HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Հայաստանը պատրաստ չէ առողջության համապարփակ ապահովագրության համակարգին

Հայաստանում 2023-ից մտադիր են առողջության համապարփակ ապահովագրության համակարգ (ԱՀԱ) ներդնել` այն հիմնավորմամբ, որ Հայաստանը տարածաշրջանում առաջատար է բուժման ծախսերի պատճառով աղքատացող բնակչության թվով, ուստի այլևս հնարավոր չէ հետաձգել առողջապահական ապահովագրության համակարգի գործարկումը։

«Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպությունն այսօր կլոր-սեղան քննարկում էր նախաձեռնել «Ինչպե՞ս է գործելու առողջապահական ապահովագրության համակարգը Հայաստանում» թեմայով: Միջոցառմանը պետք է ներկա լիներ եւ ելույթ ունենար առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, սակայն, հասնելով հյուրանոց, որտեղ կազմակերպվել էր քննարկումը, նա հետ էր դարձել` պատճառաբանելով «ծագած անհետաձգելի գործերը»: 

Քննարկմանն իրենց մասնակցությունը հաստատել էին Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան Վարդուհի Պետրոսյանը, Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոնի ավագ դասախոս, հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը, հրավեր էր ուղարկվել նաև Առողջապահության ազգային ինստիտուտ, բայց որեւէ մեկը ներկա չէր:

Քննարկումն ընթացավ հիմնականում ՀԿ ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ: Միակ պաշտոնական ներկայացուցիչը ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Արա Սինանյանն էր, որը նույնպես տարակուսած էր առողջապահության ոլորտի պատասխանատուների բացակայությունից:

2019-ին Առողջապահության նախարարությունը շրջանառության մեջ դրեց համապարփակ` բոլոր քաղաքացիների համար պարտադիր ապահովագրության հայեցակարգի նախագիծ, որը բուռն քննադատության արժանացավ: Հետագայում համակարգի ներդրման վերաբերյալ խոսակցությունները դադարեցին, սակայն 2021-ի ապրիլին ձեւավորվեց աշխատանքային խումբ` Լենա Նանուշյանի գլխավորությամբ, որը շարունակեց աշխատել այդ ուղղությամբ եւ օրենքի նախագիծ մշակեց: Այն դեռեւս չի հրապարակվել: Ըստ քննարկման մասնակիցների` նախագիծն ուղարկվել է տարբեր նախարարություններ` կարծիքի: ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Արա Սինանյանը հայտնեց, որ հանձնաժողովը չի մասնակցել նախագծի մշակմանը, թեեւ նախապես հայտնել էին իրենց պատրաստակամության մասին:

Այս տարվա փետրվարին «Լրագրողներ հանուն ապագայի» կազմակերպությունը հետազոտություն է կատարել ԱՀԱ համակարգի վերաբերյալ` պարզելու, թե ով, որքան եւ ինչպես պետք է վճարի բուժծառայությունների համար, ինչ հնարավոր խութեր կան նոր համակարգի ներդրման գործընթացում, ի՞նչ սպասել որակ - գին հարաբերակցությունից։

Այսօրվա քննարկման մասնակիցների համոզմամբ, Հայաստանի առողջապահական համակարգը պատրաստ չէ առողջության համապարփակ ապահովագրությանը ո՛չ ենթակառուցվածքների, ո՛չ կադրային, ո՛չ էլ ֆինանսական ռեսուրսների առումով:

«Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ ղեկավար Վիոլետա Զոփունյանի կարծիքով` 2023-ը սարերի հետեւում չէ, բայց բազմաթիվ հարցերի պատասխաններ չկան: Նա առողջապահության նախարարությանը կից հասարակական խորհրդի անդամ է, մասնակցել է համակարգի վերաբերյալ նախարարությունում կազմակերպված մի քանի քննարկումների, բայց դրանք արդյունավետ չի համարում: Զոփունյանի խոսքով` հայտնի չէ, թե ինչ մարմին է գործարկելու եւ վերահսկելու ապահովագրության համակարգի ներդրումը, ովքեր են ընդգրկվելու այդ կառույցում, արդյոք վերահսկողությունը լինելու է կլինիկական եւ սպասարկման մակարդակներում: Նա օրինակ է բերում մինչ այս առողջապահության ոլորտում կատարված բարեփոխումները, որոնք բազմաթիվ թերություններ ունեն, քանի որ լավ մտածված ու մշակված չեն եղել եւ գործարկման փուլում շատ թերություններ են ի հայտ եկել: Օրինակ` էլեկտրոնային առողջապահության «Արմեդ» համակարգը, ծննդօգնության, քաղցկեղի բուժման պետպատվերի համակարգերը, որոնք յուրատեսակ ապահովագրություն կարելի է համարել:

«Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ նախագահ Փայլակ Թադեւոսյանի խոսքով` հայտնի չէ, թե առողջապահության նախարարությունն ինչ հաշվարկներ է կատարել եւ ինչի վրա է հիմնվել ԱՀԱ հայեցակարգը եւ օրենքի նախագիծը մշակելիս: Վիեոլետա Զոփունյանը նույնպես փաստեց, որ թեմայի վերաբերյալ նախարարությունում տեղի ունեցած քննարկումների ժամանակ չի ներկայացվել որեւէ ուսումնասիրություն, որի վրա հիմնվել են նախագիծը մշակելիս:

Ըստ նախագծի` մեկ հոգու համար առողջապահական փաթեթի շեմը լինելու է 84.000-360.000 դրամ՝ ըստ աշխատավարձի չափի, որի կեսն աշխատակիցն է վճարելու՝ 42.000-180.000 հազար դրամ։ 2019-ի հայեցակարգի համաձայն՝ նախատեսվում էր առողջության հարկ՝ ապահովագրավճար գանձել միայն աշխատողից. հարկվելու էր նրա եկամտի 2-6 %-ը։ Ըստ վերանայված եւ այժմ առաջարկվող տարբերակի՝ 6%-ը հարկվելու է թե՛ աշխատողից եւ թե՛ գործատուից՝ 3-ական տոկոսի չափով։ Ինքնաշխատ մարդիկ (Ա/Ձ, գյուղատնտեսության մեջ ներգրավվածներ եւ այլն) վճարելու են հաստատագրված վճարներ: Փայլակ Թադեւոսյանը սա աշխատող բնակչությանը հարվածող քայլ է համարում` հարկերի անուղղակի բարձրացում, որը միաժամանակ մեծացնելու է գործատուի բեռը։ Նա այս համակարգն անընդունելի է համարում նաեւ սոցիալական արդարության տեսանկյունից, եթե աշխատողը պետք է վճարի չաշխատողի ապահովագրության համար:

ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Արա Սինանյանը հիմնականում համաձայնեց արտահայտված տեսակետներին, բայցեւ կոչ արեց նկատել արդեն իսկ կատարված դրական փոփոխությունները: Նա ընդգծեց՝ պետությունն ամեն տարի մեծացնում է առողջապահությանը հատկացվող միջոցները, ընդլայնում պետպատվերով մատուցվող բուժծառայությունների ցանկը, բայց առկա են խնդիրներ, օրինակ` գոյացող հերթերը պատպատվերի պարագայում, որոնց պատճառները պետք է վերլուծվեն եւ ճիշտ ոլորտային փոփոխություններ կատարվեն: Անդրադառնալով առողջապահական ապահովագրության ներդրման հարցին՝ նա ասաց․ «Պետական ապահովագրություն մեր երկրում արդեն կա, իսկ ապահովագրական համակարգը գործարկելու համար պիտի խորքային հաշվարկներ արվեն, հստակ տարբերակվեն ապահովագրության տեսակները»։

«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն քննարկման մասնակիցներին վստահեցրեց, որ արված դիտարկումները կփոխանցվեն առողջապահության նախարարությանը։

Լուսանկարները` «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ի 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter