HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Արտուշ Գաբրիելյանն ինքնաբացարկ է հայտնել սնանկության դատարանի դատավորներ Նարինյանի և Կուբանյանի գործով

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանն ինքնաբացարկ է հայտնել Սնանկության դատարանի դատավորներ Արա Կուբանյանի, Գևորգ Նարինյանի և մյուսների գործով: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից: Համակարգում ինքնաբացարկի հիմքի մասին մանրամասն տեղեկատվություն առկա չէ, միայն նշված է՝ «կանխակալ վերաբերմունք»: Մեր տեղեկություններով՝ Գաբրիելյանը ընկերական հարաբերություններ ունի մեղադրյալ դատավորներից մեկի հետ, և այս հանգամանքն է դիտարկել՝ որպես կանխակալ վերաբերմունք, ինչն ինքնաբացարկի հիմք է:

Գործն այժմ մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ջոն Հայրապետյանին: Վերջինս ապրիլի 21-ին այն վարույթ է ընդունել:

Հիշեցնենք, որ ըստ Դատալեքսում առկա տեղեկատվության՝ Գևորգ Նարինյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող, ՀՀ սնանկության դատարանի դատավոր, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ որպես ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ, ունենալով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն, 2019 թվականի ընթացքում 12.382.580 դրամի չափով ավելացրել է իր գույքը, որն էականորեն գերազանցել է իր օրինական եկամուտները և ողջամտորեն չի հիմնավորվել դրանցով, ապա ձեռնամուխ է եղել անօրինական եկամուտները օրինական քաղաքացիական շրջանառության մեջ դնելու միջոցով դրանց օրինական տեսք հաղորդելուն:

Մասնավորապես, ըստ մեղադրանքի՝ մտերիմ հարաբերություններ ունենալով Սնանկության դատարանի դատավոր Արա Կուբանյանի, և զբաղեցրած պաշտոնեական դիրքով պայմանավորված, իրենից որոշակի կախվածության մեջ գտնվող սնանկության գործերով կառավարիչ Աշոտ Խաչատրյանի հետ՝ վերջիններիցս տեղեկացել է 2015 թվականի նոյեմբերի 9-ին քաղաքացիական գործերից մեկով Ա/Ձ Սիմոն Աղեկյանին սնանկ ճանաչելու և սնանկության վարույթի շրջանակներում՝ վերջինիս և նրա ընտանիքի անդամներին պատկանող անշարժ գույքի իրացման գործընթացի մասին:

Նշված անշարժ գույքը՝ Երևան քաղաքի Վարդանանց փողոցում գտնվող բնակարանը, հնարավորին էժան գնով ձեռք բերելու նպատակով, խնդրելու և համոզելու եղանակով դրդել է Ա/Ձ Սիմոն Աղեկյանի սնանկության գործով կառավարիչ Աշոտ Խաչատրյանին խախտել հրապարակային սակարգությունների անցկացման կարգը և խոչընդոտել հրապարակային սակարկությունների միջոցով նշված բնակարանի իրացման բնականոն գործընթացին, ինչն իրագործելու նպատակով 2018-2019թթ. ընթացքում Աշոտ Խաչատրյանը, չարամտորեն խախտելով հրապարակային սակարգությունների անցկացման կարգը, ապակողմնորոշել է անշարժ գույքի ձեռքբերմամբ հետաքրքրված տարբեր անձանց՝ հայտնելով, որ գույքը ձեռք է բերվելու համասեփականատերերի կողմից, հնարավոր գնորդներին զերծ է պահել օրինական կարգով աճուրդներին մասնակցելուց՝ այդ կերպ ապահովելով աճուրդների չկայանալը և դրանով պայմանվորված բնակարանի իրացման աճուրդի մեկնարկային գնի արհեստական նվազումը՝ 26 մլն 400 հազ․ դրամից այն հասցնելով 12 մլն 382 հազ․ դրամի, ինչի հետևանքով գույքի սեփականատիրոջը պատճառվել է խոշոր վնաս:

Արա Կուբանյանն, ըստ մեղարդանքի, լինելով վերը նշված սնանկության գործով դստավորը, «Գ. Նարինյանի դրդմամբ, վերջինիս խնդրանքը կատարելու, նրա կողմից հնարավորինս էժան գնով անշարժ գույքի ձեռքբերումն ապահովելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և ծառայողական պարտականությունները չկատարելով, որևէ միջոց չի ձեռնարկել՝ Աշոտ Խաչատրյանի հանցավոր գործողությունները խափանելու և դրանց հետևանքները վերացնելու ուղղությամբ»:

Դատավորներն իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում:

Մեղադրյալի կարգավիճակ ունեն նաև սնանկության գործով  կառավարիչ Աշոտ Խաչատրյանն ու Նարինյանի ազգական Տիգրան Մարտիրոսյանը:

Լուսանկարում՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter