HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Ռուսաստանից պահանջելու ենք զինադադար. Էմանուել Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հատուկ նստաշրջանից հետո, որտեղ Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա դատապարտող բանաձև ընդունվեց, ուղերձով դիմեց ֆրանսիացիներին։

Թվարկելով պատերազմին նախորդող շրջանում` դեռեւս 2017-ից իր բազմաթիվ հանդիպումները Ուկրաինայի նախագահ Զելենսկու եւ ՌԴ նախագահ Պուտինի հետ, նա նշեց, որ արել է հնարավորը այլընտրանքներ գտնելու, այս պատերազմը կանխելու համար։ ԱՄՆ նախագահը նույնպես քննարկելու պատրաստակամություն է ցուցաբերել։ Սակայն, Պուտինն ընտրեց պատերազմը։ «Այս պատերազմը հակամարտություն չէ մի կողմից ՆԱՏՕ-ի եւ Արեւմուտքի, մյուս կողմից՝ Ռուսաստանի միջեւ, ինչպես ոմանք փորձում են ներկայացնել, դա սուտ է, կեղծիք։ ՆԱՏՕ-ի ուժեր չկան Ուկրաինայում, ինչպես սուտ են Ուկրաինայում նացիզմի մասին հայտարարությունները: Այս պատերազմը վրեժխնդրության ոգու արգասիքն է, որը սնվում է Եվրոպայի պատմության ռեւիզիոնիստական ​​ընթերցմամբ»,- ասաց Էմանուել Մակրոնը։

Ֆրանսիայի նախագահը հավաստիացրեց, որ Եվրոպան չի ցանկացել պատերազմ, որ եվրոպական մայրցամաքը ցնցված է ռուս-ուկրաինական պատերազմից, այդ իսկ պատճառով միասնականություն դրսեւորեց ու միացավ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներին, որոնց նպատակը ռազմական գործողությունների դադարեցումն է։

«Մենք պատերազմի մեջ չենք Ռուսաստանի հետ, դեմ չենք ռուս ժողովրդին, չենք մոռանա երկրորդ աշխարհամարտում նրանց ներդրումը նացիզմի դեմ հաղթանակում։ Մենք այն ռուսների կողքին ենք, որոնք դեմ են իրենց անունից տարվող այս պատերազմին»,- ասաց Մակրոնը։

Ապա հայտարարեց, որ Ուկրաինայի նախագահ Զելենսկու կողքին կլինի այնքան, ինչքան պետք է եւ պատրաստ է էլի խոսել ՌԴ նախագահ Պուտինի հետ։ Անդրադառնալով պատերազմի հետեւանքով իրենց երկիրը լքած ուկրաինացի փախստականներին՝ Մակրոնը հայտարարեց, որ Ֆրանսիան իր բաժինը կստանձնի փախստականներին ընդունելու համար։

Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները եւ իրավիճակն Ուկրաինայում անխուսափելիորեն անդրադառնալու են Ֆրանսիայի տնտեսության վրա, քանի որ ֆրանսիական ընկերությունների համար այս երկրներն արտահանման շուկաներ էին։ «Գյուղատնտեսությունը տուժում է, մեր բոլոր ոլորտները կրելու են սոցիալ-տնտեսական ազդեցությունները այս պատերազմի»,- ասաց Մակրոնն ու տեղեկացրեց, որ արդեն հանձնարարել է կառավարությանը առաջիկա օրերին համալիր քայլեր մշակել այս մարտահրավերներին արձագանքելու համար։  

Ռուսական գազից կախվածություն ունեցող Եվրոպայի համար ներկա իրադրությունը մեծ ռիսկեր է ստեղծում նաեւ էներգետիկ անվտանգության տեսանկյունից։ Ըստ Մակրոնի, Ֆրանսիան պետք է պաշտպանի Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը եւ այդ նպատակով զարկ տա վերականգնվող էներգիայի զարգացմանը եւ նոր ատոմակայան կառուցի։ Գալիք շաբաթ՝ մարտի 11-ին, այդ թեմայով եվրոպական լիդերների գագաթնաժողով է տեղի ունենալու Վերսալում։ «Մեր Եվրոպան այս ճգնաժամից պիտի դուրս գա ավելի ուժեղ եւ ինքնուրույն»,-ասաց Ֆրանսիայի ղեկավարը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter