքը, սակայն, մեծ ազդեցություն չունեցավ ընտրարշավում մամուլի կողմնորոշումների կամ լուսաբանումների բնույթի վրա, որովհետև ի սկզբանե պարզ դարձավ, որ նրանց նկատմամբ լրագրողական համքարության ուղղորդված աջակցությունը մամուլի միջոցով չի դրսևորվելու:

Ընդհանրապես ընտրություններին լրագրողների` հենց լրագրողի իմիջով  մասնակցությունը մասնագիտական էթիկայի հետ կապված որոշակի հիմնախնդիրներ հարուցեց, որոնք դեռ վերլուծությունների պետք է ենթարկվեն: Օրինակ` որքանո՞վ է ճիշտ լրագրողի` պատգամավորության թեկնածու առաջադրման դեպքում նրա մասնագիտական գործունեության շարունակումը ընտրարշավի ընթացքում. արդյոք դա նրան մրցակցային որոշակի առավելությամբ չի՞ օժտում կամ հասարակական դիրքը  մասնավոր շահերին ծառայեցնելու հնարավորություն չի՞ ընձեռում: Երբ պարբերական մամուլը դիտարկում ենք քարոզչության գործառույթի պրիզմայով, լրագրողական օբյեկտիվության պահպանման խնդիրն առհասարակ դառնում է ավելորդ:

Բայցևայնպես լրագրող-թեկնածուների առկայությունը ընտրապայքարում որոշակի ինտրիգ մտցեց: Ի տարբերություն համամասնական ընտակարգի կամ քաղաքական ուժերի մրցակցության` մեծամասնական ընտակարգի նկատմամբ այս անգամ մամուլն այդքան էլ բծախնդիր մոտեցում չէր ցուցաբերում: Մի կողմից դա պայմանավորված էր այս դաշտում ընտրարշավի համեմատաբար կոռեկտ ընթացքով` չհաշված ընտրարշավի սկզբում արձանագրված երկու-երեք դեպքերը թեկնածուների կամ նրանց մերձավորմների նկատմամբ կիրառված բռնությունների հետ, որոնք լայնորեն լուսաբանվեցին մամուլում: Մեծամասնական ընտրակարգում հիմնական ինտրիգն ապահովեց հիմնականում  հենց լրագրող-թեկնածուների ագրեսիվ քարոզարշավը, որը հիմնականում պտտվում էր բանավեճերի հրավիրման, դրանիցից մրցակիցների հրաժարվելու տրագիկոմեդիկ դրվագների շուրջ: Սակայն ընդհանուր առմամբ` նկատելի էր, որ մամուլը մեծամասնական ընտրակարգը որոշակիորեն առանձնացրել էր ընդհանուր քաղաքական մթնոլորտից և առանձնապես ցանկություն չունեցավ խորանալու առանձին ընտրատարածքների ներքին խոհանոցների մեջ: Այնպիսի տպավորություն էր, կարծես խոսքը ոչ թե համապետական ընտրությունների մասին է, այլ տեղական ինքնակառավարման մարմինների:

Բուն ընտրարշավը մամուլում լուսաբանվեց` ելնելով քաղաքական նախասիրություններից ու հակվածություններից, այսինքն՝ այնքանով որքանով անհրաժեշտ էր այս կամ այն կուսակցության կամ դաշինքի քարոզչության իրականացման համար: Եվ այսուհանդերձ` ընտրարշավի ընթացքում ընտրախախտումների դեմ միջկուսակցական շտաբի ձևավորման, ու դրանից ածանցյալ երևույթների ու զարգացումների ընդհանուր ֆոնին, մամուլում արձանագրվեցին համարժեք վերափոխումներ: Ողջ մամուլը, կարելի է ասել, սկսեց տեղավորվել ստեղծված ԲՀԿ-ՀՅԴ-ՀԱԿ տանդեմի աջ ու ձախ կողմերում: Եվ մամուլը գրեթե ամբողջությամբ մտավ քաղաքական այս վերադասավորումների շուրջ, դրանից բխող ինտրիգների հյուսման ու հրահրման, փոխադարձ արվող պրովոկացիաների լաբիրինթոս` հիմնական շեշտադրումները տեղափոխելով կեղծ ու իրական ընդդիմությունների ու մերկացումների հանրածանոթ ու ոչինչ չտվող հարթություն: Փոխվեցին հակաքարոզչության թիրախները: Անգամ այն ուժերը, որոնք նախկինում ենթարկվում էին որոշ թերթերի սուր քննադատությանը, վերջիններիս կողմից սկսեցին ավելի  լոյալ վերաբերմունքի արժանանալ: Եվ այս իրողությունը հստակ ցույց տվեց, թե մամուլը որքան մեծ կախվածության մեջ է քաղաքական շրջանակներից:

Մամուլն ավելի ընկալողունակ էր ընտրարշավին հարող, իրենց մեջ անձնական, խմբակային կամ քաղաքական ինտրիգներ պարունակող երևույթների նկատմամբ, քան ընտրողների համար շատ ավելի լուրջ նշանակություն ունեցող խնդիրների, մասնավորապես` ընտրարշավի բովանդակության, կուսակցությունների ու թեկնածուների ծրագրերի, նրանց անցած ճանապարհի, խոստումների իրատեսականության, մարտավարությունների: Այդպես էլ ողջ քարոզարշավի ժամանակ քննության չառնվեց հարցը, թե ժամկետն սպառող խորհրդարանում ներկայացված այն ուժերը, որոնք նորից են ընտրություններին մասնակցում, որքանով են իրենց հնարավորությունների սահմաններում կարողացել իրականացնել նախկինում ներկայացրած ծրագրերը, որքանով են հավատարիմ մնացել դրանց գաղափարաբանությանն ու դրույթներին: Մինչդեռ նման դիտարկումներն ու վերլուծությունները  կարող էին էապես ազդել ընտրողների  կողմնորոշման և այս կամ այն ուժի նկատմամբ իրենց վերաբերմունքը ճշտելու վրա: 

Չնայած բոլոր քաղաքական ուժերն էլ ներկայացել էին սեփական ծրագրերով, քարոզարշավի ընթացքում մամուլն առհասարակ դրանց չանդրադարձավ: Բացառություն էր, թերևս, «Երկիր» օրաթեթը, որը երկու-երեք շաբաթ գրեթե ամեն օր կատարում էր ծրագրերի թեմատիկ հպանցիկ համեմատական դիտարկում, որը, սակայն, շատ ավելի արվում էր ՀՅԴ-ի ծրագրի առավելություններն ընդգծելու նպատակով: Բոլոր դեպքերում, որքան էլ դա «Երկիր»-ի քարոզչական քաղաքականության մաս էր կազմում, գոնե միջանկյալ հնարավորությունն էր տալիս ծանոթանալու այս կամ այն ոլորտի հետ կապված` կուսակցությունների մոտեցումներին, այն դեպքւմ, երբ այդ ծրագրերը մամուլում չհրապարակվեցին: 

Նկատելի էր, սակայն, մամուլի առանձնահատուկ վերաբերմունքը պատգամավորության թեկնածուների հրապարակած գույքի և եկամուտների հայտարարագրերի նկատմամբ, մի բան, որ նախկինում երբեք նման աժիոտաժ չէր առաջացրել: Դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ, ի տարբերություն նախկինի, այս անգամ հանրային ուշադրության կենտրոնում առավել շատ գտնվող թեկնածուներն առանձնապես ջանք չէին գործադրել թաքցնելու ունեցվածքը: Եվ չնայած փաստերի արձանագրմանը` ընդհանուր առմամբ ներկայացված տվյալները մամուլի կողմից խորքային վերլուծությունների չենթարկվեցին: բացառիկ էին այն դեպքերը, երբ լրատվամիջոցները փորձեին պարզել առանձին թեկնածուների ներկայացրած` աներևակայելի չափերի հասնող եկամունտների ու գույքի ծագման աղբյուրները, այն դեպքում, երբ նրանցից շատերը պետական պաշտոնյաներ էին, և ըստ տրամաբանության ու իրավական սահմանափակումներով՝ նման կարողությունների չէին կարող տիրապետել: Մամուլի նման կրավորական վերաբերմունքը հանրային գիտակցության մեջ ամրապնդում է այդ ամենն իբրև օրինաչափություն ընդունելու մտայնությունը:

Այս ընթացքում մամուլի ուշադրության կենտրոնում էր նաև ընտրախախտումների  հնարավորության, ընտրությունների արդյունքների հնարավոր կեղծման թեման, որը հիմնականում սահմանափակվում էր ընտրակաշառքների բաժանման մասին ահազանգերի և ընտրացուցակներում տեղ գտնող` անճշտությունների մասին առանձին հրապարակումներով: Բացի այն, որ ընտրակաշառքների մասին ահազանգերը, դրանց հետ կապված մեկնաբանությունները սովորաբար հրապարակվում էին  առանց կոնկրետ փաստերի, ինչը առնվազն կասկածի տակ է դնում տեղեկատվության արժանահավատությունը, նաև ցուցակներում անճշտությունների մասին հրապարակումները խիստ անհամաչափ էին այն պատկերին, որ ներկայացնում էին այսպես կոչված ընդդիմադիր կամ չեզոք մամուլի ներկայացուցիչները, որոնց հակադրվում էին իշխանության մատույցներում գործող թերթերն այս խնդիրների նկատմամբ իրենց անբնական, կեղծ անտարբերությամբ,  դրանց մասին չխոսելու անթաքույց կեցվածքով: 

Խնդիրը ցուցակներում առկա վիճակի չափազանցության մեջ չէ, իհարկե, այլ տեղեկատվության և դրանց աղբյուրների սակավության: Երբ հարցը կրկին տեղափոխում ենք հայաստանյան ներկայիս մամուլի համար ամենաբնական վիճակի` քարոզչության, այն էլ նախընտրական քարոզչության հարթություն, պարզ է դառնում, որ ներկայացվող փաստերն իսկապես քիչ էին, կամ անհամոզիչ` հրապարակված ցուցակների և ընտրողների իրական թվի ահռելի տարբերությունը հիմնավորված ներկայացնելու համար: Եվ դրա պատճառով իշխանությունը կարողացավ մանևրելով խուսափել լուրջ բացահայտումներից:

Այնպես որ, չնայած այն հանգամանքին, որ Հայաստանում հրապարակախոսական, վերլուծական միտքը դեռևս մամուլում է կարողանում իրացվել, զուտ ընտրական գործընթացի կտրվածքով` մամուլը դուրս չեկավ այն մակերեսայնության ու ինտրիգայնության մակարդակից, որում գտնվում էր ընտրարշավի մեկնարկին:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter