HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Հայկական գինի. չքարտեզագրված այգիներից մինչև եվրոպական շուկա

Հայաստանում գինին առավելապես համարվում է կանանց խմիչք. այս մասին է վկայում 2021թ. «Բրեվիս» հետազոտական և մարքեթինգային ընկերության իրականացրած հանրային կարծիքի ուսումնասիրությունը։

Չնայած եղած մի շարք խնդիրներին, ինչպես օրինակ, չկարգարվորված մթերումը, մասնագետների բացակայությունը, խաղողի չհստակեցված տեսակներն ու չուսումնասիրված հողատարածքները՝ այսօր արդեն հայկական գինին հասանելի է Եվրոպայում։

Հայկական գինեգործության հիմնական բացթողումներն ու հայկական գինու կարևոր առանձնահատկությունները. որո՞նք են դրանք։

 

 

2021թ. դեկտեմբերի վերջին Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի ջանքերով գործարկվել է Wines of Armenia օնլայն հարթակը, որի շնորհիվ հայկական գինիները հասանելի են դարձել եվրոպական շուկայի համար։ Պահեստը Բեռլինում է, սակայն գինիները հասանելի են ողջ Եվրոպայում։

Wines of Armenia-ում ընդգրկելու համար նախօրոք կազմակերպվել է գինիների համտես, որին ներկայացվել է 36 ընկերության 200-ից ավելի գինի։ Համտեսի արդյունքում ընտրվել է 21 ընկերության 56 գինի։ Դրանք ընտրել են հենց գինեգործական ընկերությունների ներկայացուցիչները, որոնք և մասնակցել են համտեսին։

Նախատեսվում է տարին 2  անգամ դարձյալ կույր համտես կազմակերպել՝ հարթակում նոր գինիներ ընդգրկելու համար։

Սակայն այս ամենով հադերձ, հայկական գինեգործությունը ունի դեռևս մի շարք չլուծված հարցեր։

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը ստեղծվել է 2016թ.-ի հուլիսին, սակայն մինչև 2017թ. մայիս ակտիվ գործունեություն չի ծավալել, քանի որ չէր ձևավորվել թիմ։

2018թ. իշխանափոխությունից հետո հիմնադրամները սկսեցին փակել, Գինեգործության հիմնադրամն էլ հայտնվեց հարվածի տակ, բայց քանի որ ոլորտը կարևոր էր, և 2016թ.-ից գինեգործությունը հռչակվել էր տնտեսության գերակա ճյուղ, այն չփակվեց։

Ներկայիս տնօրեն Զարուհի Մուրադյանն ասում է, որ 2019-ից հետո Հիմնադրամը նոր «թափ առավ», սակայն սկսվեց կորոնավիրուսը, և դարձյալ դժվարություններ առաջացան»։

2021թ.-ն, ըստ Զ. Մուրադյանի, հաջողակ տարի է եղել. բոլոր պլանավորած նախագծերն արվել են։ Հիմնադրամի ծրագրերի իրականացման ամբողջ գումարը տրամադրում է պետությունը, սակայն այն ֆինանսավորվում է նաև այլ միջոցներից՝ անդամավճարներից և միջազգային գործընկերների կողմից։

Քարտեզագրումից պարզվել է՝ իրական այգիներն ավելի քիչ են, քան «պաշտոնականները»

Հայաստանում խաղողի այգիները տեղայնացված են 5 հիմնական մարզում՝ Վայոց Ձոր, Արմավիր, Արարատ, Արագածոտն և Տավուշ։

Ավելի շատ տարածված են խաղողի այն տեսակները, որոնք օգտագործվում են կոնյակի արտադրության մեջ։ Գինեգործության համար օգտագործվող խաղողի համար առավել նպաստավոր պայմաններ են Վայոց Ձորում, Տավուշում, Արագածոտնի նախալեռներում, նաև՝ Արմավիրի որոշ հատվածներում։

Մինչև վերջերս, սակայն, հայտնի չէր՝ որ մարզում ինչ այգիներ կան, քանի որ խաղողի այգիների քարտեզագրում չէր արվել.

«Մենք ծրագրեր էինք անում, մեզ համար այն ստրատեգիկ ոլորտ է, ու մենք ոչ մի ինֆորմացիա դրա մասին չունեինք։ Ունեինք ստատիստիկ տվյալներ, որ մեզ ասում էին, որ ունենք 17 200 հա այգի (2017թ. պաշտոնական տվյալն էր, հեղ.), ու չգիտեինք՝ այդ այգիները որտեղ են տեղայնացված, ինչ տեսակներ ունենք, ինչ խնդիրներ ունենք, բայց ուզում ենք՝ գինեգործությունը զարգացնել»,- ասում է Մուրադյանը՝ նշելով, որ նմանատիպ խնդիրներ կան նաև հայկական կոնյակագործության ոլորտում:

«Մենք առանց հիմք ունենալու բուրգ ենք կառուցում, բայց խարխուլ հիմք ունենք։ Դրա համար որոշեցինք առաջին հերթին հասկանալ՝ մենք ինչ ունենք, դրա համար քարտեզագրեցինք»,- ասում է Զ. Մուրադյանը։

Այս առումով՝ ամենաշատը հետաքրքրում էր ոչ թե այգիների չափը, այլ դրանց տեղը, այնտեղ աճող խաղողի տեսակները, որ հնարավոր լիներ այդ այգիների հետ կապված հետագա ծրագրերն ավելի ճիշտ կառուցել։

Քարտեզագրումից հետո պարզվել է, որ մինչ այդ եղած պաշտոնական տվյալներն իրարից մոտ 4000 հա-ով տարբերվում են։ Մասնավորապես, պաշտոնական 17 000 հա-ի փոխարեն փաստացի քարտեզագրվել է խաղողի 13 հազար հա այգի։ Զարուհի Մուրադյանի խոսքով՝ մենք ոչ թե 4000 հա այգին կորցրել ենք, այլ նախկին թվերն էին ուռճացված, որովհետև վերջին տարիներին, հակառակը, շատ այգիներ են հիմնվել և տնկվել են ավելի գինեմետ տեսակներ (գինու պատրաստման համար առավել կիրառելի, նպաստավոր, հեղ.

Նաև ստացվել են տվյալներ խաղողի տեսակների, ոռոգման համակարգի,  հիվանդությունների մասին։ Այդ ամողջ ինֆորմացիան մուտքագրվել է բազա, որը հասանելի է կլինի միայն շահագրիգիռ կողմերին, ինչպես նաև՝ Կառավարությանը՝ ոլորտը վերահսկելու համար։

Զ. Մուրադյանը կարծում է, որ քարտեզագրումը թույլ կտա վերահսկել շուկան մեծ մասամբ՝ հետագծելիության շնորհիվ, ու քանի որ ոլորտում շատ են մասնավոր ֆերմերների այգիները, հնարավոր կլինի տեսնել՝ այգին բերքատու՞ այգի է, ունի՞ այդ տեսակները, այգու մակերեսն ինչքան է, ու, հետևաբար, այդ այգուց ինչքան բերք է հնարավոր ստանալ ու ինչքան է ներկայացված իրականում։

Կամ, օրինակ, երբ նույն արտադրողը հայտարարի, որ այս կամ այն այգուց է ձեռք բերել խաղողը, հնարավոր կլինի պարզել՝ այդ այգում աճու՞մ է նման տեսակի խաղող, թե՞ ոչ։

«Օրենքի մեջ («Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» օրենք) պետք է փոփոխություններ իրականացվեն, որ ոչ մի ֆերմեր իրավունք չունենա մեկ կգ խաղող վաճառի, եթե ինքը գրանցված չէ բազայում, և նույն մթերողն իրավունք չի ունենալու մթերի, եթե ինքը չի գրանցում բազայում՝ թե ումից, ինչքան է մթերել»,- ասում է Զ. Մուրադյանը։

Նա նշում է, որ եթե գյուղացիները, ֆերմերները դժվարանան տեխնիկական հարցերում, համայնքապետերը կօգնեն։

Բազայի կարևոր առավելություններից կլինի նաև թղթաբանության վերացումն ու գինու արտադրության գործընթացի հեշտացումը։ Ու թեև խոշոր ընկերություններն արդեն ունեն իրենց ֆերմերների, այգիների բազան, որոնց հետ աշխատում են՝ մեծ մասը դեռևս չունի։

Բացի այդ, կայքից հնարավոր կլինի տեղեկանալ տեսակների բերքատվության մասին. օրինակ՝ այս տարի ինչքա՞ն արենի տեսակի խաղող կստացվի, և պարզ կլինեն արդեն գինու արդադրության հնարավոր ծավալները։ Դրանով կապահովվի հայկական մաքուր սորտային խաղողներից պատրաստված գինիների ճանաչելիությունը, ինչը, ըստ Մուրադյանի, հնարավորություն կտա հայտնի դարձնել այդ տեսակները՝ որպես հայկական:

«Ասում են, որ գինու արտադրության մեջ (Հայաստանում), կեղծարարություն չի լինում, բայց տեսակային արտադրության մեջ լինում է։ Ասենք՝ կարող են խառնել հաղթանակ ու արենի, գրեն՝ արենի, և վաճառեն»,- ասում է Զ  Մուրադյանը։

Խաղողի 70 տեսակ կա, որ դեռևս անուն չունի

Բացի քարտեզագրումից, շատ կարևոր է Հայաստանում եղած խաղողի տեսակների ուսումնասիրությունն ու դրանց առանձնացումը։

Ճիշտ է՝ Հայաստանում մինչ այդ մասնագետները կոլեկցիոն այգին էին հիմնել Արմավիրի մարզում, որտեղ հավաքել էին մոտ 270 տեսակի խաղող, սակայն այդ ժամանակ հետազոտություն չէր արվել՝ հավաստիանալու՝ արդյոք ընտրված տեսակներն ու անունները նույնական են, այսինքն՝ համապատասխանում են. խաղողներն այս կամ այն տեսակին են դասել ամպելոգրաֆները՝ առանց լրացուցիչ հետազոտության։

 Ամպելոգրաֆիա - գիտություն խաղողի տեսակների և սորտերի մասին

Երբ այդ այգին հանձնվել է Հիմնադրամին, առաջին քայլերից մեկը, որ արվել է, եղել է տեսակների գենոտիպային, ֆենոտիպային հետազոտությունը (Գերմանիայում)՝ հասկանալու՝ իրականում ինչ տեսակներ կան, և պարզվել է բոլորովին այլ պատկեր. այգում 70-ից ավելի խաղողի տեսակ է եղել, որ նույնիսկ անուն էլ չի ունեցել. դրանց տեսակային պատկանելիությունը մասնագետները պետք է որոշեն առաջիկայում։

Ապա հետազոտություններ են արվել, անձնագրեր են տրվել մնացած տեսակներին, ստեղծվել է կայք, որում ներկայացված է մոտ 170 տեսակ։ 

 Հայկական խաղողի ամենատարածված տեսակներն են՝ արենի, ոսկեհատ, հաղթանակ, կանգուն։

Արցախում խնդողնին էր։

Այս ամենի արդյունքում հնարավոր է դարձել ապացուցել, որ միջազգային տեսակների բազայում որպես ադրբեջանական գրանցված ոսկեհատ ու արենի տեսակները տեղածին հայկական տեսակներ են, և դրանց ծագման երկիրը փոխվել է։

Սակայն պատերազմից հետո կորցրել ենք նաև Տողի, Հադրութի տերուարները։

«Հիմա Ասկերանում մնացել են մի քանի այգիներ, բայց պետք է այդ տեսակի հետ աշխատենք, որ հասկանանք՝ արդյոք Հայաստանում կկարողանանք դրա լավագույն ներուժը բացենք»,- ասում է Մուրադյանը՝ նշելով, որ այս ուղղությամբ աշխատանքներ դեռևս չեն տարվում, իսկ խաղողագործության մեջ իսկապես արժեքավոր, որակյալ խաղող կարելի է տեսնել 10 տարի հետո։ 

Տերուար - կոնկրետ տեղանքի պայմանների ամբողջություն։ Գինեգործական տերուարի հիմնական բաղկացուցիչ տարրերն են կլիման, հողի տեսակը, տեղանքը և տեղանքում ու շրջակայքում աճող այլ բույսեր։

Նույնը վերաբերում է արցախյան խնդողնի խաղողի տեսակին. 

«Եթե մենք խնդողնին բերենք, դնենք, նայենք, 5 տարի հետո բերքն ինչպիսին եղավ՝ լավացավ, թե վատացավ, ինչքան կյանք կունենա, սա լուրջ հետազոտություն է, նաև՝ մասնագիտական, որը պետք է անենք ու հասկանանք, որ կարողանանք այդ տեսակը տարածել։ Սակայն, ես վստահ եմ, որ մենք այդ որակը չենք ստանա, ինչ Արցախում էր»,- նշում է Զ. Մուրադյանը։

Ներկայում Հայաստանում խաղողի տեսակների հետազոտության հնարավորություն չկա՝ չկան թե’ սարքավորումներ, թե’ համապատասխան մասնագետներ, թե’ գիտական կենտրոններ։ Այդ բոլոր հետազոտությունները պետք է արվեն արտասահմանում։

Մեծ մասն իրականացնում է չկարգավորված մթերում

Քարտեզագրումից, տեսակների տեսակավորումից ոչ պակաս կարևոր է գինեգործության մեջ մթերման գործընթացը։ Հայաստանում կա 103 գինեգործական ընկերություն, որոնք, Զարուհի Մուրադյանի խոսքով, դեռևս «փնթի մթերում են անում», ինչի մասին վկայում են մթերման ժամանակ եղած հերթերը։

Մուրադյանը համաձայն չէ ֆերմերների այն դժգոհության հետ, որ իրենք ամբողջ տարի աշխատում են, բայց իրենց ապրանքը ոչ մի արտադրող չի մթերում.

«Որակյալ գինու արտադրության խնդիրները սկսվում են հենց մթերումից։ Որակյալ գինի հնարավոր չէ արտադրել անորակ խաղողից,- ասում է Մուրադյանը:- Հայաստանում մենք մաքրատեսակ այգիներ գրեթե չունենք, այսինքն՝ նույն ֆերմերը շատ անգամ չգիտի՝ իր այգում ինչ խաղողներ կան»։

Զ. Մուրադյանն ասում է, որ ֆերմերների մեծ մասն էլ զարմանում է՝ ինչի պետք է կանաչ էտ անի, բերք կորցնի, և դժվար է լինում բացատրել, որ հետո այդ խաղողից լավ գինի ստանալ հնարավոր չէ։

«Ֆերմերն իր համար ամբողջ տարին ինչ արել-չի արել, հետո չգիտեմ՝ ինչ է ստանում, այդ խաղողը լցնում է մեքենայի մեջ, իրեն ոչ մեկ չի ասել՝ այդ բերքդ հավաքի, ինքը վախենում է, որովհետև մտածում է, որ հիմա այդ բերքը չհավաքի, հետո չի կարող վաճառել։ Խաղողը լցնում է մեքենայի մեջ, տանում է, արևի տակ կանգնեցնում է, արհեստական հերթեր են ստեղծում, խաղողի որակն ընկնում է: Եթե ես արտադրող եմ, ես շատ-շատ այդ խաղողը թորեմ»,-ասում է Մուրադյանը՝ շեշտելով, որ նման խաղողին ոչ մեկ բարձր գին չի տա, և դա նույնպես առաջացնում է գյուղացու զայրույթը։

Սակայն այստեղ մեղավորություն ունի նաև արտադրողը, ով ֆերմերի հետ նախնական պայմանավորվածություն ձեռք չի բերում և չի վերահսկում խաղողի որակն ավելի վաղ փուլերում։ Օրինակ՝ նախընտրելի որակի գինի ստանալու համար, արտադրողը պետք է վերահսկի էտման, պարարտացման և այլ գործընթացներ։ Մուրադյանը վստահ է՝ գինեգործը պետք է այգիներում ժամանակ անցկացնի, որ հասկանա՝ ինչ ապրանք է ստանալու։

Հայաստանում հիմա չկան նաև մասնագետներ՝ ամպելոգրաֆներ, որոնք հասկանում են խաղողի տեսակներից ու միայն տեսքով կարող են որոշել՝ ինչ խաղող է (վերջին երկու ամպելոգրաֆները, որոնք և հիմնել էին կոլեկցիոն այգին, մահացել են, հեղ.

Մթերման ժամանակ առաջացող խնդիրներին լուծում տալու համար Հիմնադրամն ուզում էր իրականացնել կարիքների բացահայտման ծրագիր, և արդեն մշակվել էր հարցաշար, սակայն, ինչպես նշում է տնօրենը, իրենց «թույլ չտվեցին»՝ նշելով, որ դա լրիվ այլ ուղղություն է, և չպետք է շեղվել հիմնական առաքելությունից։

«Պատճառների բացահայտումը, միանշանակ, բերելու էր մթերման որակի լավացմանը։ Միայն այն, որ մեքենան 4 օր կանգնում է արևի տակ, և դրանից հնարավոր չէ որակյալ գինի ստանալ, այո’, ինձ՝ որպես արտադրողի, խանգարելու է»,- ասում է Զ. Մուրադյանը։

Հայկական գինու առավելությունը. ինչպես ներկայանալ աշխարհին

Որպեսզի Հայաստանը հաջողի՝ որպես գինեգործական երկիր, շեշտադրումը պետք է դնել միայն ու միայն  որակի վրա, տերուարների, հայկական բնիկ տեսակների վրա, քանի որ ծավալով Հայաստանը չի կարող մրցել այլ երկրների հետ։ Այս կարծիքին է Զ. Մուրադյանը։

Այդ պատճառով Հիմնադրամը ներդնելու է այնպիսի մեխանիզմներ, որ հայկական գինիների որակը բարձրանա։

«Աշխարհին հետաքրքիր է բացահայտել նոր, էնդեմիկ տեսակներ, և այս ուղղությունը պետք է զարգացնել։ Հաջողության գրավականը տեղածին տեսակներով բարձորակ գինիներն արտադրելն է, մենք ուրիշ շանս չունենք»,-նշում է տնօրենը։

Թե որն է հայկական գինու համար թիրախային շուկա, Մուրադյանը դժվարանում է ասել, քանի որ կարծում է՝ բոլորն էլ մեզ համար պետք է թիրախային լինեն. Հայաստանը՝ որպես էկզոտիկ գինի արտադրող երկիր, կարող է հետաքրքիր լինել աշխարհի ամենատարբեր երկրներին։

Սրանից բացի, զուգահեռ աճել է Հայաստանից մրգային գինիների արտահանումը. դրանց հիմնական շուկան Ռուսաստանն է.

«Եթե մի քանի տարի առաջ Ռուսաստանում սպառվում էին էժան ու անորակ գինիները, և մարդիկ, ստիպված, բիզնես տեսանկյունից ելնելով, արտադրում էին այդ չափանիշներին համապատասխան գինի, այսօր այդ շուկան էլ է կրթվում, ու ավելի բարձր որակի գինիների պահանջարկը մեծանում է»։

Այս շուկայից դուրս չմղվելու համար Զ. Մուրադյանն առաջարկում է նռան գինուն՝ որպես հայկականի, որոշակի նոր կատեգորիա տալ, մտցնել ԵԱՏՄ ռեեստր՝ որպես առանձին՝ հայկական խմիչքի տեսակ, և փորձել այն ասոցացնել Հայաստանի հետ, ինչպես, օրինակ, տեկիլան՝ Մեքսիկայի, կամ կալվադոսը Ֆրանիսայի հետ և այլն։

«Սա է մեր հարստությունը, մենք աշխարհին կարող ենք հետաքրքիր լինել հենց բազմազան խաղողի տեսակներով, ու մենք պետք է աշխատենք այդ տեսակներն ու դրանց պոտենցիալն ուսումնասիրելու համար։ Սա մեզ համար հնարավորություն է՝ մեզ ճիշտ դիրքավորվելու»,- ասում է Մուրադյանը։

Նա ևս մեկ անգամ շեշտում է, որ Հայաստանում տարածված՝ հնագույն լինելու պիտակով չենք կարող առաջ տանել հայկական գինին կամ համեմատվել, օրինակ Վրաստանի հետ, որը շատ ներդրումներ է արել այդ ուղղությամբ. այս առումով մենք պետք է շեշտենք հայական գինու վերածնունդը՝ մենք ունենք պատմություն, բայց նոր ենք կերտում մեր գինեգործությունը։

2022թ.-ի մեծ ու կարևոր նախագծերից

Հիմնադրամն առաջիկայում նախատեսում է մի քանի ծրագիր իրականացնել՝ գինեգործության ոլորտում եղած թերություններտը շտկելու ուղղությամբ։

Մասնավորապես՝ վերջացնել քարտեզագրումը, կատարել տեսակների հետազոտություն, պահպանել ներուժը, ներդնել աշխարհագրական մակնշման համակարգ, իրականացնել ոլորտային կրթության բարելավում, մասնագետների պատրաստում (համագործակցում են Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ), խաղողագործների վերապատրաստում և այլն։

Մուրադյանն ասում է, որ երբ այլ երկրից ներդրողներ են գալիս, գինու այգի են ուզում հիմնել, Հայաստանում չկան մասնագետներ՝ տնկարարներ, ագրոնոմներ, գինու ոլորտում մասնագիտացված խորհրդատվական ընկերություններ, որակյալ գինեգետներ, սոմելյեներ և այլն։

Նա նաև հիշում է, որ վերջերս, երբ հողի որակի ուսումնասիրություններ են կատարել և ուղարկել են Ֆրանսիա՝ հետազոտության, Ֆրանսիայից ստացած պատասխանը չեն կարողացել հասկանալ՝ ի վերջո դա լա՞վ է, թե՞ վատ.

«Մեզ թվում է, որ զարգացել է այս ուղղությունը, բայց երբ որ ինչ-որ գինու բար, կամ ռեստորան է բացվում, կամ մասնագիտացված այլ տեղ, մեզ դիմում են, ասում են՝ կարո՞ղ եք սոմելյե տալ, կամ ինչու՞ չեք կրթում»:

Հետագա ծրագրերում կարևորվելու է հայկական գինիների ճանաչելիության բարձրացումը, քանի որ կորոնավիրուսի համավարակի ժամանակ պարզ դարձավ նաև, որ ներքին շուկայում սպառման խնդիր կա, այսինքն՝ հայերը գինի այնքան էլ շատ չեն խմում, ինչքան թվում էր։

2021թ. «Բրեվիս» հետազոտական և մարքեթինգային ընկերությունը իրականացրել է հանրային կարծիքի ուսումնասիրություն, որով պարզել են, որ գինի Հայաստանում խմում են առավելապես միջին տարիքի կանայք։

Տնտեսության գերակա ճյուղով զբաղվող կառույցի ֆինանսավորումը կրճատվել է 68 մլն-ով

Արդյո՞ք լիակատար կիրականացվեն այդ ծրագրերը, դեռևս հայտնի չէ, քանի որ ոլորտը ծախստար է, իսկ դեռևս 2016թ. գերակա ճյուղ համարվող գինեգուծության խնդիրներով զբաղվող Հիմնադրամի ֆինանսավորումը 2022թ.-ից կրճատվել է մոտ 70 մլն-ով՝ 300 մլն-ից դառնալով 230 մլն։

«Մենք այն փուլում չենք, որ արդեն այնքան ենք զարգացել, որ պետությունն ուզում է քիչ-քիչ հետ կանգնել»,- ասում է Զ. Մուրադյանը՝ նշելով, որ չնայած հասկանում են, որ երկրում հրատապ հարցերը շատ են, բայց եթե պետությունն ուզում է տնտեսությունը զարգացնել, պետք է ներդրումներ անել։

Մուրադյանը հավաստիացնում է՝ հիմա եղած հնարավորությունների սահմանում անում են առավելագույնը, ոչ մի հնարավորություն բաց չեն թողնում։

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի, Սարո Բաղդասարյանի, Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանություններ (1)

Hayk
The only way to become distinctive producer of fine wine today is to come up with our own Armenian Wine brand that can be associated to ancient traditions and Areni grape type. Look at the Austrian Zweigelt, I tasted over 1000 wines around the world and only similar wine to Areni is Austrian Zweigelt with similar earthy taste. This wine is associated with reasonable price, high quality and easy drinking. Armenia should stop thinking that they can get to west markets market by producing Argentinian, Cabernet or Merlot wines, or elite expensive wines. Only way to is make similar story like Austrian Zweigelt, quality, price, easy drinking with distinctive ancient early Areni taste. There is nothing better to pair to our pork barbeque than a bottle of fresh Areni.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter