HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղեկատվական վեճերի խորհրդի փորձագիտական եզրակացությունը

«Կյանքի խոսք» կրոնական կազմակերպությունը և կազմակերպության ղեկավար Արթուր Սիմոնյանը ընդդեմ «Իրավունք հետաքննություն» եւ «Արգումենտի նեդելի վ  Արմեննիի» պարբերականների հայցի վերաբերյալ 

«Հայաստանի ավետարանական հավատքի քրիստոնյաների «Կյանքի խոսք» եկեղեցի կրոնական կազմակերպության» փաստաբանը դիմել է Տեղեկատվական վեճերի խորհրդին՝ խնդրելով կարծիք հայտնել «Իրավունք հետաքննություն» և «Արգումենտի նեդելի վ Առմենիի» շաբաթաթերթերի դեմ 18.11.2011թ.-ին ներկայացրած հայցապահանջի վերաբերյալ: Տեղեկատվական վեճերի խորհուրդը քննելով սույն գործը՝ հրապարակում է իր մասնագիտական եզրակացությունը: 

Նշյալ լրատվամիջոցներում 2011թ. հոկտեմբերին տպագրվել են հոդվածներ եւ լուսանկարներ, որոնք, ըստ «Հայաստանի ավետարանական հավատքի քրիստոնյաների «Կյանքի խոսք» եկեղեցի կրոնական կազմակերպության», վիրավորական եւ զրպարտչական բնույթի են: Մասնավորապես, վիրավորական են «история  с сектатнтством и порнухой» եւ «Աղանդախառն պոռնոլուսանկարների թեման «ծաղկեց» մանկապղծության մեղադրանքով» հոդվածների վերնագրերը, հոդվածներում «աղանդ» բառի հասցեագրումը կրոնական կազմակերպությանը: Կրոնական կազմակերպությունը զրպարտչական է համարել հոդվածների վերնագրերը, քանի որ դրանցով արվում է փաստի մասին հայտարարություն առ այն, որ կրոնական կազմակերպությունը իր դավանանքով և գործունեությամբ քարոզում է հակաբարոյական արժեքներ՝ պոռնոգրաֆիա, ինչպես նաև պոռնոգրաֆիկ նյութերի տարածում, մանկապղծության հրահրում և նման արարքների հովանավորչություն, ինչպես նաեւ այն, որ Անժելա Սարգսյանը հանդիսանում է կրոնական կազմակերպության անդամ եւ այլն: 

Բացի այդ, կրոնական կազմակերպությունը վիրավորական եւ զրպարտչական է համարել համակարգչային եղանակով մոնտաժված լուսանկարները, որոնցով, ըստ հայցվորների, կարծիք է կազմվում, թե կազմակերպության անդամները դրսևորում են նույն վարքագիծը, ինչ ԶԼՄ-ներով տարածվել էր լուսանկարում պատկերված կնոջ՝ դերասանուհի Անժելա Սարգսյանի մասին: 

«Կյանքի խոսք» կրոնական կազմակերպությունը և կազմակերպության ղեկավար Արթուր Սիմոնյանը ընդդեմ «Իրավունք հետաքննություն» եւ «Արգումենտի նեդելի վ  Արմեննիի» պարբերականների հայց են ներկայացրել դատարան՝ դատարանից խնդրելով վիրավորանքի հիմքով պարտավորեցնել լրատվամիջոցներին հրապարակավ ներողություն խնդրել և հրապարակել վճիռը, իսկ զրպարտության հիմքով հրապարակել հերքում, ինչպես նաև որպես փոխհատուցում պատասխանողներից գանձել 36000 ՀՀ դրամ՝ 4000 դրամ պետական տուրքի և 32000 թարգմանության և նոտարական ծախսերի դիմաց:

Տեղեկատվական վեճերի խորհուրդը գտնում է, որ Խնդրո առարկա վեճը շոշափում է մի կողմից լրատվամիջոցների ազատ արտահայտվելու իրավունքը և մյուս կողմից քաղաքացիների մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքը:

«Աղանդ» բառը նույնիսկ իր սովորական, առօրյա գործածական իմաստով  կարող է անհանգստություն պատճառել, ցնցել և այդ իմաստով անընդունելի համարվել կրոնական որոշ խմբերի համար: Այդուհանդերձ, այդ հանգամանքը դեռ բավարար չէ պնդելու համար, որ լրատվամիջոցներն անցել են թույլատրելի քննադատության շրջանակները՝ ըստ ժամանակակից ժողովրդավարական սկզբունքների: Այստեղ էական է այն, թե աղանդ բառն ինչ համատեսքստում է օգտագործվել: Այս իմաստով Խորհուրդը գտնում է, որ թեև «աղանդ» բառն ինքնին արատավորող իմաստ չի պարունակում, սակայն դրա շարունակական և շեշտադրված օգտագործումը երկու հոդվածների ընդհանուր համատեքստի լույսի ներքո խնդրահարույց է:

Խորհուրդը գտնում է, որ լրատվամիջոցները կրոնական կազմակերպության գործունեության և նրա կողմից քարոզվող գաղափարների վերաբերյալ իրենց գնահատականները, կարծիքները և դատողությունները արտահայտելիս չեն ունեցել փաստացի տվյալներ, այլ հիմնվել են մեկ փաստական տվյալի, այն է՝ երրորդ անձի հայտարարության վրա, դրանից բխեցրել են ընդհանուր բնույթի վերացական մի շարք եզրահանգումներ և դատողություններ: Եվ երբ բացակայում են փաստական հանգամանքները,  առաջին պլան է մղվում  Սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումը այն մասին, որ փաստական տվյալների բացակայության պայմաններում առերևույթ է դառնում արժանապատվությունը արատավորելու դիտավորության առկայությունը: Իսկ այս չափորոշիչի առկայությունը էական է հայտարարությունը վիրավորական կամ զրպարտող բնույթի համարելու համար: 

Խորհուրդը գնահատել է նաև հոդվածներին ուղեկցող լուսանկարները: Թեև որպես ծաղրանկարներ դրանք համարվում են ազատ արտահայտվելու եղանակ և գտնվում են ազատ խոսքի պաշտպանության տակ, սակայն հոդվածների բովանդակային մասում փաստական տվյալների բացակայությունը առարկայազուրկ էր դարձնում կազմակերպության ատրիբուտների և նրա ղեկավարի պրովոկացիոն տեսքով պատկերումը ծաղրանկարներում: Արդյունքում, ծաղրանկարների մատուցման նման եղանակը կարող էր վիրավորել կրոնական կազմակերպության անդամների կրոնական զգացմունքները:  

Խորհուրդը գտնում է, որ հոդվածի ընդհանուր համատեքստը և դրանում նաև «աղանդ» բառի շարունակաբար և հետևողականորեն օգտագործումը լրատվանյութը վերածում է  կրոնական ատելություն սերմանող կամ հրահրող խոսքի: 

Խորհուրդը նաեւ գտնում է, որ գործի փաստերը միանգամայն հնարավորություն են տալիս սույն վեճը լուծել արտադատական իրավակարգավորման եղանակներով և կողմերին կոչ է անում օգտվել այդ հնարավորությունից:

Տեղեկատվական վեճերի խորհուրդ

Մեկնաբանություններ (1)

Թլկատինցի
Տեղեկատվական վեճերի խորհուրդ - Եթէ սա անունը թարմանենք անգլերենի չենք ստանում Information Disputes Council; այլ Information/News Reporting Disputes Council: Տեղեկություն = information/news, տեղեկատվականը վերաբերում է news dissemination (գործընթացքի մասին); Տեղեկատու...տեղեկատվական

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter