HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նշվեց Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը  

30 տարի առաջ այս օրը՝ 1992թ. փետրվարի 24-ին, Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև արձանագրություն ստորագրվեց դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին: Իսկ մեկ տարի անց՝ 1993 մարտի 12-ին ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտերանը Փարիզում պայմանագիր ստորագրեցին  Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիական Հանրապետության միջև համաձայնության, բարեկամության և համագործակցության մասին:

Այդ պայմանագրի ստորագրմանը ներկա էր Ֆրանսիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Վահան Տեր-Ղեւոնդյանը, որը հենց այդ օրը սկսեց իր պետական ծառայությունը։

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում այսօր կազմակերպված հոբելյանական ընդունելությանը նա ասաց, որ հայ-ֆրանսիական հարաբերությունների հաստատումը համընկավ մեր երկրի համար բախտորոշ ժամանակաշրջանի՝ Արցախյան պատերազմի վերջին՝ ամենածանր օրերի, տնտեսական եւ էներգետիկ ճգնաժամի հետ, բայց դա նաեւ հայկական պետության ամրապնդման, Արցախում զինադադարի հաստատման եւ ճգնաժամի հաղթահարման մի փուլ էր, որի ընթացքում մշտապես մեր կողքին էր Ֆրանսիայի Հանրապետությունը, ֆրանսիական պետական, հասարակական, մարդասիրական կառույցներ եւ ֆրանսահայ համայնքը։

Հայաստանում Ֆրանսիայի առաջին դեսպան (1992-1996) տիկին Ֆրանս դը Հարտինգը ականատեսն է եղել Հայաստանի այդ ծանր օրերի եւ մեծ ջանքեր է գործադրել ինչպես Հայաստանին օգնելու, այնպես էլ հայ-ֆրանսիական դիվանագիտական հարաբերությունների կայացման համար։ Ֆրանսիայի գործող դեսպան Անն Լույոն այսօրվա ընդունելությանն ասաց, որ տիկին Հարտինգը սիրով է հիշում եւ չափազանց կապված է Հայաստանի հետ։

1995-ին Փարիզում բացվեց ՀՀ դեսպանությունը։ Հանդիսավոր արարողությանը ՀՀ արտգործնախարար Վահրամ Փափազյանի հետ մասնակցել է նաեւ Վահան Տեր- Ղեւոնդյանը։ Այդ դրվագը հիշելով՝ նա ասաց, որ աննկարագրելի զգացողություն են ապրել, երբ դեսպանության շենքի վրա, 70 տարվա ընդմիջումից հետո, բարձրացվել է հայկական եռագույն դրոշը։

Հայ-ֆրանսիական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի առթիվ Փարիզից շնորհավորական ուղերձ էր հղել Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը, որը Արցախյան պատերազմից հետո քանիցս այցելել է Հայաստան՝ ուղեկցելով պատերազմից տուժածների համար մարդասիրական օգնություն բերող ֆրանսիական օդանավերը։

Միջոցառման ընթացքում հնչած բոլոր ելույթներում հիշատակվեցին հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությունը եւ փոխօգնությունը՝ Ֆրանսիայի մեկնած օգնության ձեռքը ցեղասպանությունից փրկված հայերին եւ հայերի մասնակցությունը ֆրանսիական դիմադրական շարժմանը ֆաշիստական Գերմանիայի դեմ։

Ներկայում հայ-ֆրանսիական ամուր կապ եւ համագործակցություն կա քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների, առողջապահության եւ այլ ոլորտներում։ Ինչպես նշեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ հայ-ֆրանսիական հարաբերությունները բնութագրվում են որպես առանձնաշնորհյալ։

Նա կարեւորեց Ֆրանսիայի աջակցությունը 2020-ի Արցախյան պատերազմի ժամանակ եւ շնորհակալություն հայտնեց Ֆրանսիայի նախագահին եւ ժողովրդին, ինչպես նաեւ՝ ֆրանսահայ համայնքին։

Դեսպան Անն Լույոն հույս հայտնեց, որ երեսուն տարի անց դեսպանության շենքում կնշվի հայ-ֆրանսիական դիվանագիտական հարաբերությունների 60-ամյակը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter