HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Խոտի հետ աղբ է հնձվում. սատկած կովերը` վկա

«Ագրոհոլդինգ Արմենիա» ընկերության` Սպիտակ քաղաքի մասնաճյուղին պատկանող դաշտերը գտնվում են Ֆրիտյոֆ Նանսենի անվան հիվանդանոցի կողքին:  Ընկերության տնօրեն Արշավիր Մարտիկյանը դժգոհում է, որ հիվանդանոցի աշխատակիցները տարածքը մաքուր չեն պահում. արդյունքում իր ընկերության աշխատակիցները կրկնակի աշխատանք են կատարում:

Նրանք նախ ստիպված են լինում մաքրել տարածքը, հետո նոր անցնել գործի, որպեսզի խոտի հետ աղբ չհնձեն:  

«26 լիտր կաթ տվող առողջ կովերը աչքներիս առաջ սատկում են: Չգիտեմ, պատկերացնում եք, չէ՞` դա ինչ է: Արդեն երկրորդ կովը սատկեց: Զարմացել էինք, փորձեցինք անպայման իմանալ` ինչից է: Պարզվեց, որ ցելոֆան են կերել,- պատմում է Արշավիր Մարտիկյանը,- գնացի, ինքս հանդիպեցի գլխավոր բժշկի հետ: Հանդիպման ժամանակ ասաց, թե հիվանդանոցի տարածքում աղբամաններ տեղադրելու միջոցներ չունեն: Ասացի` լավ, մեր հարևաններն են: Իմ միջոցներով երկու հատ մեծ, երկաթյա, փակվող կափարիչներով աղբամաններ պատվիրեցի և իմ կողմից նվիրեցի հիվանդանոցին: Մտածեցի` և իրենց օգնություն կլինի, և մեր դաշտերը մաքուր կլինեն: Հարցն այն է, որ դրանից հետո էլի նույն վիճակն է»:

Արշավիր Մարտիկյանի խոսքով` տարածքում տեղադրված աղբամաններից օգտվում է միայն հիվանդանոցը. բնակելի շենքեր կան, սակայն հեռու են գտնվում, և բնակիչները աղբը թափելու համար չեն հասնում այդտեղ, հետևաբար դաշտն աղտոտողները հիվանդանոցի աշխատակիցներն են:

Հիվանդանոցի տնօրեն Արսեն Մկրտչյանը մեզ հետ զրույցում նախ զարմացավ, որ «Ագրոհոլդինգ» ընկերությունը դժգոհում է տարածքի աղտոտվածությունից: «Ինձ դիմելու փոխարեն, ձե՞զ են ասել, չեմ հասկանում»,- ասաց նա, թեև Արշավիր Մարտիկյանն իր խոսքում նշել էր, որ խնդիրը քննարկելու համար հիվանդանոցի տնօրենի հետ հանդիպում են ունեցել թե ինքը, թե ընկերության` Սպիտակի մասնաճյուղի տնօրենը:

Նա ասաց, որ հիվանդանոցի տարածքը մաքուր է, ավելին` «չէր կարող կեղտոտ լինել», քանի որ ընդամենը մի քանի օր առաջ են շաբաթօրյակ արել: Երբ ասացինք, որ լուսանկարներում շատ պարզ է երևում, որ տարածքը մաքուր չէ, ասաց, որ քամին է աղբարկղից աղբը լցնում տարածքում. ինքը քամու դեմ ի՞նչ անի: Այդ հարցին Արշավիր Մարտիկյանը պատասխան ունի. «Ընդամենը պետք է փակել աղբամանների կափարիչը»:

«Աղբամանները կափարիչ ունեն, բայց մեզ մոտ հիվանդներ են մնում: Որ մի երկու օր գաք մեզ մոտ հյուր, լրիվ կհասկանաք էդ խնդիրը, մեր հիվանդները այդ մշակույթը չունեն, որ աղբը տանեն, գցեն աղբարկղը և փակեն կափարիչը»,- ասաց Արսեն Մկրտչյանը:

Թեև երկու կովերը սատկել են պոլիէթիլենային տոպրակներ ուտելու պատճառով, սակայն տարածքում, «Ագրոհոլդինգի» տնօրենի խոսքով, կարելի է գտնել ավելի վտանգավոր աղբի տեսակ, որը թափում են ոչ թե հիվանդները, այլ բուժաշխատողները:

«Օգտագործված սիստեմաներ, ներարկիչներ, դեղորայքի ամպուլաներ: Մենք նաև սննդի անվտանգության մասնագետներ ենք: Նման աղբը այդ ձևով չեն թափում»,- ասաց Արշավիր Մարտիկյանը:  Նա առայժմ խնդրում է պարզապես փակել աղբամանների կափարիչը` նշելով, որ կարող էր նաև այլ պահանջներ դնել հիվանադանոցի աշխատակազմի առջև. այդպիսի աղբը ենթարկել օգտահանման (ուտիլիզացիա), նոր թափել:  

«Ես կարող եմ ձեզ ցույց տալ Հայաստանի տարածքում իմ ընկերությանը պատկանող բոլոր դաշտերը: Բոլորը ապշած են մնում, թե ինչքան մաքուր են… Բայց էս դաշտը որ նայեք… Ախր բժիշկներ են, առաջինը նրանք պետք է պահպանեն սանիտարահիգիենիկ կանոնները»,- ասում է նա:

Լուսանկարները՝ Անահիտ Հայրապետյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter