HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Ընտրություններն աչքի ընկան «կլոնավորված մարդկանց» քվեարկությամբ

Խորհրդարանական այս ընտրություններն անցածից տարբերվեցին բռնությունների չնչին քանակությամբ, զանգվածային լցոնումների քանակը նույնպես նվազագույնի էր հասցված, Ընտրական օրենսգիրքը գրեթե ամբողջությամբ բարեփոխման էր ենթարկվել, սակայն «բարեփոխման» էին ենթարկվել նաև ընտրախախտումներ և ընտրակեղծիքներ իրականացնելու տեխնոլոգիաները:

«Ճիշտ է՝ լցոնումներ որպես այդպիսիք չկային, բայց կար ավելի սարսափելի մի բան՝ «մարդկային լցոնումներ», «կլոնավորված մարդկանց քվեարկություն»,- այսպես է ամփոփում քվեարկության օրվա արդյունքները Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք իշխանյանը:

Իրավապաշտպանը ասուլիսի ժամանակ ներկայացրեց այն հիմնական ընտրախախտումները և քվեարկության օրը տեղ գտած բացթողումները, որոնք արձանագրել է Արաբկիր համայնքի թիվ 4 ընտրատեղամասում իրենց կազմակերպությունը ներկայացնող դիտորդական խումբը.

  • Քվեարկության պահին ընտրողի անձնագրում դրոշմվող կնիքի արագ՝ նախատեսված 12 ժամից շուտ անհետացում:
  • Դիտորդների և վստահված անձերի մոտ համապատասխան վկայականների բացակայություն:
  • Բաց քվեարկության բազմաթիվ դեպքեր:
  • Մեծ քանակությամբ կողմնակի անձանց առկայություն ընտրատեղամասերում:
  • Ընտրական հանձնաժողովի անդամների շրջանում մասնագիտական ցածր պատրաստվածություն, ինչի հետևանքով քվեաթերթիկների հաշվարկման գործընթացը որոշ տեղամասերում ավարտվում էր նախատեսված ժամից մի քանի ժամ ուշ՝ ձգվելով մինչև առավոտյան ժամը 7-8-ը:
  • Հաշվարկման ժամանակ դատարկ ծրարների առկայություն, ինչը կարող է հայտնի «կարուսել» ընտրակեղծիքի վկայությունը լինել:

Իշխանյանի դիտարկմամբ՝ համեմատաբար «քաղաքակիրթ» ընտրությունների անցկացման ավանդույթները պահպանվել են Երևանում՝ Կենտրոն, Արաբկիր համայնքներում, և Վանաձորում: Իսկ մնացած վայրերում, հատկապես շրջաններում, ընտրության խստությունը հարաբերական է եղել տեղի «ֆեոդալի» խստությանը:

Իսկ թե ինչու է իրենց խումբը դիտորդական առաքելություն իրականացրել հենց թիվ 4 ընտրատեղամասում, Իշխանյանն ասաց, որ պատճառներից մեկը ներքին պայմանավորվածությունն էր այլ կազմակերպությունների հետ՝ տեղամասերում միմյանց չծածկելու, բացի այդ՝ սպասվում էր, որ թեժ պայքար է ընթանալու, քանի որ այդ տեղամասում էին առաջադրված երեք հայտնի հասարակական և քաղաքական գործիչներ՝ «168 ժամ» թերթի խմբագիր Սաթիկ Սեյրանյանը, Արամ Մանուկյանը «ՀՀՇ»-ից և «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը: Սակայն հաղթեց մեկը, ով գործնականում ընդհանրապես «չէր խոսում»` «ՀՀԿ»-ն ներկայացնող Արտակ Սարգսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter