HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Սնանկության դատարանի դատավորներ Գևորգ Նարինյանի և Արա Կուբանյանի գործն ուղարկվել է դատարան

Սնանկության դատարանի դատավորներ Գևորգ Նարինյանի, Արա Կուբանյանի և ևս երկու անձի վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից: Գործը մակագրվել է դատավոր Արտուշ Գաբրիելյանին, «Դատալեքս»-ում դեռևս տեղեկություններ առկա չեն՝ դատավորն այն վարույթ ընդունել է, թե՞ ոչ:

Ըստ համակարգում առկա տեղեկատվության՝ «Գևորգ Նարինյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող, ՀՀ սնանկության դատարանի դատավոր, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ որպես ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ ունենալով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն, 2019 թվականի ընթացքում 12.382.580 ՀՀ դրամի չափով ավելացրել է իր գույքը, որն էականորեն գերազանցել է իր օրինական եկամուտները և ողջամտորեն չի հիմնավորվել դրանցով, ապա ձեռնամուխ է եղել անօրինական եկամուտները օրինական քաղաքացիական շրջանառության մեջ դնելու միջոցով դրանց օրինական տեսք հաղորդելուն»

Մասնավորապես, ըստ «Դատալեքս»-ում առկա տեղեկատվության՝ մտերիմ հարաբերություններ ունենալով Սնանկության դատարանի դատավոր Արա Կուբանյանի և զբաղեցրած պաշտոնեական դիրքով պայմանավորված իրենից որոշակի կախվածության մեջ գտնվող սնանկության գործերով կառավարիչ Աշոտ Խաչատրյանի հետ, վերջիններիցս տեղեկացել է 2015 թվականի նոյեմբերի 9-ին քաղաքացիական գործերից մեկով Ա/Ձ Սիմոն Աղեկյանին սնանկ ճանաչելու և սնանկության վարույթի շրջանակներում՝ վերջինիս և նրա ընտանիքի անդամներին պատկանող անշարժ գույքի իրացման գործընթացի մասին

Նշված անշարժ գույքը՝ Երևան քաղաքի Վարդանանց փողոցում գտնվող բնակարանը, հնարավորին էժան գնով ձեռք բերելու նպատակով, խնդրելու և համոզելու եղանակով դրդել է Ա/Ձ Սիմոն Աղեկյանի սնանկության գործով կառավարիչ Աշոտ Խաչատրյանին խախտել հրապարակային սակարգությունների անցկացման կարգը և խոչընդոտել հրապարակային սակարկությունների միջոցով նշված բնակարանի իրացման բնականոն գործընթացին, ինչն իրագործելու նպատակով 2018-2019թթ. ընթացքում Աշոտ Խաչատրյանը, չարամտորեն խախտելով հրապարակային սակարգությունների անցկացման կարգը, ապակողմնորոշել է անշարժ գույքի ձեռքբերմամբ հետաքրքրված տարբեր անձանց՝ հայտնելով, որ գույքը ձեռք է բերվելու համասեփականատերերի կողմից, հնարավոր գնորդներին զերծ է պահել օրինական կարգով աճուրդներին մասնակցելուց՝ այդ կերպ ապահովելով աճուրդների չկայանալը և դրանով պայմանվորված բնակարանի իրացման աճուրդի մեկնարկային գնի արհեստական նվազումը՝ 26 մլն 400 հազ․ դրամից այն հասցնելով 12 մլն 382 հազ․ դրամի, ինչի հետևանքով գույքի սեփականատիրոջը պատճառվել է խոշոր վնաս:

Արա Կուբանյանն, ըստ մեղարդանքի, լինելով վերը նշված սնանկության գործով դստավորը, «Գ. Նարինյանի դրդմամբ, վերջինիս խնդրանքը կատարելու, նրա կողմից հնարավորինս էժան գնով անշարժ գույքի ձեռքբերումն ապահովելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և ծառայողական պարտականությունները չկատարելով, որևէ միջոց չի ձեռնարկել՝ Աշոտ Խաչատրյանի հանցավոր գործողությունները խափանելու և դրանց հետևանքները վերացնելու ուղղությամբ»:

Սնանկության գործով կառավարիչ Աշոտ Խաչատրյանը մեղադրվում է այն բանի համար, որ  Գևորգ Նարինյանի և «Ա/Ձ Սիմոն Աղեկյանի» սնանկության գործով դատավոր Արա Կուբանյանի հետ, դատավոր Գ.Նարինյանի դրդմամբ, վերջինիս խնդրանքը կատարելու, նրա կողմից հնարավորինս էժան գնով բնակարանի ձեռքբերումն ապահովելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, չարամտորեն խախտելով հրապարակային սակարկությունների անցկացման կարգը, խոչընդոտել է հրապարակային սակարկությունների միջոցով նշված բնակարանի իրացման բնականոն գործընթացին` դրանով իսկ հնարավորություն ընձեռնել  Նարինյանին հիշյալ հասցեում գտնվող անշարժ գույքը ձեռք բերելուն, ինչպես նաև նշված բնակարանի տիրապետման համար առաջացած խոչընդոտները վերացնելուն, մասնավորապես՝ նշված հասցեում բնակվող անձանց վտարումն իրականացնելուց հետո, սնանկության վարույթի ընթացքում բնակարանում առկա գույքը և իրերը հարկադրաբար բնակարանից հանելու նպատակով, դատավոր Արա Կուբանյանի հանձնարարությամբ նշված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերած Տիգրան Մարտիրոսյանից պահանջել և ստացել է հանցավոր դիտավորության իրականացման համար ցանկալի բովանդակությամբ, հետին ամսաթվով կազմված դիմում՝ այդպիսով օժանդակելով Արա Կուբանյանի կողմից ծանրացուցիչ հանգամանքներում պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը: Նշված հանցավոր գործողությունների կատարման արդյունքում կայացվել է դատական ակտ, տրվել է կատարողական թերթ՝ աճուրդի դրված և վաճառված անշարժ գույք հանդիսացող բնակարանում գտնվող կենցաղային իրերը (շարժական գույքը) Ս.Աղեկայնին դուրս բերելուն պարտավորեցնելու վերաբերյալ:

Տիգրան Մարտիրոսյանն, ըստ մեղադրանքի, ձևականորեն հանդիսանալով մորաքրոջ որդու՝ Գևորգ Նարինյանի կողմից սնանկության վարույթի ընթացքում աճուրդով գնված Երևան քաղաքի՝ արդեն վերը նշված բնակարանի սեփականատերը, նախնական համաձայնության գալով գործով Աշոտ Խաչատրյանի հետ, խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակել է դատավոր Արա Կուբանյանին վերջինիս կողմից դատական ակտ կայացնելու հարցում, մասնավորապես՝ Աշոտ Խաչատրյանի պահանջով հետին ամսաթվով կազմել և նրան է փոխանցել հանցավոր դիտավորության իրականացման համար ցանկալի բովանդակությամբ դիմում՝ ինչն օգտագործելով Սնանկության դատարանի դատավոր Արա Կուբանյանի կողմից 2020թ. փետվարի 4-ին կայացվել է դատական ակտ, որի հիման վրա 2020 թվականի փետրվարի 6-ին տրվել է կատարողական թերթ՝ աճուրդի դրված և վաճառված անշարժ գույք հանդիսացող բնակարանում գտնվող կենցաղային իրերը Ս.Աղեկայնին դուրս բերելուն պարտավորեցնելու վերաբերյալ:

Մեզ հայտնի է, որ Գևորգ Նարինյանն ու Արա Կուբանյանը չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը, իսկ թե մեղադրանքի վերաբերյալ ինչ դիրքորոշում ունեն Խաչատրյանն ու Մարտիրոսյանը, հայտնի չէ:

Նշենք, որ այս պահին գործով 4  մեղադրյալները գտնվում են ազատության մեջ: Նարինյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրված գրավը, իսկ մյուս անձանց նկատմամբ՝ ստորագրությունը:

Հիշեցնենք, որ գործով տուժողը՝ Սիմոն Աղեկյանը, մոտ երկու տարի առաջ Կառավարության շենքի դիմաց ինքնահրկիզման փորձ է կատարել՝ բողոքելով սնանկության գործի վարույթից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter