HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համատեղելով մայրությունն ու կարիերան. Մարիամ Մարտիրոսյան

Որդու՝ Ռուբենի 6 ամսականը լրանալուն պես Մարիամ Մարտիրոսյանն աշխատանքի վերադարձավ: Դրանից հետո 1 տարի էլ չէր անցել, երբ կարիերայի առաջընթացի հնարավորություն ստեղծվեց, և Մարիամը դարձավ 120 հոգուց բաղկացած ծրագրի ղեկավար: «Ներկա պաշտոնում ինձ ընտրեցին՝ չնայած այն բանին, որ ես մայրիկ եմ կամ հենց նրա համար, որ մայրիկ եմ ու միաժամանակ՝ լավ աշխատող»,-ասում է Մարիամը:

Մարիամի կարիերան սկսվել է 19 տարեկանից: Առաջին լուրջ աշխատանքը Հայաստանի պատմության թանգարանում գերմանախոս էքսկուրսավարի հաստիքն էր։ Մարիամը հիշում է, որ թանգարանում աշխատելն առանցքային նշանակություն ունեցավ իր անձնային ու աշխատանքային աճի համար: Այստեղ նա հարստացրեց գիտելիքների պաշարը, գիտաշխատողների, գիտնականների հետ աշխատելու փորձ ձեռք բերեց, ընդլայնեց ընկերների ու ծանոթների շրջանակը:

2018թ.-ին Մարիամ Մարտիրոսյանը Բունդեսթագի միջազգային կրթաթոշակով մեկնեց Գերմանիա, 6-ամսյա պրակտիկա անցավ Բունդեսթագում ու զուգահեռ Հումբոլտի համալսարան հաճախեց։ Իսկ Հայաստան վերադառնալուց հետո իրեն փորձեց բոլորովին նոր՝ հաճախորդների սպասարկման ոլորտում: Աշխատեց գերմանախոս շուկայի համար ու բարձրացավ կարիերայի սանդուղքով. նախ թիմի ղեկավար էր, հետո՝ թրեյներ, վերապատրաստվեց Գերմանիայում ու նույն ժամանակ էլ ավարտեց  ԵՊՀ արտասահմանյան գրականության մագիստրոսական ծրագիրը: Մարիամը մեզ պատմել է մայրությամբ ընդհատված կարիերան հաջողությամբ շարունակելու իր փորձի մասին, այդ մասին՝ ավելի ուշ:

Խտրականություն մայրերի նկատմամբ

Հայաստանում կանանց միայն 39 տոկոսն է տնտեսապես ակտիվ, ու դրա պատճառն ամենևին էլ կրթական մակարդակը չէ: Ավելին՝ «աշխատաշուկայում առկա է կանանց առումով դրական ընտրության ավելի մեծ պոտենցիալ կամ որ նույնն է՝ աշխատանքի շուկայում ընտրվելու ավելի մեծ հավանականություն»,-պարզել են հետազոտողները: Հետազոտությունը, որն իրականացրել են Վիճակագրական կոմիտեն և «ՄԱԿ կանայք» կազմակերպությունը 2020-ին, փաստում է, որ ընտանիքում երեխաների առկայությունն առաջին հերթին ազդում է մոր աշխատանքային վարքագծի վրա: Մայրությունը, ավելի շատ երեխաներ ունենալը կապված են աշխատաշուկայում չմասնակցության առավել բարձր և զբաղվածության ցածր մակարդակների հետ: Վերլուծելով աշխատանքային տարիքի գրեթե 19 հազար հայաստանցիների տվյալ՝ հետազոտողները նկատել են, որ երկու երեխա ունեցող մայրերն աշխատաշուկայում վեց անգամ ավելի քիչ են ներկայացված, քան երկու երեխա ունեցող հայրերը:

Հետազոտողները կանանց և մայրերի նկատմամբ  խտրականության տարբեր դրսևորումներ են մատնանշում: Օրինակ՝  նորմատիվ խտրականության հիմքում ընկած է մշակութային համոզմունքը, որ մայրերը պետք է մնան տանը և հոգ տանեն իրենց երեխաների համար, սակայն դա չի նշանակում, որ նրանք անփորձ կամ անարդյունավետ են վարձու աշխատանքում. «Ընդունված է համարել, որ մնացյալ բոլոր գործունեություններից առավել մայրերի համար գերակա են իրենց խնամքի տակ գտնվող երեխաների կարիքները»,- գրում են հետազոտողներն ու հավելում, որ երբ մայրերը խախտում են այդ «նորմերը», նրանց առջև դրվում են աշխատանքի ընդունման, աշխատավարձի բարձրացման և առաջխաղացման ավելի խիստ չափանիշներ: 

«Ինձ պետք էր տնից դուրս գալ, թեկուզ չքնած գնալ աշխատանքի»

Մնալ տանը և հոգ տանել որդու համար: Այս բանաձևը չաշխատեց մեր հերոսուհու դեպքում: Մինչև որդու ծնունդը 7 տարի աշխատանքային դադարներ չունեցած Մարիամի համար դժվար էր հետծննդաբերական շրջանը: Նա պատմում է, որ միօրինակ առօրյան ու կենցաղային կրկնվող գործերը խիստ բացասական էին ազդում իր հոգեվիճակի վրա. «Խեղդվում էի «տան կին» ու միայն մայր լինելու մտքից…Ինձ պետք էր տնից դուրս գալ, թեկուզ չքնած գնալ աշխատանքի, բայց մտածել, որ ես կենցաղի մեջ թաղված, միայն բալիկով զբաղվող կին չեմ։ Ինձ համար կարեւոր էր դադար չտալ, հետ չմնալ աշխատանքային աճից, չփակվել տան մեջ, անել այլ բան, քան միայն տակդիր փոխելը, կերակրելը, քնացնելը»,-հիշում է Մարիամը: 

Մարիամի ընտանիքը ողջունեց աշխատանքի վերադառնալու նրա ցանկությունը: Համավարակի պատճառով տնից աշխատող ամուսինը կնոջ ամենամեծ աջակիցն էր այդ շրջանում: Ամուսնու մայրն էլ աշխատաժամերը հարմարեցրեց այնպես, որ 6 ամսական Ռուբենի խնամքը ստանձնի մայրիկի բացակա ժամերին: Մարիամն ընդգծում է, որ աշխատող մայրը պետք է վստահ լինի, որ երեխային ապահով, սիրված, կուշտ, երջանիկ ու մաքուր պայմաններում է թողնում: Հակառակ պարագայում կտուժի արդյունավետությունն աշխատավայրում: 

«Բալիկիս 1,6 տարի կրծքով կերակրելը համարում եմ մեծագույն նվաճում»

«Կարիերան հաջողությամբ շարունակելուն նպաստող մյուս խթանը գործատուի ընտանիքամետությունն է»,- ասում է Մարիամը: Այսինքն՝ որքանով է գործատուն ապահովում միջավայր, որտեղ հնարավոր է պահպանել աշխատանք-ընտանիք հավասարակշռությունն ու տարբեր պարտականությունների մեջ նվազագույնի հասցնել կոնֆլիկտը: Մայրերին տրվող առավելությունների ու ճկուն աշխատաժամերի շնորհիվ Մարիամի գործընկերների շարքում քիչ չեն աշխատող մայրերը: Բացի այդ, Մարիամի գործատուն ժամային արտոնություններ է տալիս կերակրող մայրերին՝ դրանով խրախուսելով նրանց՝ շարունակել կրծքով կերակրումը նաև աշխատանքի վերադառնալուց հետո: 

 «Մեկ տարի շարունակ, այսինքն՝ մինչև որդուս 1,6 տարեկան դառնալը աշխատավայրում ինձ հասանելի կրծքով կերակրման ընդմիջումներին հավաքել եմ մայրական կաթը, պահել սառնարանում, հետս տարել տուն, որպեսզի բալիկս հաջորդ օրը սնվի իմ բացակայության ժամանակ։ Այս ընթացքում ստացել եմ մեծագույն աջակցություն գործատուիս ու գործընկերներիս կողմից, հասարակ մարդկային ըմբռնում, երբ մի քիչ ուշացել եմ կամ ուղղակի հոգեկան աջակցություն, երբ չափազանց հոգնած եմ եղել անքուն գիշերվանից հետո: Աշխատող լինելով հանդերձ՝ բալիկիս 1,6 տարի կրծքով կերակրելը համարում եմ մեծագույն նվաճում»:

Ի դեպ, աշխատանքային ժամերին կրծքով կերակրումը աշխատող մայրերի իրավունքներից է՝ վավերացված թե՛ միջազգային կոնվենցիաներով, թե՛ ՀՀ Սահմանադրությամբ : Օրինակ՝ «Մայրության պաշտպանության» մասին կոնվենցիան (2000թ.), ի թիվս այլ իրավունքների, անդրադառնում է նաև կրծքով կերակրելու իրավունքին: ՀՀ Աշխատանքային օրենսգիրքն էլ սահմանում է, որ կրծքով կերակրող կինը մինչև երեխայի 1,5 տարին լրանալը հանգստի և սնվելու համար տրամադրվող ընդմիջման ժամերից զատ երեխային կերակրելու համար լրացուցիչ ընդմիջում ստանալու իրավունք ունի: Սակայն փորձագետներն ու աշխատող մայրերը պնդում են, որ գործնական կյանքում այս օրենքները հազվադեպ են կիրառվում: 

«Աշխատող մայր լինելը հեշտանում է «ճիշտ» ամուսին ու երեխայի հայր ունենալու պարագայում»

Մայրությունն ու կարիերան համատեղելու շնորհիվ Մարիամը  ժամանակի կառավարման նոր գործիքներ բացահայտեց: Հիմա ժպտալով ասում է՝ օրն իրականում ավելի երկար է, քան նախկինում էր թվում.

 «Վաղ եմ արթնանում, զբաղվում երեխայով, տանում մանկապարտեզ, աշխատում 8 ժամ, երբեմն՝ ավելի, որոշ անձնական գործեր տեղավորում եմ ընդմիջմանս ժամին։ Կենցաղային գործերը  հանգստյան օրերին եմ անում, որպեսզի աշխատանքային օրվա ավարտին ժամանակ ունենամ երեխայիս հետ զբաղվելու։ Առաջնահերթություններ եմ սահմանել, խնայում եմ «ստիպված» հյուր գնալու կամ ընդունելու վրա ծախսվող ժամանակը, գնումներն էլ հիմնականում օնլայն եմ անում՝ երեխայի քնից հետո։ Երեկոյան որոշ գործեր եմ անում, աշխատում եմ ամուսնուս եւս ժամանակ տրամադրել, ֆիլմ ենք դիտում, երբեմն դուրս ենք  գալիս զբոսանքի՝ բալիկին քնած թողնելով տատիկի մոտ»։ 

Մարիամն առանձնակի ջերմությամբ է խոսում որդու հետ ժամանցի մասին: Այն սկսվում է աշխատանքից վերադառնալուն պես, երբ Ռուբենը ծափ տալով, «մամա, արի՛» կանչելով դիմավորում է մայրիկին: Երիտասարդ կինը պատմում է, որ երեխայի հետ սովորական պրոցեդուրաները, ինչպես՝ սնվելը, լողանալը, լվացվելը, գիշերազգեստ հագնելը եւ այլն, ավելի շատ խաղի ու իրար սիրելու են վերածել ու դարձրել ժամանցի մի մասը: Նա նաև երեքով անցկացրած որակյալ ժամանակն է կարևորում. «Երեքով՝ ամուսնուս ու տղայիս հետ, նկարում ենք, զարգացնող խաղեր, գնդակ ու «բռնոցի» ենք խաղում: Սա շեշտում եմ, որպեսզի ցույց տամ նաեւ, թե ինչքան ներգրավված է հայրիկը բալիկի կյանքում, ու ինչքան է հեշտանում աշխատող մայր լինելը՝ «ճիշտ» ամուսին ու երեխայի հայր ունենալու պարագայում»:

Չվճարվող կենցաղային գործերի վրա կանայք շաբաթական 58,5 ժամ են ծախսում

Փորձագետները պնդում են, որ կարիերայի աճ ունենալու համար կանայք պետք է նվազագույնի հասցնեն իրենց ընտանեկան պարտականությունների բեռը: Ապացուցված է, որ Հայաստանում կանայք ավելի քիչ ժամ են աշխատում, քան տղամարդիկ, ինչը նաև կապ ունի չվճարվող կենցաղային աշխատանքների վրա ծախսված ժամանակի հետ: Պարզվում է՝ տնային աշխատանքների վրա կանայք ծախսում են շաբաթական 58,5 ժամ, իսկ տղամարդիկ՝ ընդամենը 28.4 ժամ: Բացի այդ, կանայք ավելի շատ ժամանակ են ծախսում ընտանիքի հիվանդ, տարեց կամ հաշմանդամություն ունեցող անդամների և երեխաների խնամքի վրա, քան տղամարդիկ: Ստացվում է, որ կանայք իրենց ժամանակի մեծ մասն անցկացնում են տնային աշխատանքներով և երեխաների խնամքով, ինչը  կարող է ստիպել նրանց ընտրել այնպիսի մասնագիտություններ կամ ոլորտներ, որոնք բավարար ճկունություն են ապահովում ընտանիքի մասին հոգ տանելու համար։ Սրանք, սովորաբար, ավելի ցածր վարձատրվող աշխատանքներ են, թեև ամենևին պարտադիր չէ, որ դրանք լինեն կանանց հարմար աշխատանքներ: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ «կանանց դերը որպես մայր կարող է խանգարել նրանց աշխատել արտաժամյա կամ ընդունել երկարատև գործուղումների առաջարկներ՝ այդպիսով հանգեցնելով այն մասնագիտությունների ընտրությանը, որոնք ավելի քիչ ջանքեր են պահանջում, հետևաբար՝ ավելի քիչ են վարձատրվում»: 

 Ընտանեկան, կենցաղային պարտականությունների հաղթահարումից հետո աշխատել ցանկացող մայրերը նոր մարտահրավերների առաջ են կանգնում: «Կետ 33» հասարակական կազմակերպությունը, վերլուծելով վաղ մայրության շրջանում կանանց աշխատանքային իրավունքները, գրում է. «Աշխատանք-ընտանեկան կյանք խզվածքի պատճառները բազմաթիվ են. երկարատև, անկանխատեսելիորեն երկարող աշխատանքային ժամեր, ֆիքսված և ոչ հարմար աշխատանքային գրաֆիկ, սոցիալական ծառայությունների վատ աշխատանք (օրինակ՝ տրանսպորտի վատ աշխատանքի դեպքում բարդանում է աշխատավայր հասնելն ու վերադառնալը), մանկապարտեզների, դպրոցների աշխատաժամանակի հետ կապված անհարմարություններ և այլն։ Այս ամենը բերում է հենց նրան, որ կանայք ստիպված են լինում նվազեցնել իրենց աշխատանքային ժամերը կամ առհասարակ չաշխատել»։ 

Հիշեցնենք, որ Հայաստանում մինչև 6 տարեկան երեխաների շուրջ 70 տոկոսը մանկապարտեզ չի հաճախում։ Թեև 2018 թվականից կառավարությունն իրականացնում է «Դայակ՝ պետության աջակցությամբ» ծրագիրը, որով փոխհատուցվում է դայակի կամ խնամքի կենտրոնի վճարի 50 տոկոսը, սակայն ծրագրից կարող են օգտվել սահմանափակ թվով անձինք, բացի այդ՝ ծրագրին մասնակցությունն ավարտվում է երեխայի 2 տարին լրանալուն պես:

«Կենցաղից դեպի կրթություն և աշխատանք տանող ճանապարհը … »

Մարիամ Մարտիրոսյանը պատմում է, որ աշխատող մայր լինելը միայն շարունակական հաջողության մասին չէ: Պետք է պատրաստ լինես դիմանալ հուզական պահերի լարվածությանը, երբ, օրինակ, երեխային հիվանդ թողնում ես և աշխատանքի ես գնում: Սակայն, երբ մայրը լիարժեք վստահում է երեխայի խնամակալին, Մարիամի դեպքում՝ տատիկին, ամեն ինչ հաղթահարելի է:

Ամփոփելով՝ Մարիամն ասում է, որ մանկահասակ երեխայի մայր լինելը, անքուն գիշերներն ու ժամանակի սղությունն աշխատավայրում իր կատարողականության վրա բացասաբար չեն անդրադառնում. «Պատասխանատվության զգացումն էլ ավելի է մեծանում ինձ տրված շանսին ու վստահությանն ի պատասխան: Հիմա ավելի ճիշտ եմ պլանավորում օրս, արդյունքներս գոհացնում են թե՛ պրոյեկտի,  թե՛ իմ մենեջմենթին։ Իրականոմ ընտանիքն իմ առաջնահերթությունն է, ու հենց այդ պատճառով էլ ձգտում եմ ավելի լավ ու պարտաճանաչ աշխատել ու մամա լինելուս հանգամանքը «մատի փաթաթան» չսարքել:

«Քեզ կարիերիստ համարու՞մ ես» հարցին Մարիամի պատասխանը դրական է. «Ես ինձ կարիերիստ համարում եմ, այո՛, ու ուրախ եմ դրա համար, որովհետեւ դա ինձ կենցաղից դեպի կրթություն ու աշխատանքի մղող առաջին ուժն է»:

Լուսանկարները՝ Մարիամ Մարտիրոսյանի անձնական արխիվից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter