HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատախազությունը բողոքարկել է Հենրիկ Աբրահամյանի և Ամբիկ Գևորգյանի վերաբերյալ դատավճիռը

Դատախազությունն այսօր բողոքարկել է Հովիկ Աբրահամյանի եղբոր՝ Հենրիկ(Ջոնիկ) Աբրահամյանի և Ամբիկ Գևորգյանի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատավճիռը: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Դատախազությունը պահանջում է բեկանել, փոփոխել Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022թ մարտի 7-ի դատավճիռը և ամբաստանյալներ Հենրիկ Աբրահամյանին ու Ամբիկ Գևորգյանին մեղավոր ճանաչել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ վերջիններիս նկատմամբ նշանակելով արդարացի պատիժ՝ առանց համաներման մասին օրենքի կիրառման:

Հիշեցնենք, որ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասը վերաբերում է մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, ապօրինի զենք ռազմամթերք ձեռք բերելուն և պահելուն: Այս հոդվածով նախատեսվում է պատիժ՝ 2-ից 6 տարի ժամկետով:

Դատարանը Աբրահամյանին և Գևորգյանին վերագրվող 235-րդ հոդվածի 2-րդ մասով արարքը վերաորակել է 235-րդ հոդվածի 1-ին մասի, այսինքն՝ հաստատված չի համարել այն հանգամանքը, որ Աբրահամյանն ու Գևորգյանը նախնական համաձայնությամբ են գործել, նրանց նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկումը՝ 2 տարի ժամկետով, ապա պատժից ազատել է՝ «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի կիրառմամբ:

Լուսանկարում՝ Գոռ Աբրահամյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter