HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ուրիշ երկրներ խմիչք ստեղծելու լեգենդ են հորինում, մենք դրա կարիքը չունենք»․ գինու պատմության առաջին թանգարանը

Փայտե մեծ դռները դարպասների պես բացվում են՝ քեզ պատրաստելով ինչ-որ խորհրդավոր ճամփորդության: Երբ դռները փակվում են, հայտնվում ես կիսամութ քարայրում: Ներսում սառն է ու գինու թեթեւ բույր է տարածված:

Դա նման է մառանի, բայց այս դեպքում՝ գինու պատմության մառանի: Այստեղ խաղողագործության 8 հազար տարիները խտացվել են մի տարածքում ու եկողին չեն պարտադրում իրենց ասելիքը:

Մենք գտնվում ենք Հայաստանի գինու պատմության թանգարանում, որի տնօրենը ԳԱԱ Հնագիտութան եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, հնագետ Հայկ Գյուլամիրյանն է:

Այս աշնանը լուռ, ինչպես գինին է հնեցվում, բացվեց Հայաստանի առայժմ միակ գինու պատմության թանգարանը։ Այն գտնվում է Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում՝ «Արմենիա Վայն» գինու գործարանի հարեւանությամբ։ «Հայաստանի գինու պատմության թանգարան» հիմնադրամը ստեղծվել է գործարանի կողմից, սակայն առանձին կառույց է՝ անկախ գործարանից։ Հայկ Գյուլամիրյանի խոսքով՝ թանգարանի նպատակը գինու զբոսաշրջությունը հանրահռչակելն է եւ տարածաշրջանում գինու երթուղիներից մեկը դարձնելը։

Թանգարանը բաղկացած է երթուղուց, ուրարտական պալատից եւ բուն ցուցասրահից, որն էլ իր հերթին ունի 10 բաժին՝ ոռոգման համակարգերից մինչեւ գինու բժշկություն, առեւտուր, իրավաբանություն, մինչեւ անգամ՝ քրիստոնեություն։

Թանգարանը ստորգետնյա է, եւ վերեւում անցուդարձ անողների մտքով գուցե չանցնի էլ, որ նրանց ոտքերի տակ՝ ժայռերի մեջ փորված, հազարամյակների պատմությունն է։ Թանգարանի կառուցումը տեւել է 4 տարի։ Ճարտարապետը Տիգրան Պողոսյանն է։ Սկզբից էլ որոշվել էր, որ գինու պատմությունը «մատուցվելու» է քարայրի կամ մառանի նմանվող տարածքում։ Հայկը նկատում է, թե գինին մառանում է պահվում, իսկ քարանձավն էլ ամենաբարենպաստ միկրոկլիման ունի։

Մյուս կողմից՝ քարայրը կյանքի եւ մահվան վայր է՝ դեռ հնագույն ժամանակներում քարայրը նմանեցրել են արգանդին, որտեղ կյանք է սկիզբ առնում, եւ թաղումներն էլ արել են այնտեղ։ Այդպիսին է, օրինակ, մեզ հայտնի Գեղարդը, որտեղ թաղումներ են արել։ «Հիսուսը թաղվում է ժայռում, Մհերը փակվում է քարայրում, որովհետեւ քարայրը հենց մայր արգանդն է՝ որտեղից ծնվել ես, այնտեղ էլ մահանում ես»,- նշում է Հայկ Գյուլամիրյանը։

Դուռը փակվելուց հետո փոքր-ինչ վերնասլաց ճանապարհ-երթուղին է, որը Հայկ Գյուլամիրյանն անվանում է խորհրդավոր երթուղի։ Այն սկսվում է Հայաստանում հայտնաբերված եւ 8000 տարվա պատմություն ունեցող խաղողի կորիզի ներկայացմամբ (գտածո կորիզն այստեղ չէ, քանի որ պահվում է Հայաստանի պատմության թանգարանում)։ Այն հայտնաբերվել է 2000-ականներին Արմավիրի մարզի Առատաշենի հնավայրից՝ հայ-ֆրանսիական համագործակցության արդյունքում, Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի կողմից: Ընդ որում՝ հայտնաբերվել է ֆլոտացիայի արդյունքում։ Կորիզը, կարծես, այլմոլորակայինի դեմք լինի, որ հայտնվել է գինու պատմության «մոլորակում»։

Իրարից որոշակի ու կանոնավոր հեռավորությամբ դասավորված ցուցանակները խաղողագործության կամ գինեգործության հակիրճ պատմությունն են ներկայացնում։ Մի ցուցանակից մյուսին մոտենալով՝ հազարամյակների պատմությամբ ես անցնում։ Օրինակ՝ մթա 8-րդ հազարամյակից միանգամից հասնում ես 4-րդ հազարամյակ՝ Արենիի հայտնի քարանձավ։ Հնագետ Հ Գյուլամիրյանն ասում է՝ այն ոչ միայն Հայկական լեռնաշխարհի, այլեւ ամբողջ աշխարհի ամենանշանավոր հնագիտական հուշարձաններից է։ 2008 թ ի վեր ամեն տարի այս քարանձավն անակնկալներ է մատուցում։ Այստեղ են հայտնաբերվել աշխարհի ամենահին կաշվե կոշիկն ու գինու հնձանը։

Խորհրդավոր երթուղին անցնում ենք Հայկ Գյուլամիրյանի ուղեկցությամբ։ Թանգարանի յուրաքանչյուր դետալի մասին նա առանձնակի հոգածությամբ եւ հետաքրքրությամբ է պատմում։

Ցուցանակների մոտ դրված են Հայաստանի գինեգործների ամենալավ գինիները։ Հայկը դրանցից առանձնացնում է Արցախի Տող գյուղում արտադրված «Կատարոն»։ Ասում է՝ այն անձամբ ինքն է դրել Կարմիր բլուրի ցուցափեղկի տակ, որում ներկայացված է գինեգործության ամենահայտնի՝ ուրարտական ժամանակաշրջանը։ Մեզ ուղեկցող հնագետը նկատում է, որ մինչեւ անգամ ասորական հայտնի արձանագրություններում Սարգոնն ու մի շարք թագավորներ եւ կառավարիչներ հիշտակել են, որ Հայաստանում խաղողն անձրեւի պես էր թափվում, իսկ գինին՝ գետերի պես հոսում։ Անգամ ասորական հայտնի քաղաքներից մեկի՝ Բալավատի դարպասների մետաղական փեղկերի պատկերագրության վրա պահպանվել է Հայաստանից կարասի գերեվարման տեսարանը։

Թանգարանի երկրորդ սրահը ուրարտական Խալդ աստծո տաճարի նմանությամբ է արված։ 6 մետր բարձրությամբ սյուները, ծղոտե առաստաղը, կարծես, շարունակում են երթուղու խորհրդավորությունը։ Սյուներին սեպագիր արձանագրություններ կան, որ նշանակում են՝ «Խալդյան զորությամբ»։ 

Դեպի գլխավոր ցուցասրահ մտնում ենք դռնով։ Այն գետնից 8 մետր խորությամբ ժայռերի մեջ է։ Կարմիր, տաք տուֆից կամարները, կարծես, կոտրում են ժայռերի սառնությունը։ Սրահը մոդեռնիստական ոճով է արված։ Ամենավերին հատվածում Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից դուրս մնացած հատվածների ցուցադրությունն է, որի ձայնը լցվում է սրահներ։

-Ինչի՞ համար մարդիկ պետք է գան գինու թանգարան՝ ըստ Ձեզ,- հարցնում ենք թանգարանի տնօրենին։

-Նախ՝ իրենք իրենց ճանաչելու համար։ Շատ կցանկանանք, որ մարդիկ իմանան իրենց ամբողջ պատմությունը, որովհետեւ առանց անցյալի չունես ապագա,- պատասխանում է տնօրենը։

Հայկ Գյուլամիրյանի խոսքով՝ սա միայն գինու պատմություն չէ։ Ասում է՝ եթե պատմություն բառը կա, ապա այն շատ ոլորտներ է ներառում՝ ջրի պատմությունից սկսած։ Մթա 3-2-րդ հազարամյակներում եւ ավելի ուշ ժամանակաշրջանում գործել է «կաթիլային» ոռոգման համակարգ։ Ուրարտական ժամանակաշրջանում՝ մթա 9-րդ դարում զարգացել էր ջրանցքաշինությունը՝ Մենուայի եւ Ռուսայի հայտնի ջրանցքները, որոնք 80 կմ երկարություն ունեն եւ այժմ գտնվում են Արեւմտյան Հայաստանում։

Թանգարանում ներկայացված պատմությունը սկսվում է մթա 8-րդ հազարամյակից եւ ավարտվում Գարեգին Նժդեհի գավաթի պատմությամբ։

Թանգարանում կարող ես շրջել գինու բաժակով, դիտել ցուցանմուշներն ու ծանոթանալ դրանց պատմությանը։ Այն թանգարաններին բնորոշ լուռ եւ «սառը» տարածք չէ, այլ գինու պես կենդանի, որ անընդհատ խմորվում ու հնեցվում է ժամանակի հետ։ «Թանգարանում մարդիկ են կարեւոր, թե ոնց, օրինակ, նայեցին այս կճուճին, նրանց ռեակցիները, այդ ուսումնասիրություններն են հետաքրքիր»,- նկատում է Հայկ Գյուլամիրյանը։

Թանգարանն այժմ մի նախագիծ է իրականացնում «Արմենիա Վայնի» հետ։ Կառուցում են 16-17-րդ դարերի գինու հնձան՝ մոտ 300 քմ տարածքով։ Այն գտնվելու է գործարանի այգիներում եւ դառնալու է թանգարանի մասը։ Հնձանի մանրակերտը ներկայացված է թանգարանում։ Արտաքուստ նման է Տաթեւի վանքի ձիթհանին։

Հոկտեմբերից սկսած, երբ բացվել է թանգարանը, արդեն 700 այցելու են ունեցել։ Առաջիկայում մտադիր են երեկոյան թանգարանի ձեւաչափ մշակել, որտեղ կանցկացնեն միջոցառումներ, աշխատաժողովներ։ Մտադիր են նաեւ գինեգործության միջազգային կոնֆերանսներ անցկացնել այստեղ։

Մեր զրուցակցի խոսքով՝ թանգարանը նաեւ տնտեսական մեծ նպաստ կունենա։ Գինու մի շարք գործարաններ կան, որոնք գինի են արտահանում, սակայն դրսի մարդիկ այդքան էլ ծանոթ չեն դրանց, որովհետեւ պատմությունը չկա։

«Կոպիտ ասած՝ եթե ուրիշ երկրներ խմիչք ստեղծելու լեգենդ են հորինում, մենք դրա կարիքը չունենք, մենք ուղղակի պետք է այդ պատմությունը պատմենք, ներկայացնենք ճիշտ, որն այսքան ժամանակ չենք արել: Մենք կարող ենք նաեւ ցուցադրությունների գնալ, որպեսզի մարդիկ սկզբից գինու պատմությանը ծանոթանան, հետո՝ գինիներին: Դա միաժամանակ օգնելու է պետությանը»,- նշում է Հայկ Գյուլամիրյանը։

Գլխավոր լուսանկարում՝ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից դուրս մնացած կադրերն են

Մեկնաբանություններ (1)

Arno
Մի բան չհասկացա, հիմա այս թանգարանը պետական է?, Հայաստանի պատմության թանգարանի մասնաճուղ է?, եթե մասնավոր է , ապա ինչու են ՀՀ պատմության թանգարանի արտեֆակտները գտնվում այս թանգարանում?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter