HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

«Բռնված չէ, գող չէ». Աշոտ Մանուկյանը`ընտրախախտումների մասին

ՀԱԿ դաշինքի ներկայացուցիչ, թիվ 30 ընտրատարածքում ՀԱԿ-ի կողմից մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված Աշոտ Մանուկյանը ընտրության արդյունքերը ՍԴ-ում վիճարկելու հետ առանձնապես մեծ հույսեր չի կապում: Թեպետ մայիսի 6-ի ընտրությունները նա գնահատում է «խայտառակ», իսկ «սրիկայությունն» էլ, ըստ նրան, այն է, որ առաջնորդվում են «բռնված չէ, գող չէ» սկզբունքով:

«Խայտառակ ընտրություններ են եղել, փող է բաժանվել համատարած, բոլորը գիտեն` դրույքաչափը ինչքան է եղել, ոնց է բաժանվել, ինչ է արվել: Բայց հնարավոր չէ հաստատել, որովհետև ոչ վերցնողն  է ասում, ոչ տվողն է ասում: Եվ բոլորն անմեղ են դուրս գալիս»,-ասում է ՀԱԿ-ի Վանաձորի գրասենյակի ղեկավարը:

Նրա խոսքով`հարկավոր է իրավաբանորեն հիմնավորել ցանկացած մեղադրանք, սակայն իրավական կառույցները, փոխանակ աջակցելու դրան, ընդհակառակը, խոչընդոտում են: «Կարելի է ամեն ինչ անել, բայց չբռնվել: Իսկ քանի որ էդ ամեն ինչ անողները էս իշխանություններն են, և բռնողներն էլ իշխանությունների հլու-հնազանդ ուժային կառույցներն են, բնականաբար, խիստ դժվար է որևէ բան հաստատել: Դա փակ շղթա է»,-նշում է ՀԱԿ ներկայացուցիչը:

Որպես օրինակ նա բերում է Վանաձորում տեղի ունեցած հետևյալ դեպքը. անձը առավոտյան քվեարկել է, իսկ օրվա երկրորդ կեսին նրա անձանգիրը հայտնվել է ՀՀԿ-ի վստահված անձի ձեռքին: ՀԱԿ-ի վստահված անձը, անձնագրի մեջ նկարը տեսնելով, հիշել է քվեարկողին: Այդ պահին վերջինս իր անձնագիրը հանձնել է ՀՀԿ ներկայացուցչին և փախել: Ոստիկանությունն իբր հետապնդել է նրան, բայց չի կարողացել բռնել:

Աշոտ Մանուկյանը նկատում է, որ ընտրության մասնակիցների ցուցակները հրապարակելու պահանջով դիմելով Սահմանադրական դատարան`քաղաքական ուժերը նպատակ ունեին բացառելու հավելագրումները: «Սակայն իշխանությունները էշի համառությամբ չընդունեցին դա, որովհետև իրենց ամբողջ կեղծիքի ռեսուրսը դրա մեջ էր կայանում»,-ասում է Աշոտ Մանուկյանը: Վերջինիս փոխանցմամբ`մոտ 700 հազար հավելագրումներ են եղել ցուցակներում:

ՀԱԿ-ի ներկայացուցչի խոսքով`նախկինի պես ուժի կիրառման, բռնության դեպքեր այլևս չեն արձանագրվում`ծեծուջարդ, վստահված անձանց դուրս շպրտել և այլն: Բայց խախտումներն արվում են և մինչև ընտրատեղամաս, և ընտրատեղամասում: Պարզապես տեխնոլոգիաներն են փոխվել, զարգացել այն աստիճան, որ շատ անգամ խախտումները հնարավոր է դառնում արձանագրել միայն ընտրությունների ավարտին`թվաբանական հաշվարկների, համեմատությունների, վերլուծությունների արդյունքում: Օրինակ` լցոնումը, ըստ նրան, հին տեխնոլոգիա է, որը Լոռիում չկիրառվեց:

Փոխարենն այստեղ օգտագործվել է կարուսելի մեթոդը: Աշոտ Մանուկյանը նշում է հատկապես անձը հաստատող փաստաթղթերում դրոշմակնիքների`12 ժամից շուտ օքսիդացած թանաքի մասին: Լոռիում թանաքն օքսիդացել է 10 րոպից 1 ժամվա ընթացքում: Ահազանգից հետո ընտրատեղամասերի մի մասում թանաքը փոխվել է օրվա երկրորդ կեսին, մի մասում չի փոխվել, մնացել է մինչև ընտրությունների ավարտը: Թանաքը չի փոխվել, օրինակ, Վանաձորի թիվ 30/12, 30/27 ընտրատեղամասերում: «ԿԸՀ-ի նախագահը ցինիզմով հայատարում է, որ շշերը լավ չեն թափահարել, որի հետևանքով նման բան է արձանագրվել: Բայց այդ քիմիական նյութի բաղադրությունն այնպիսին է, որ թափահարելու խնդիր չունի, նրա մեջ շերտավորում չի կարող լինել, այն միավոր նյութ է»,-նկատում է Աշոտ Մանուկյանը:

Ուստի, թանաքի`ժամանակից շուտ օքսիդանալու փաստը նրան հիմք է տալիս մտածելու, որ դա կանխավ մտածված է եղել կեղծարարության նպատակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter