HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Լեռնապատում ՀՀԿ-ականներն ու ընդդիմադիրները «քարերի լեզվով» են պայքարում (վիդեո)

Թիվ 29 ընտրատարածքում (Լոռու մարզ) մեծամասնական ընտրակարգով ՀԱԿ-ի կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված Վահագն Մարտիրոսյանի հայտարարությամբ' Լեռնապատի ՀՀԿ-ական գյուղապետ Վանո Եղիազարյանի և նրա համախոհների կողմից արգելքներ են ստեղծվել գյուղում ոչ ՀՀԿ-ական թեկնածուների քարոզարշավի ընթացքում, մասնավորապես՝ ապրիլի 30-ին կոպտորեն խոչընդոտվել է պատգամավորության թեկնածու, անկուսակցական Արմեն Մարտիրոսյանի հանդիպումը համայնքի ընտրողների հետ:

Մայիսի 1-ին, ըստ նույն հայտարարությանը, ՀՀԿ-ական գյուղապետի, նրա համախոհների և գյուղի ընդդիմադիր բնակիչների միջև վիճաբանության արդյունքում գյուղապետի որդին դանակով հարվածել է համայնքի բնակիչ Նորիկ Թամարյանին: Մայիսի 2-ին գյուղապետի մերձավորների կողմից թեկնածու Վահագն Մարտիրոսյանի վստահված անձի'Գևորգ Մելքոնյանի նկատմամբ կատարվել է բռնարարք' ծեծ:

ՀԱԿ թեկնածուն Լեռնապատում տիրող իրավիճակը գնահատում է ազատ, անկախ, թափանցիկ ընտրությունների կոպիտ խախտում, Ընտրական օրենսգրքի դրույթների խախտում և կոչ է անում պատկան մարմիններին պատասխանատվության ենթարկել օրինախախտներին: Ըստ ՀԱԿ թեկնածուի'Նորիկ Թամարյանի և Գևորգ Մելքոնյանի հետ տեղի ունեցած դեպքերը քաղաքական դրդապատճառ ունեն'անկախ այն բանից, թե ինչն է վիճաբանության ու ծեծկռտուքի առիթ դարձել:
Նորիկ Թամարյանի պատմելով'վիճաբանությունը ծագել է կենցաղային հողի վրա: Գյուղապետի հայրը'Ալբերտ Եղիազարյանը, փակելով խոտհարք տանող ճանապարհը, թույլ չի տվել անասուններին արոտավայր տանել: Նորիկ Թամարյանը հորդորել է համագյուղացիներին չենթարկվել գյուղապետի հոր պահանջին, ինչը դուր չի եկել Ալբերտ Եղիազարյանին:

Նա էլ գնացել թոռներին է ասել, որ գյուղացիները «ճամփա են ուզում», որից հետո գյուղապետի երկու որդիներն ընկերների հետ վիճաբանության են բռնվել Նորիկ Թամարյանի հետ: Նրանցից մեկը, ըստ Թամարյանի, դանակով հարվածել է իրեն, ապա խմբով քարեր են նետել նրա վրա: Հետո նստել են ավտոմեքենան ու հեռացել: Գյուղի երիտասարդների օգնությամբ Նորիկ Թամարյանը տուն է եկել, բայց ներքևից' «աստանովկա» կոչվող վայրից աղմուկ լսելով՝ շտապել է այդ ուղղությամբ: Գևորգ Մելքոնյանը միացել է նրան: Ներքաշվելով կռվի մեջ'նա նույնպես վնասվածք է ստացել:
«Առիթը կարող է ուրիշ բան հանդիսանալ, բայց ցանկացած առիթ որոշ գյուղապետերի կողմից օգտագործվում է իրենց վերադասներին, իրենց պապաներին խոստացված ձայների քանակը ապահովելու համար: Որոշ գյուղապետեր իրենց իշխանությունը օգտագործում են և փորձում են ահուսարսափի մթնոլորտ տարածել իրենց գյուղերում: Դա վերաբերում է նաև Լեռնապատին»,- ասում է Վահագն Մարտիրոսյանը:

Վերջինիս վստահված անձ Գևորգ Մելքոնյանն էլ է անմիջական քաղաքական կապ տեսնում նշված դեպքերի միջև: Իրենց հանդեպ ճնշումները բացատրում է նրանով, որ իրենք «ընդդիմադիր են գործող իշխանություններին»: Պարզաբանում է նաև, թե ինչու լեռնապատցիները դարձան ընդդիմադիր. «էս ներկայիս Հանրապետական իշխանությունը էս գյուղապետի վրա մոտ երկու տարի քրեական գործ կար, 19 հատոր քրեական գործը էսպես կարճեցին, կոծկվեց, գնաց: Մեր կառավարությունից հոգնելով'որոշել ենք մեր ձայնը տալ ոչ Հանրապետական կուսակցությանը և, բնականաբար, ոչ Հանրապետական կուսակցության թեկնածուին: Էս մարդկանց սա դուր չի գալիս, տարբեր սպառնալիքներով'ուղղակի և անուղղակի, ամեն ձևի փորձում են անկայուն վիճակ ստեղծել գյուղում, կռիվներ են հրահրում»,- ասում է ընդդիմադիր դարձած Գևորգ Մելքոնյանը:

Գյուղապետ Վանո Եղիազարյանը Նորիկ Թամարյանի դանակահարությունը որակել է զրպարտություն և ներկայացրել այնպես, իբր Գեւորգ Մելքոնյանն ու Նորայր Թամարյանն են քարերով հարձակվել հոր ու որդու վրա, «ծակել նրանց գլուխները»: Այս մասին նա հայտնել է news.am-ի թղթակցին:
Մինչդեռ ոստիկանության Գուգարքի բաժնի պետ Էրիկ Շարմազանովը հաստատեց, որ Լեռնապատի բնակիչ Նորիկ Թամարյանին հարվածել են սուր կտրող, ծակող գործիքով: Նրա փոխանցմամբ'արարքը կատարելու կասկածանքով արդեն անձ է հարցաքննվել: Նշանակված է է դատաբժշկական փորձաքննություն: Ոստիկանապետը նաև հայտնեց, որ այդ դեպքից հետո այլ միջադեպեր էլ են եղել, գյուղացիներ միջև վիճաբանություն է ծագել, արդյունքում գյուղապետի հայրը ստացել է գլխի գագաթնային վնասվածք: Դեպքի առթիվ կատարվում է հետաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter