HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Չգիտեի, որ հայրենիքի մասին մտածելը քաղաքականություն է». պատմության ուսուցիչը ցուցմունք տվեց դատարանում

Երևանի թիվ 129 դպրոցի պատմության նախկին ուսուցիչ Հակոբ Գրիգորյանը նույն դպրոցի արդեն նախկին տնօրեն Լիանա Պետրոսյանի համակուրսեցին է: Տնօրենը նրան բնութագրում է՝ որպես իրենց  կուրսի՝ կարմիր վկայականով ավարտած, ամենալավ ուսանող, լավ ընկեր ու լավ ուսուցիչ:

Հակոբ Գրիգորյանը, հիշեցնենք, այն ուսուցիչն է, որը մեղադրվում է պատմության դասի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և վերջինիս ընտանիքի հասցեին հրապարակային բռնության կոչեր հնչեցնելու մեջ: Ըստ մեղադրանքի՝ ուսուցիչը 7-րդ դասարանի աշակերտների հետ դասի ընթացքում խոսել է 44-օրյա պատերազմի, Շուշին հանձնելու մասին ու ասել, որ Նիկոլ Փաշինյանին ու ընտանիքին պետք է հրապարակում վառել: Դասի որոշ հատված, որի ընթացքում պատմության ուսուցիչն արել է իր մեղադրանքի հիմքում դրված արտահայտությունը, ձայնագրել են ու ձայնագրությունը տեղադրել «Ֆեյսբուք»-ում: Հայտնի չէ, թե ուսուցչին ով է ձայնագրել, սակայն պարզ է, որ այն հայտնաբերել ու զեկուցագիր է կազմել հետաքննության մարմնի աշխատակիցը՝ չբացահայտելով, թե կոնկրետ ֆեյսբուքյան ի՞նչ էջից է ներբեռնվել ձայնագրությունը:

Այսօր դատարանում ցուցմունք տվեց Լիանա Պետրոսյանը: Վերջինս դեպքի ժամանակ 129 դպրոցի տնօրենն է եղել, այժմ նույն դպրոցում ուսուցիչ է: Մինչ կուրսեցու ու նախկին գործընկերոջ քրեական գործին անդրադառնալը՝ խոսեց կրթական համակարգի մասին ու ասաց, որ երկու տարվա մեջ 4  պատմության ուսուցիչ է դպրոցում ընդունել, և նրանք աշխատանքից դուրս են եկել. երեխաների հետ չեն դիմացել։ նրանցից մեկը, նախկին տնօրենի բնութագրմամբ,  ընդհանրապես չգիտի՝ պատմությունն ինչ բան է, մյուսը չգիտի՝ ուսուցիչն ով է:

«Դրանից հետո գտնում եմ Հակոբին, ով ինձ հետ սովորել է ինստիտուտում՝ մեր կուրսի լավագույն ուսանողը, կարմիր վկայականով ավարտած: Խնդրում եմ իրեն, որ գա, մեզ մոտ աշխատի, համաձայնում է: Շատ լավ ուսուցիչ է եղել, բոլորը հիացած էին, ծնողները գալիս, շնորհակալություն էին հայտնում, որ հազիվ մեր էրեխեքը պատմություն իմացան, հայրենասիրություն սովորեցին»,- պատմեց նախկին տնօրենը:

Լիանա Պետրոսյանը վստահեցրեց, որ իր բնավորությունը դպրոցում բոլորին է հայտնի. մանկավարժական ամեն խորհրդի ժամանակ ասել է, որ դրսից ոչինչ դպրոց չի կարելի տանել, քաղաքականություն՝ առավել ևս:

«Երեխան պարտավոր չէ տեսնել ուսուցչի «թթված» դեմքը՝ ուսուցիչը հիվանդ ունի, սկեսուրի հետ է կռվել կամ այլ բան է եղել: Իմ օրինակով՝ ուսուցիչը ժպիտով պետք է մտնի դպրոց, որովհետև ինքը պետք է էդպես դաս տա էրեխեքին»,- ասաց ուսուցիչն ու նշեց, որ իրեն հաճախ հարցնում են՝ իր կուսակցությունը ո՞րն է:

«Դպրոցում իմ կուսակցությունը միայն երեխան է»,- ասաց նախկին տնօրենն ու նշեց, որ ուսուցիչ Հակոբ Գրիգորյանը երբևէ առիթ չի տվել մտածելու, որ դասի ժամանակ կարող է ինչ-որ բան խոսել, որը պետք չէ:

«Դրա համար այդ օրը մեզ համար շոկ էր»,- նշեց  Պետրոսյանը՝ նկատի ունենալով այն օրը, երբ ուսուցչի վարած դասի ձայնագրությունը հայտնվել է «ֆեյսբուք» սոցիալական ցանցում:

Վերջինս նշեց, որ ձայնագրությունը տարածելու հաջորդ օրը ողջ դպրոցը դրանից էր խոսում: Դեպքից հետո դպրոցում մանկավարժական խորհրդի նիստ է հրավիրվել, Գրիգորյանի նկատմամբ կարգապահական տույժ՝ նկատողություն է կիրառվել: Տնօրենը նաև ասաց, որ Հակոբ Գրիգորյանը տեղի ունեցած դեպքից հետո եկել ու դիմում է գրել, որպեսզի ազատվի աշխատանքից և դպրոցին վատ վիճակի մեջ չդնի: Այժմ Գրիգորյանը չի աշխատում:

Տնօրենը նշեց, որ Հակոբ Գրիգորյանը միայն Արցախով էր տարված, իսկ մինչ այդ դեպքը որևէ բողոք չի եղել նրանից. եթե այլ նմանատիպ դեպք լիներ, ինքը  քայլեր կձեռնարկեր: Ավելին, հիշեց, որ երեխաներից մեկն ասել է, որ Գրիգորյանն ուղղակի այդ օրն իրենց հետ ցանկացել է կիսվել, նախկինում նման դեպքեր չեն եղել:

Դատարանում այսօր ցուցմունք տվեց նաև ամբաստանյալ ուսուցիչը: Վերջինս հայտնեց, որ իրենց՝ ուսուցիչների առջև պահանջ է դրված դասն ակտուալացնել: Ձայնագրության օրվա դասը վերաբերել է թուրքմենական ցեղերի՝ Անատոլիա տեղափոխվելուն, որից հետո հայերի համար չարիք է սկսվել: Ուսուցիչն ասում է, որ փորձել է ուշ միջնադարում տեղի ունեցած այս իրադարձությունները կապել Հայաստանի ներկա վիճակի հետ:

«Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում և չեմ զբաղվել»,- ասաց Հակոբ Գրիգորյանը՝ նշելով միայն, որ ԽՍՀՄ-ի ժամանակ Կոմունիստական կուսակցության անդամ է եղել, քանի որ գիտական աշխատանքի շրջանակներում կուսակցության արխիվներից օգտվելու անհրաժեշտություն է եղել, իսկ առանց կուսակցական տոմսի արխիվից օգտվել չէր կարող:

Ուսուցիչը նաև անկեղծացավ, որ 2018-ին, երբ Հայաստանում իշխանափոխություն է եղել, ինքը ոգևորված է եղել այդ հանգամանքով: Նա նաև դատարանին տեսանյութ տրամադրեց, որն իր հեռախոսով նկարել էր 2018 թվականի ապրիլի 23-ին՝ Հանրապետության հրապարակում՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը: Ըստ պաշտպանական կողմի՝ այդ տեսանյութը հերքում է մեղադրական կողմի այն պնդումը, թե Հակոբ Գրիգորյանը քաղաքական հայացքների պատճառով է դասի ժամանակ իրեն վերագրվող խոսքերն ասել, փաստացի, նա ապրիլի 23-ին Հանրապետության  հրապարակում կանգնած անձանց մեջ է եղել:

Դատախազ Վանուհի Փայտյանը դիտարկեց, որ քաղաքական հայացքները կարող են փոխվել:

«Ես հասկանում եմ, որ որոշ բաներ պիտի չասեի, բայց չեմ կարծում, թե ինչ-որ հանցանք եմ արել, որի համար  պետք է պատասխանատվության ենթարկվեմ»,- շարունակելով ցուցմունքը՝ ասաց պատմության ուսոցիչն ու նշեց, որ իր՝ նախկինում տված ցուցմունքներից հրաժարվում է, այդ ժամանակ ոստիկանություն է ներկայացել ընկճված ու ապշած, անտրամադիր, այժմ ցուցմունքների բովանդակության շատ մանրամասներ չի էլ հիշում:

Նշենք, որ նախաքննության ընթացքում Գրիգորյանը պաշտպան չի ունեցել, ցուցմունք է տվել ու ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը:

«Քննիչներն ինձ շատ բան են ասել, բայց դրանք մասին խոսել չեմ ուզում, ուղղակի իմ մեղավորությունն այն է, որ ես այնտեղ առանց փաստաբանի գնացի, որովհետև, էլի եմ ասում, ճնշված էի. ինձ թվում էր՝ ամբողջ համակարգն իմ դեմ է: Թե քննիչներն ինչ են ասել, այդ մասին չեմ խոսելու, բայց հոգեբանորեն շատ ճնշված էի, չեմ հասկացել պաշտպանի ահրաժեշտությունը, հետո հասկացա, կյանքում առաջին անգամ էի ոստիկանությունում հայտնվում, անհասկանալի էր, զարմանալի: Ես անընդհատ մտածում էի, թե ես ի՞նչ եմ արել, որ հիմա հայտնվել եմ այստեղ: Մտածում էի, բայց պատասխանը չէի գտնում»,- ասաց Հակոբ Գրիգորյանը:

Ուսուցիչը պատմեց, որ դասի օրը լուր է ստացել այն մասին, որ թուրքերն Արցախում խաչքարեր են ավիրել, եկեղեցի, պատմամշակութային հուշարձաններ, ու ինքը եղել է այդ լուրի պատճառով առաջացած ապրումների ազդեցության տակ։

Վերջինս նաև դիտարկեց, որ դասի ձայնագրությունը ֆեյսբուքում հայտնվելուց հետո իրեն մեղադրանք են առաջադրել,  իսկ երբ այդ հրապարակումից հետո իր հասցեին բազմաթիվ վիրավորանքներ ու հայհոյանքներ են հնչել այդ հարթակում, դրանց ընթացք չի տրվել:

Ի պատասխան պաշտպան Ռուբեն Մելիքյանի հարցին՝ Ձեր բարձրացրած խնդիրը վերաբերում էր Արցախը հանձնելու՞ն, թե՞ քաղաքականությանը, Հակոբ Գրիգորյանն ասաց՝ Արցախը հանձնելուն:

«Ես չէի պատկերացնում, որ հայրենիք սիրելը, հայրենիքի համար մտածելը քաղաքականություն է...Հայրենիք սիրելը քաղաքականություն չէ»,- ասաց պատմության ուսուցիչը:

Դատարանը գործի քննության ընթացքում հետազոտել է դասի ձայնագրությունը, որից սկիզբ է առել այս քրեական գործը: Դատախազ Վանուհի Փայտյանի հարցին՝ ձայնագրության մեջ արված արտահայտությունները Գրիգորյա՞նն է արել, վերջինս պատասխանեց, որ ինքն է արել:

Նշենք, որ պաշտպան Ռուբեն Մելիքյանը դեռ գործի քննության սկզբնական փուլում ձայնագրությունն անթույլատրելի ապացույց ճանաչելու միջնորդություն է ներկայացրել՝ պնդելով, թե հայտնի չէ դրա աղբյուրը, իսկ Քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի համաձայն՝ քրեական գործով մեղադրանքի հիմքում չեն կարող դրվել և որպես ապացույց օգտագործվել այն նյութերը, որոնք ձեռք են բերվել անհայտ կամ դատական նիստում չբացահայտված աղբյուրից: Դատարանն այս միջնորդությունը ոչ ժամանակին արված է համարել:

Մելիքյանն այն կարծիքին է, որ միջնորդությունն ի սկզբանե պետք է լուծեր, քանի որ, փաստացի, ողջ դատաքննության ընթացքում վկաներին հարցեր են տվել այդ ձայնագրության բովադակության վերաբերյալ, որը, գուցե հետագայում անթույլատրելի ապացույց ճանաչվի:

Իսկ ձայնագրությունն իսկապես էլ անթույլատրելի ապացույց ճանաչվեց: Երբ ամբաստանյալի հարցաքննությունն ավարտվեց, Ռուբեն Մելիքյանը դատաքննության այս  փուլում կրկին ներկայացրեց միջնորդությունը, և դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարեց միջնորդությունն ու ձայնագրությունն անթույլատրելի ապացույց ճանաչեց: Մելիքյանը պատրաստվում է նաև միջնորդություն ներկայացնել ձայնագրությունից բխող ապացույցներն անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ, որի համար դատարանից ժամանակ խնդրեց:

Նշենք, որ մինչ այդ հարցին անդրադառնալը դատախազ Վանուհի Փայտյանը դատարանին միջնորդեց հետաքննության մարմնի աշխատակցին, որի հարցաքննությունը նախորդ դատական նիստին դադարեցվել էր, կրկին կանչել դատարան ու հարցաքննել: 

Ինչպես  ավելի վաղ նշել ենք, այս գործով վկաներից մեկը հետաքննության մարմնի ներկայացուցիչ է: Նախորդ դատական նիստի ընթացքում դատարանը դադարեցրել է նրա հարցաքննությունը, քանի որ հետաքննության մարմնի աշխատակիցը Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն, չի կարող հարցաքննվել՝ որպես վկա այն քրեական գործով, որի շրջանակներում իրականացրել է իր դատավարական լիազորությունը:

Դատախազը, միջնորդությունը ներկայացնելով, փաստարկեց, որ հետաքննության մարմնի աշխատակիցը քրեական գործի քննությանը չի մասնակցել, նա միայն զեկուցագիր է կազմել ու ներկայացրել՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հայտնված ձայնագրության վերաբերյալ: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը, սակայն, միջնորդությունը մերժեց՝ նշելով, որ գործով փաստ է այն հանգամանքը, որ հետաքննության մարմնի աշխատակիցն իր դատավարական լիազորությունն է  իրականացնելիս եղել, ուստի չի կարող այս գործով հարցաքննվել:

Լուսանկարում ձախից՝ Ռուբեն Մելիքյանը, աջից՝ Հակոբ Գրիգորյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter