HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Արամ Մանուկյանը հանրահավաքում ներկայացրել է ՍԴ դիմելու հիմքերը

Հանրահավաքը վարող Արամ Մանուկյանը, մինչև մյուս բանախոսին խոսք տրամադրելը, ասաց, որ այս ընտրություններում նախնական տվյալներով 53 հազար քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: Դրանց մի մասը, ըստ նրա, «կարուսելին» մասնակցած անձինք դիտավորությամբ են անվավեր դարձրել, քանզի վերջիններս, դեմ չգնալով իրենց խղճին, հավելյալ նշումներ են արել քվեաթերթիկների վրա:

Արաբկիրում համամասնական ընտրացուցակում բազմաթիվ քվեաթերթիկների վրա նշված են եղել միաժամանակ 3-րդ և 7-րդ համարները: Այսինքն՝ ըստ Մանուկյանի, անգրագետ մասսա են բերել ընտրատեղամասն՝ նախօրոք զգուշացնելով, որ մեծամասնականով պետք է քվեարկել 3-րդ համարի՝ ՀՀԿ-ի թեկնածուի, իսկ համամասնականով՝ 7-րդ համարի՝ ՀՀԿ-ի օգտին, իսկ մարդիկ շփոթվել են և նույն համամասնական քվեաթերթիկում նշում են արել միաժամանակ 3-րդ և 7-րդ համարների դիմաց:

«Գյուղեր կան, որ քվեարկողների 50 տոկոսը ուղեկցումով է քվեարկել: Միայն Վայքում՝ 2000 հոգի, Աջափնյակում՝ 300 քվեաթերթիկ նույն՝ կարմիր գույնի գրիչով է քվեարկած եղել»,- ասաց Արամ Մանուկյանը:

Նա նշեց, որ ՀԱԿ-ը դիմելու է Սահմանադրական դատարան՝ չեղյալ հայտարարելու մայիսի 6-ի ԱԺ ընտրությունների արդյունքները: Ըստ նրա՝ թեև այս պահին իրավաբանորեն ձևակերպված չէ բողոքի տեքստը, բայց դիմելու բոլոր հիմքերն արդեն ունեն:

Արամ Մանուկյանի խոսքերով՝ Սերժ Սարգսյանը, վարչապետը և տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ, օգտագործելով իշխանության ռեսուրսները, պետական լծակները, մասնակցել են քարոզարշավին, «ունենք բազմաթիվ փաստեր, որ գյուղապետերը ուղղակի իրենց աշխատասենյակում գումար են տվել մարդկանց և ուղարկել քվեարկության»:

Ըստ ՀՀՇ վարչության նախագահի՝ ընտրողների ցուցակները 500-700 հազար մարդով ուռճացված են, չկատարվեց Միասնական շտաբի պահանջը, և չհրապարակվեց ընտրություններին մասնակցած անձանց ցուցակը:

ՍԴ դիմելու հիմքերից մեկն էլ դրոշմակնիքի թանաքի պատմությունն է: Արամ Մանուկյանն ասաց, որ մի կերպ միջազգային ճնշմամբ, իրենք կարողացան հասնել նրան, որ քվեարկողների անձնագրերում կնիքներ դրվեն, «բայց այնպես արեցին, որ այդ կնիքը 15 րոպեում անհետացավ, իսկ իրականում ընտրողների 35 տոկոսը ընտրություններին մասնակցել է մինչև թանաքի ցնդելը», այսինքն՝ այդ 35 տոկոսը հնարավորոթյուն է ստացել նորից քվեարկելու՝ գործնականում «կարուսելի» մեջ ներդրվելով:

Արամ Մանուկյանի խոսքերով՝ բարձրացած աղմուկից հետո իշխանությունները ստիպխված փոխեցին թանաքը, բայց կիրառության մեջ դրվեց այնպիսին, որն ընդհանրապես չի անհետանում: Մինչդեռ իշխանություններն իրենք էին պնդում, որ օրենքի պահանջով անձնագրում դրված կնիքը 12 ժամից ավելի չմնար:

Արամ Մանուկյանի խոսքերով՝ Սահմանադրական դատարանի վրա «պետք է քաղաքացիական ճնշում գործադրենք, որպեսզի հասնենք արդարության, և այս հարցում իսկապես մենք անելիք ունենք»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter