HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Թմրամիջոցների մաքսանենգության դեպքերը կրկնակի աճել են Հայաստանում

2021 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվել է թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների հետ կապված հանցագործությունների 1544 դեպք՝ նախորդ տարվա 1226-ի համեմատ:

Նախորդ տարվա համեմատ ավելացել են նաև թմրանյութերի հետ կապված իրավախախտումների դեպքերը: Եթե 2020-ին հայտնաբերվել է իրավախախտման 256 դեպք, ապա 2021-ին դեպքերի թիվը 298 է:

Հանցագործության 1544 դեպքերից 529-ը վերաբերել է թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի իրացմանը (ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդված): Այս ցուցանիշը գրեթե չի տարբերվում 2020-ի ցուցանիշից  (532դեպք):

Այս մասին տվյալները տրամադրում է Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի  վարչությունը:

Թմրանյութերի ապօրինի շրջանառությանն առնչվող հոդվածները ներառված են ՀՀ քրեական օրենսգրքի «Բնակչության առողջության դեմ  ուղղված հանցագործությունների» գլխի 266-ից 274-րդ հոդվածներում:

Ստորև ներկայացնում ենք ոստիկանության վիճակագրությունը այն մասին, թե 2021-ի ընթացքում այս հոդվածներից յուրաքանչյուրով քա՞նի դեպք է արձանագրվել, ինչպես նաև ենթադրյալ հանցագործությունների դինամիկան 2020-ի համեմատ:

2021 թվականի վիճակագրական տվյալների մեջ ակնհայտ է այն հանգամանքը, որ գրեթե կրկնակի աճել են թմրանյութերի մաքսանենգության դեպքերը (267.1 հոդված): Մասնավորապես՝ եթե 2020 թվականին գրանցվել է թմրանյութերի մաքսանենգության 222  դեպք, ապա 2021 թվականին այս դեպքերի թիվը հասել է 420-ի:

Ինչպես տեսնում ենք, 2020-ի համեմատ 2021-ին էականորեն աճել է նաև 268-րդ հոդվածի ցուցանիշը, որը վերաբերում է առանց իրացնելու նպատակի թմրանյութերի ապօրինի շրջանառությանը և 273 հոդվածի ցուցանիշը, որը վերաբերում է շրջանառությունն արգելված՝ թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելուն կամ աճեցնելուն:

2021-ին նաև շուրջ 6 անգամ ավել թմրամիջոց է հայտնաբերվել 2020-ի համեմատ, սակայն այս ցուցանիշի վրա էականորեն ազդել է երկու դեպքով՝ 350 և 100 կգ թմրանյութերի հայտնաբերումը, որին կանդրադառնանք ներքևում:

Ընդհանուր առմամբ՝ 2021 թվականի ընթացքում իրավապահ մարմինների կողմից ապօրինի շրջանառությունից առգրավվել և փորձաքննության են ներկայացվել 606 կգ 460258 գր տարբեր տեսակի թմրամիջոցներ, 625,60165 գր հոգեմետ նյութեր, 15,5089854 կգ պրեկուրսորներ (2020թ. թմրամիջոցներ՝ 114 կգ 671.529 գր, հոգեմետ նյութեր՝ 7552.24918 գր,  պրեկուրսորներ՝ 1 կգ 175.318գր):

Ստորև ներկայացնում ենք, թե 2021-ին Հայաստանի Հանրապետությունում ի՞նչ տեսակի թմրամիջոցներ են հայտնաբերվել, ինչ քանակով, ինչպես նաև թե նույն թմրամիջոցների ի՞նչ քանակ է հայտնաբերվել 2020 թվականի ընթացքում:

 

Նկատենք, որ հայտնաբերված թմրամիջոցների 447 կգ-ից ավելին հերոին է:

Ոստիկանության տվյալների համաձայն՝ «ծանր» թմրամիջոցներից ափիոնը և մեթամֆետամինը հիմնականում ապօրինի ներկրվում են Իրանի Իսլամական Հանրապետությունից: Իրանից է ներկրվում նաև ՀՀ-ում սպառվող «հաշիշ տեսակի թմրամիջոցի հիմնական մասը:

2021 թվականի ընթացքում արձանագրվել են եվրոպական երկրներից, մասնավորապես՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից դեպի ՀՀ «բուպրենորֆին» և «MDMA» տեսակի թմրամիջոցների ներկրման դեպքեր:

ՀՀ գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ  ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Գևորգ Սարգսյանը «Հետք»-ի հետ զրույցում անդրադարձել է մաքսանենգության դեպքերի աճին, 2021-ի  ընթացքում առանձնապես խոշոր չափի թմրանյութերի հայտնաբերման դեպքերին, հարուցված քրեական գործերի ընթացքի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի գործընթացում դժվարություններին ու այլ խնդիրներին:

Սոցիալական ցանցերը և թմրանյութերի ապօրինի շրջանառությունը

Սարգսյանի խոսքով՝ կատարված ուսումնասիրությունները վկայում են, որ վերջին տարիներին հատկապես մեծ ծավալներ են ստացել սոցիալական կայքերի, համացանցային հեռահաղորդակցության համակարգերի, առավելապես «Тelegram»-ի օգտագործմամբ թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքերը, որոնց պարագայում, որպես կանոն, իրացման ենթակա թմրամիջոցը նախապես տեղադրվում է որևէ վայրում, դրա դիմաց վճարումը կատարվում է անկանխիկ (էլեկտրոնային դրամապանակներ, կրիպտոարժույթ, բանկային հաշվեհամարներ), որից հետո գնորդին փոխանցվում են ապօրինի շրջանառության առարկայի տեղադրման վայրերի վերաբերյալ տվյալները։

Դատախազի խոսքով՝ մի շարք քրեական գործերով ձեռք բերված տվյալները վկայում են թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար բացված և շահագործվող բազմաթիվ համացանցային ռեսուրսների առկայության մասին, որոնցում իրականացվում է թմրամիջոցների բացահայտ գովազդ, տեղադրված են տեղեկություններ առաջարկվող թմրամիջոցների տեսակների, չափաբաժինների և դրանց արժեքի վերաբերյալ։

Նշված եղանակով կատարվող հանցագործությունների տարածվածության իրական աստիճանի, դեպքերի թվի, ապօրինի շրջանառվող թմրամիջոցների տեսակների և քանակի, ենթադրյալ հանցավոր գործունեությունից առաջացող եկամուտների չափերի, այդ գործունեությանը ներգրավված անձանց թվի մասին իրական պատկերացում կարելի է ստանալ ընդամենը մի քանի տելեգրամյան ալիքների միջոցով 2018-2021 թվականների ընթացքում Քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործերից մեկի նախաքննության արդյունքներից»:

Դատախազը մանրամասնում է, որ այս գործով իրականացված դատավարական և օպերատիվ-հետախուզական համագործակցված միջոցառումների արդյունքում բացահայտվել են տևական բնույթ կրող առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության և դրա արդյունքում ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացման դեպքեր:

«Շրջանառվող թմրամիջոցների և գումարների մեծ չափերի մասին պատկերացում կազմելու համար հարկ է նշել, որ նախաքննության ընթացքում հայտնաբերվել և վերցվել է առանձնապես խոշոր չափերի «Մեթամֆետամին», «ԼՍԴ», «ՄԴՄԱ», «α-PVP», «Մեֆեդրոն», «Մարիխուանա», «Հաշիշի յուղ», «Հաշիշ» և այլ տեսակի թմրամիջոցներ, որոնց մոտավոր արժեքը վաճառքի գներով կազմում է շուրջ 180.000.000 ՀՀ դրամ, իսկ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ առնչություն ունեցող էլեկտրոնային դրամապանակներով և տարբեր հաշիվներով շրջանառվել է շուրջ 320.000.000 ՀՀ դրամ»,- ասաց Սարգսյանն ու ընդգծեց, որ սա ոչ թե ամբողջական պատկերն է, այլ այս գործով անցնող անձանցից մի քանիսի մի քանի ամսվա շարժվի վերաբերյալ տեղեկատվության արդյունքում ստացված գումարի մոտավոր չափը, այսինքն՝ գործի քննության ավարտից հետո, ենթադրվում է, որ այդ թիվը մի քանի անգամ կբազմապատկվի:

Նշենք, որ այս գործով 6 տասնյակից ավելի փաթեթ է հայտնաբերվել, որոնք տեղադրված են եղել Երևանում ու մի քանի մարզերում, այսինքն՝ անձանց ձերբակալելուց հետո  հնարավոր է եղել տարբեր վայրերից հավաքել փաթեթները: Այս գործի բացահայտումը հատկանշական է նաև այն հանգամանքով, որ հնարավոր է եղել հայտնաբերել կազմակերպիչներին, տելեգրամյան ալիքներ վարողների: Գործով 17 անձ մեղադրյալ է, 13-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նշվածն ակնհայտ կերպով վկայում է թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում իրավապահ մարմինների կողմից ձեռնարկվող միջոցների արդյունավետության բարձրացման անհրաժեշտության մասին։

Դատախազի խոսքով՝ սոցիալական կայքերի, համացանցային հավելվածների օգտագործմամբ իրացման նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխման և խափանման առումով կարևոր նշանակություն կարող է ունենալ էլեկտրոնային հեռահաղորդակցության ոլորտում հանցագործությունների և այլ իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման նպատակով համարժեք կառուցակարգերի մշակումը և ներդրումը, որոնք հնարավորություն կտան սահմանափակել արգելված տեղեկատվության ոչ իրավաչափ տարածումը, արգելափակել համացանցային հասանելիությունն արգելված տեղեկատվությանը, հետևաբար՝ առկա է այլ շահագրգիռ գերատեսչությունների հետ ոլորտի իրավակարգավորումների կատարելագործման շուրջ քննարկումների և դրանց արդյունքներով համապատասխան միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն։

Նշված խնդիրները լուծելու նպատակով 2021 թվականի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազի կողմից 2 գրություն է հասցեագրվել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին, դրանց հիման վրա նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի մոտ տեղի է ունեցել քննարկում, որի ընթացքում նախարարության համապատասխան պաշտոնատար անձինք մանրամասն իրազեկվել են սոցիալական կայքերի, հեռահաղորդակցության հավելվածների օգտագործմամբ կատարվող հանցագործությունների, այդ թվում՝ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության ու մաքսանենգության դեմ պայքարի ոլորտում առկա հիմնախնդիրների մասին և պատրաստակամություն են հայտնել սեղմ ժամկետներում ամփոփել նախկինում այդ ոլորտում կատարված աշխատանքները և նախաձեռնել անհրաժեշտ միջոցներ նշված հիմնախնդիրների լուծման ուղղությամբ։

Բացի այդ, 2021 թվականին կատարված աշխատանքների ամփոփմանը զուգահեռ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից համապատասխան գրություն է հասցեագրվել ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալին՝ վերոհիշյալ խնդիրները լուծելու և թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության ու մաքսանենգության դեմ տարվող պայքարի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ գործուն միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին։ Սարգսյանը նաև նշեց, որ բոլոր առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների գործերով քննության ընթացքում համապատասխան տվյալների ձեռքբերման արդյունքում հանրային հնչեղություն ունեցող գրեթե բոլոր գործերով գլխավոր դատախազի կողմից օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություններ են տրվում համապատասխան մարմիններին:

Մաքսանենգ եղանակով թմրանյութերի շրջանառության դեպքերը. փոստային առաքումը՝ որպես դրա միջոց

Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալներով՝ 2021 թվականին գրանցվել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության կտրուկ աճ։ Մասնավորապես, ինչպես վերը նշեցինք, 2021-ին գրանցվել է թմրամիջոցների մաքսանենգության 420 դեպք` նախորդ տարվա 222-ի դիմաց, այսինքն՝ դեպքերի թիվն աճել է 198-ով կամ 89,2%-ով։

Գևորգ Սարգսյանի խոսքով՝ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության դեպքերի առթիվ հարուցված և չբացահայտված քրեական գործերի ուսումնասիրությունը վկայում է, որ տարեցտարի ավելի մեծ տարածում են ձեռք բերում հանցագործության առարկան միջազգային փոստային առաքումների միջոցով ՀՀ պետական սահմանով տեղափոխման դեպքերը, ըստ որում՝ մաքսանենգության դեպքերի գերակշիռ մեծամասնությունը փոստային առաքումների միջոցով թմրանյութ շրջանառելու դեպքեր են:

Դատախազի խոսքով՝ նշված առաքումներն իրականացնող կազմակերպությունների կողմից վերջին տարիներին լայնորեն կիրառվում են զանազան համացանցային հավելվածներ, հարթակներ և այլ ռեսուրսներ, որոնք հնարավորություն են տալիս առցանց պատվիրել առաքումներ, հետևել դրանց հետագծին, կատարել վճարումներ: Դատախազն ասում է, որ նշված կազմակերպությունների կողմից չեն ձեռնարկվում բավարար միջոցներ՝ հաճախորդների նույնականացումն ապահովելու համար։ Մասնավորապես, մեծ տարածում ունեն այն դեպքերը, երբ նշված համացանցային ռեսուրսներում օգտահաշիվները գրանցվում են այլ անձանց կամ մտացածին տվյալներով, նշվում են պատահական կամ ՀՀ տարածքում չկիրառվող նիշերի քանակով հեռախոսահամարներ, օգտագործվում են ոչ իրական տվյալներով բացված էլեկտրոնային փոստի հասցեներ, և վերոհիշյալ գործոններն էական դժվարություններ են ստեղծում դեպքերի բացահայտման, առաքմանն առնչություն ունեցած անձանց շրջանակի, դեպքերի իրական հանգամանքների պարզման համար։

«Այստեղ արդեն ավանդական քննության մեթոդները այնքան էլ արդյունավետ չեն լինում, և  հանցագործության դեպքերի բացահայտման առումով առաջնային նշանակություն է ձեռք բերում կիբերհանցագործությունների դեմ պայքարի համար իրականացվող միջոցառումների կիրառումը, որոնք կարող են մեծ արդյունավետություն ապահովել այդ գործերի քննության համար: ՀՀ գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազների կողմից 2021 թվականի ընթացքում տրված ցուցումների գերակշիռ մասը վերաբերել է առաքումներն իրականացնող կազմակերպություններից համացանցային հավելվածների վերաբերյալ լրացուցիչ տվյալներ ստանալուն և դրանց շուրջ հետևողական քննություն կատարելուն։ Նման պայմաններում, քննության մեթոդիկային ներկայացվող պահանջներով պայմանավորված՝ էապես ավելացել է առանձին քրեական գործերով կատարման ենթակա դատավարական գործողությունների շրջանակը»,- ասաց Գևորգ Սարգսյանը:

Վերջինիս խոսքով՝ 2021 թվականին կատարված աշխատանքների ամփոփման արդյունքներով նշված խնդիրները լուծելու և մաքսանենգության դեմ տարվող պայքարի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ գործուն միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի կողմից համապատասխան գրություն է հասցեագրվել ՊԵԿ նախագահին, իսկ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից՝ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալին, ՀՀ գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հացագործությունների գործերով վարչության իրավասությանը վերապահված հսկողական և վերահսկողական գործերով 2021թ․ընթացքում տրվել է 78 ցուցում՝ նախորդ տարվա 16-ի համեմատ: Դատախազի խոսքով՝ 2021թ․ կատարված աշխատանքի արդյունքներով 2 միջնորդագիր է ուղարկվել միջազգային փոստային առաքման ծառայություններ մատուցող 2 կազմակերպության:

Հայաստանը՝ տարանցիկ երկիր, հայտնաբերված թմրամիջոցների քանակական աճը և հարուցված քրեական գործերի ընթացքը

Ինչպես արդեն նշեցինք, 2012 թվականին շուրջ 606 կգ թմրամիջոց է հայտնվել՝ 2020-ի 114-ի համեմատ:

Գևորգ Սարգսյանի խոսքով՝ այս աճը մասամբ պայմանավորված է առանձնապես խոշոր չափի թմրամիջոցների հայտնաբերման երկու դեպքով:

2021 թվականի փետրվարի 27-ին ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայությունը Իրանից խմորիչով բեռնված բեռնատարի զննության արդյունքում հայտնաբերվել է 1748 արկղ, որոնցից 33-ի միջից հայտնաբերվել է շուրջ 354 կգ «հերոին» տեսակի թմրամիջոց:

Այս գործով որպես մեղադրյալ ներգրավված է Հայաստանի Հանրապետության՝ 5, Իրանի Իսլամական Հանրապետության՝ 2 և Վրաստանի Հանրապետության 1 քաղաքացի:

Դատախազը հայտնեց, որ այս գործով 2022 թվականի հունվարին մեղադրյալներից մեկի մասով քննությունն ավարտվել է, և քրեական գործն ուղակվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննության: Դատարան ուղարկված գործով անցնող անձն ԻԻՀ քաղաքացի է, այն մեղադրյալն է, որը Իրանից բեռն ուղեկցել է Հայաստան, այստեղ համապատասխան դրամական միջոցներ է ստացել, ինչպես նաև բեռի հետ կապված համապատասխան ծախսերի վճարումները:

Տվյալ գործով Հայաստանում հայտնաբերված թմրամիջոցը Հայաստանի, ապա այլ պետությունների տարածքով պետք է տեղափոխվեր Եվրոպա:

2021թ.–ի ընթացքում մեկ այլ խոշոր դեպք է բացահայտվել՝ 97 կգ հերոին, այս դեպքում ևս Հայաստանը հանդիսացել է տարանցիկ երկիր, բեռը կրկին տեղափոխվում էր Եվրոպա:

Սարգսյանն ասում է՝ ժամանակ առ ժամանակ լինում են դեպքեր, երբ մաքսանենգ ճանապարհով տարանցման դեպքեր են հայտնաբերվում, սակայն դրանց՝ պարբերական բնույթ կրելու վերաբերյալ Դատախազությունում տեղեկություններ չկան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter