HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Ֆրանս-ադրբեջանական դիվանագիտական փոխհրաձգություն՝ Վալերի Պեկրեսի արցախյան այցի առիթով

Ֆրանսիայի քաղաքական դաշտում չեն մարում կրքերը նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի արցախյան այցի առնչությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարության պատճառով։ Այսօր այդ մասին խոսել են նաեւ Ֆրանսիայի Հանրապետության Սենատում։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին «Հանրապետականներ» կուսակցության նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսը հայաստանյան այցի շրջանակում այցելել էր նաեւ Ստեփանակերտ։ Նրա արցախյան այցը, սակայն, չէր հանրայնացվել։ Թեկնածուի վերադարձից հետո ադրբեջանական մամուլին տված հարցազրույցում Ալիեւը, դժգոհելով ֆրանսիացի գործչի այցից, ասել էր, որ եթե իրենք իմանային Պեկրեսի ապօրինի այցի մասին, ապա թույլ չէին տա նրան վերադառնալ։ Բաքուն նաեւ բողոքի նոտա էր հղել պաշտոնական Փարիզին՝ ԱԳՆ կանչելով Ադրբեջանում Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին։

Ֆրանսիայի քաղաքական շրջանակները Ալիեւի այս արտահայտությունը բնութագրեցին որպես «մահվան սպառնալիք» նախագահի թեկնածուի նկատմամբ։ Սակայն Մակրոնի կառավարությունը երկար ժամանակ չէր արձագանքում՝ հարուցելով «Հանրապետականների» դժգոհությունը։

Եվ ահա, հունվարի 18-ին Ֆրանսիայի խորհրդարանում պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին՝ արտգործնախարար Ժան Իվ լը Դրիանն ասաց, որ Իլհամ Ալիեւի արտահայտությունն «անընդունելի է ձեւով եւ բովանդակությամբ»։ Միաժամանակ, նա կշտամբեց ֆրանսիացի քաղաքական գործիչներին՝ իրենց արցախյան այցերի մասին կառավարությանը տեղյակ չպահելու համար։ Բաքուն անմիջապես արձագանքեց Լը Դրիանին՝ վերջինիս մեղադրելով «դիվանագիտական էթիկան խախտելու մեջ»։  

«Հանրապետականներ» կուսակցությունը ներկայացնող, Հայաստան-Ֆրանսիա» խմբի անդամ, սենատոր Վալերի Բուայեն այսօր՝ հունվարի 19-ին, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ դատապարտելի եւ մտահոգիչ որակեց Մակրոնի կառավարության լռությունը Ալիեւի սպառնալիքների առնչությամբ եւ նշեց, որ իրենք բավարարված չեն արտգործնախարարի արձագանքով եւ կարծում են, որ Ֆրանսիան Ադրբեջանից պետք է «հանդիսավոր ներողություն» պահանջի։

Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչ, արտաքին առեւտրի հարցերի պատասխանատու նախարար Ֆրենկ Ռիեսթերը, պատասխանելով Վալերի Բուայեին, հիշեցրեց լը Դրիանի երեկվա պատասխանն Ալիեւին եւ նշեց, որ դա Ֆրանսիայի կառավարության դիրքորոշումն է, որը փոխանցվել է նաեւ Փարիզում Ադրբեջանի դեսպանին։ Խուսափելով կոնկրետությունից՝ նա հիշեցրեց հայ-ֆրանսիական բարեկամությունը եւ ասաց, որ Ֆրանսիան աջակցում է Հայաստանին հումանիտար, տնտեսական եւ այլ ոլորտներում եւ վարչապետ Փաշինյանի ու նախագահ Ալիեւի հետ երկխոսության միջոցով, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում փորձում լուծում գտնել Ղարաբաղյան հակամարտությանը։

Սենատոր Բուայեն, արձագանքելով նախարարին, հայտարարեց, որ Ադրբեջանի դեսպանը հերքում է այդ սպառնալիքները եւ իրենց է մեղադրում, թե Վալերի Պեկրեսը խախտել է Ադրբեջանի օրենքը մի տարածքում, որն իրեն չի պատկանում։ «Ո՞վ է խախտել օրենքը՝ ռմբակոծելով եկեղեցիներ եւ քաղաքացիական շենքեր, պահելով ռազմագերիներին, շուն անվանելով մեր դաշնակից հայերին, ներխուժելով Հայաստանի տարածք»,- ասաց Բուայեն ու մեղադրեց Ֆրանսիայի իշխանություններին լռություն պահպանելու մեջ՝ ադրբեջանական վայրագություններին դեմ հանդիման։

Ամփոփելով՝ նա կոչ արեց Ֆրանսիայի իշխանություններին որպես Մինսկի խմբի անդամ վերջ տալ չեզոքություն պահպանելուն։ «Լինել չեզոք՝ նշանակում է ընտրել դիկտատուրան եւ նվաստացումը»,- եզրափակեց իր ելույթը Վալերի Բուայեն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter