HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Գյուղապետի հորդորը համագյուղացի հացադուլավորին` պետք չէ սոված մնալ

Իր կողմից հրավիրված բացօթյա մամուլի ասուլիսի ժամանակ 7 օր առաջ հացադուլ հայտարարած և ընտրությունները բոյկոտող Արտավազդ Վարդանյանը մանրամասնում է, թե ինչպես իրեն գիշերով առևանգեցին անհայտ անձինք և պահանջեցին հրաժարվել հացադուլից:

«Ես քնապարկի մեջ պառկած էի, և ընկերներիս գնալուց մոտ 10 րոպե անց` 12-ն անց 30-ի կողմերը, ինչ-որ մեկն ինձ ձայն տվեց, ես մտածեցի, որ ծանոթներիցս է, արձագանքեցի, որից անմիջապես հետո նա ու իր ընկերները իմ կողքին դրված մեծ հովանոցը ջարդեցին: Այնուհետև ինձ հենց քնապարկով տարան դեպի  իրենց մեքենան: Ճանապարհին ես բղավում եմ` օգնության եմ կանչում ոստիկաններին, սակայն այդ պահին տարածքում ոչ մի ոստիկան չկար, չնայած ամեն օր լինում էր: Երբ արդեն ճանապրհին էինք, նրանց ասացի, որ խնդիր չունեմ, նույնիսկ եթե ինձ սպանեն: Անծանոթներն ասացին, որ ինձ ուղղակի տուն են տանում: Երբ արդեն Էջմիածնի խճուղիով էինք գնում, նրանցից մեկը հարցրեց, թե ինձ հետ հանդիպել է արդյոք մեր գյուղապետը:

Երբ արդեն հասանք մեր գյուղ` Մուսալեռ, նրանք ինձանից ճշտեցին մեր տան տեղը, տարան այնտեղ, իջեցրեցին մեքենայից և ասացին, որ այսօր հանկարծ չվերադառնամ և չշարունակեմ հացադուլը, վաղը կարող եմ գնալ, բայց այսօր` ոչ մի դեպքում: Իրենց գնալուց հետո հայտնվեց գյուղապետը, սկսեց խոսել, և երբ տեսավ, որ ես իրենով չեմ զբաղվում, այլ հեռախոսով ընկերներիս հետ եմ փորձում կապի մեջ մտնել, հեռացավ: Նրա գնալուց հետո ոտաբոբիկ դուրս եկա փողոց` փորձելով տաքսի փնտրել, որպեսզի վերադառնամ ԿԸՀ-ի դիմաց և շարունակեմ հացադուլս, փողոցում նորից հայտնվեց գյուղապետը, ու սկսեցին հորդորներ, թե պետք չի սոված մնալ, և այլն:

Այնուհետև տաքսիով հետ վերադարձա Երևան, որտեղ արդեն ինձ սպասում էին ընկերներս, իսկ ոստիկաններ տարածքում նորից չկային, չնայած միշտ լինում էին նույնիսկ այդ ժամին: Մոտակա ակումբներից մեկում, այնուամենայնիվ, հանդիպեցի մի ոստիկանի, նրան հայտնեցի տեղի ունեցածի մասին, նա ահազանգեց, եկան ոստիկանությունից մարդիկ և պահանջեցին, որ անձամբ գնամ ոստիկանական բաժանմունք և ցուցմունք տամ, սակայն հրաժարվեցի դա անել, քանի որ մտադիր չէի դիրքս լքել, վերջիվերջո, ես հացադուլավոր եմ:

Ընկերներիցս երկուսը գնացին բաժանմունք, իմ նկարագրածով ցուցմունք տվեցին, վերադարձան, որից հետո ոստիկանները վերջապես հայտնվեցին: Այս ընթացքում զգացի, որ կողքս ցավում է, հավանաբար դա բռնի ուժով ինձ տեղափոխելու արդյունքում էր: Ընկերներս շտապօգնություն կանչեցին, մոտավորապես 4 ժամ բժշկական օգնություն ստանալուց հետո վերադարձա իմ տեղը և հիմա էլ շարունակում եմ հացադուլս, չնայած նախապես հայտարարել էի և մեկշաբաթյա հացադուլի մասին»: 


Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter