HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը կալանավորվեց

Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը քիչ առաջ կալանավորվեց: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց նախարարի պաշտպան Տիգրան Սարգսյանը: Վերջինս, սակայն, չպատասխանեց գործի վերաբերյալ հարցերի, անգամ հարցին՝ նախարարն ընդունո՞ւմ է իրեն առաջադրված մեղադրանքը, թե՞ ոչ:

Հիշեցնենք, որ Անդրանիկ Փիլոյանը ձերբակալվել է երեկ՝ մարտի 30-ին՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում:

Մինչ այդ՝ մարտի 28-ին, Ազգային անվտանգության ծառայությունն ու Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն են իրականացրել Արտակարգ իրավիճակների նախարարությունում:

Այսօր առավոտյան Հակակոռուպցիոն կոմիտեն գործի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել՝ մանրամասներ հայտնելով:

«Հայաստանի ազգային անվտանգության ծառայության իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հարուցված և Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթում գտնվող քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնատար անձանց կողմից խոշոր ու առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, դրան օժանդակելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու, խարդախության եղանակով խոշոր չափերով հափշտակություն կատարելու, ինչպես նաև խոշոր և առանձնապես խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալու, տալու և այլ չարաշահումների վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության համաձայն՝ բազմադրվագ քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են վերը նշված ենթադրյալ հանցագործությունների կատարման բազմաթիվ դեպքեր, որոնցում ներգրավված են Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, վերջինիս խորհրդականը, ինչպես նաև ԱԻ նախարարության 10-ից ավելի աշխատակիցներ, այդ թվումտարբեր ստորաբաժանումների ղեկավարներ:

«Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ ԱԻ նախարար Ա. Փիլոյանը նախարարության հետ համագործակցող ՍՊ ընկերության օգտին իր լիազորությունների շրջանակում գործողությունների կատարման համար իր խորհրդական Ա. Հ.-ի օժանդակությամբ 2022թ.-ին ստացել է խոշոր չափերով կաշառք:

Ի դեպ, նախաքննության ընթացքում ԱՀ.-ի բնակության վայրի խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են հրազեն և ռազմամթերք:

Պարզվել է նաև, որ նախարարության ստորաբաժանումներից մեկի ղեկավար ՀԵ.-ն, օգտագործելով պաշտոնեական դրությունը, միջնորդել է ԱԻ նախարարի կողմից ջեռուցման համակարգի տեսքով խոշոր չափերով կաշառք ստանալուն` համապատասխան անձին նախարարությունում աշխատանքի ընդունելու համար:

Բացի դրանից, գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ԱԻ նախարարության մեկ այլ ստորաբաժանման ղեկավար Վ. Մ.-ն իր ծանոթ Ա. Օ.-ի կողմից կաշառք տալու եղանակով նախարարության ՓԾ ջոկատներից մեկի հրամանատարի պաշտոնին նշանակվելու մտադրության մասին 2022թ. հունվարին հայտնել է ԱԻ նախարարին, ով ընդունել է այդ առաջարկը: Ա. Օ.-ի` համապատասխան պաշտոնում նշանակվելուց հետո Վ. Մ.-ն օժանդակել է նախարար Ա. Փիլոյանի կողմից հիշյալ անձից խոշոր չափերով կաշառք ստանալուն:

Քննությամբ պարզվել է նաև, որ Վ. Գ.-ն, մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով ՀՀ ԱԻ նախարարի հետ, վերջինիս կողմից իր լիազորությունների շրջանակում մի շարք անձանց օգտին գործողություններ կատարելու, այն է` նախարարության տարբեր ստորաբաժանումներում աշխատանքի ընդունելու համար նշված անձանցից յուրաքանչյուրից պահանջել և ստացել է 2000-2500 ԱՄՆ դոլարի չափով ապօրինի վարձատրություն:

Բացի դրանից, քրեական գործի նյութերի համաձայն` ԱԻՆ փրկարար ծառայության երկու ստորաբաժանումների ղեկավարները` Վ. Մ-ն և Մ. Մ.-ն, նախնական համաձայնության գալով, 2021 թվականի հոկտեմբերին խաբեության եղանակով կազմակերպել են ԱԻՆ ՓԾ մի շարք աշխատակիցների պարգևատրման գործընթաց, որից հետո, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, պարգևատրումներ ստացած հիշյալ անձանց օժանդակությամբ ստացել և հափշտակել են վերջիններիս պարգևավճարների գումարները:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Մ.Մ.-ն ԱԻՆ ՓԾ կարիքների համար 2022 թվականին անցկացվելիք մրցույթի տեխնիկական բնութագիրը համաձայնեցրել է մրցույթի հավանական մասնակցի հետ` այդ կերպ փորձելով նպաստել, որպեսզի միայն նշված ընկերությունը հնարավորություն ունենա մասնակցել և հաղթել մրցույթում:

Արտակարգ իրավիճակների նախարար Ա. Փիլոյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով /3 դրվագ/: Քննիչի որոշմամբ վերջինս 30.03.2022թ.-ին ձերբակալվել է: Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Եվս 8 անձի, այդ թվում` Արտակարգ իրավիճակների նախարարության տարբեր պաշտոնյաների, մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-311-րդ, 3112-րդ, 313-րդ, 178-րդ, 38-308-րդ և 34-308-րդ հոդվածների տարբեր մասերով: Մեղադրյալներից Ա. Հ.-ի, Հ. Ե.-ի, Մ. Մ.-ի, Վ. Մ.-ի և Ա. Օ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: ԱԻՆ աշխատակիցներից ևս 10 անձ ունի կասկածյալի դատավարական կարգավիճակ: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին»,- ասված է Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրության մեջ:

Փիլոյանը նախարար է նշանակվել 2020 թվականին: Նույն թվականի հոկտեմբերի 23-ին Անդրանիկ Փիլոյանն արժանացել է Հայաստանի Ազգային հերոսի կոչմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter