HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Էկոնոմիկայի նախարարությունը չի կանխատեսել ռուս-ուկրաինական պատերազմի ազդեցությունը Հայաստանի գյուղատնտեսության վրա

Խաղողի մթերում իրականացնող գործարաններից մի քանիսը գյուղացիներին տեղեկացրել են, որ այս տարի վերանայելու են խաղողի մթերման ծավալները, և հնարավոր է՝ այս տարվա համար նոր պայմանագրեր չկնքվեն: Պատճառաբանությունը արտադրանքի սպառման ծավալների կրճատումն է և այն, որ խաղողի հյութից պատրաստված արտադրանքները տարաներից չեն դատարկվել:

Խոյ խոշարացված համայնքի խաղողագործ Դավիթ Կիրակոսյանն ասաց, որ 10 տարուց ավելի խաղող է մշակում և հանձնում գործարաններին: Այս տարի մթերող գործարանից հայտնել են, որ վերանայվելու են պայմանագրերը, հնարավոր է՝ մթերում չկատարվի:

«Ինձ նախապես հայտնել են, որ գլխիս ճարը տեսնեմ: Հիմա ի՞նչ, քանդե՞մ խաղողի այգին: Այդքան ներդրում եմ արել, ո՞վ է ինձ փոխհատուցելու»,-անորոշ սպասման մեջ հարցնում է Դավիթը:

Էկոնոմիկայի նախարարությունից «Հետք»-ին հայտնեցին, որ խաղող մթերող կազմակերպությունները մթերման ծավալների և գյուղացիական տնտեսությունների հետ խաղողի մթերման պայմանագրերի վերանայման մասին տեղեկատվություն իրենց չեն ներկայացրել։ Գյուղացիական տնտեսություններից ևս նման ահազանգեր չեն ստացել։

Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների և Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների հետեւանքով ռուբլու արժեզրկման պատճառով գինեգործական արտադրանքների արտահանման խնդիրները քննարկելու նպատակով Էկոնոմիկայի նախարարությունում պարբերաբար կազմակերպվում են հանդիպումներ։

Առկա դժվարությունները մեղմելու և կազմակերպություններին աջակցելու նպատակով նախարարությունը համապատասխան աջակցության միջոցառումներ է նախատեսում:  Մասնավորապես, քննարկվում է Կառավարության 2019թ. փետրվարի 28-ի N201-Լ որոշմամբ հաստատված Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակներում արտոնությունների կիրառումը, ինչպես նաեւ՝ նախկինում տրամադրված վարկերի համար սահմանված արտոնյալ և մայր գումարի մարման ժամկետները 3 ամսով երկարաձգելու հնարավորությունը։

«Դեռևս վաղ է կանխատեսել, թե Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների արդյունքում ստեղծված իրավիճակն ինչ ազդեցություն կարող է ունենալ ընթացիկ տարվա խաղողի մթերումների գործընթացի վրա, քանի որ դեռևս անկանխատեսելի են Ուկրաինայում ռազմական գործողությունների տևողությունը և ՌԴ ռուբլու փոխարժեքի կայունացման ընթացքը»,-հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից՝ խոստանալով քայլեր ձեռնարկել մթերումներն առանց խոչընդոտների իրականացնելու ուղղությամբ:

Էկոնոմիկայի նախարարությունից հետաքրքրվել էինք՝ կանխատեսումներ արվե՞լ են, թե Ռուսաստանի նկատմամաբ կիրառված սահմանափակումներն ընդհանրապես ինչ ազդեցություն կարող են ունենալ Հայաստանի գյուղատնտեսության վրա: 

Նախարարությունից հայտնում են, որ «ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ Ռուսաստանի Դաշնության նկատմամբ մի շարք երկրների կիրառած պատժամիջոցների հնարավոր հետևանքները Հայաստանի գյուղատնտեսության վրա ներկայումս հնարավոր չէ կանխատեսել»։ 

Պարզաբանումներ ստանալու նպատակով զանգահարել ենք նաև մի քանի գինեգործական ընկերություններ: Ստացել ենք պատասխան, որ դեռևս հստակություն չկա մթերում կատարելու կամ սահմանաչափը վերանայելու առումով: 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter