HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթևիկ Շալջյան

«Կյանքի խոսքը» պատրաստ է հաշտվել «Իրավունքի» հետ

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացավ «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպությունն ընդդեմ «Իրավունք» թերթի գործով նախնական դատական նիստը: «Կյանքի խոսքը» դատարանում վիճարկում է «Իրավունք» թերթի հոկտեմբերի 19-25-ի համարում տպագրված «Աղանդախառն պոռնոլուսանկարների թեման «ծաղկեց» մանկապղծության մեղադրանքով» հոդվածը:

Նախորդ նիստին հայցվորի ներկայացուցիչ Ա. Պապինյանը դատարանին էր ներկայացրել հայցադիմումի երկրորդ լրացումը, որում առկա էին լրացուցիչ ապացույցներ, առարկություն հայցադիմումի պատասխաններին և հայցապահանջի ավելացում՝ հավելյալ դատական ծախսերի մասին: Այսօր հայցվորը դատարանին հստակեցրեց իր պահանջը, այն է՝ թարգմանչական ծախսերի դիմաց` 17 հազար դրամ: Այնուհետև հայցվորը դատարանին ներկայացրեց իր պահանջի փաստական հիմքը` անդորրագրերը, իսկ իրավական հիմքով՝ հասցված վնասների հատուցումը:

Դատարանը, լսելով կողմերին, ապացուցման բեռը բաշխեց հետևյալ կերպ՝ հայցվոր կողմը մինչև 2012թ.-ի մայիսի 18-ը պետք է ապացուցի հենց իր կողմից մատնանշված փաստերը, իսկ պատասխանողի վրա այս մասով որևէ բեռ չդրվեց:

Քանի որ նախորդ դատական նիստը հայցվորի խնդրանքով հետաձգվել էր ապացույցներ ձեռք բերելու համար, այսօր վերջինս դատարանին ներկայացրեց հետաձգման արգասիք հանդիսացող ապացույցները, դրանք են՝ տեղեկատվական վեճերի խորհրդի փորձագիտական եզրակացությունը, նախորդ նիստին ներկայացված ռուսալեզու տեղեկանքի հայերեն թարգմանությունը, DVD տեսասկավառակ, դրա սղագրոթյունը և հայերեն թարգմանությունը:

Հայցվորը նաև ավելացրեց, որ պատրաստ է հաշտություն կնքելու բանակցություններ վարել կողմի հետ:

Դատարանը ողջունեց կողմի դիրքորոշումը, սակայն հայտնեց, որ կողմը դրա մասին պետք է գրավոր տեսքով հայտնի դատարանին, այսինքն` դրա համար պետք է քայլեր արվեն և ավելի հստակ, գրավոր կերպով ներկայացվեն դատարանին:

Այսպիսով նիստը հետաձգվեց մինչև մայիսի 18-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter