HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Աշոտ Զաքարյանը որոշել է զբաղվել հասարակական գործունեությամբ

«ՀԱԿ-ի ստացած մանդատների թիվը կապ չունի, դուրս կգայի՝ անկախ ամեն ինչից: Այս որոշումը վաղուց էր կայացված, և դա էր պատճառը, որ ես չընդգրկվեցի ՀԱԿ-ի ոչ համամասնական ցուցակում, ոչ էլ առաջադրվեցի մեծամասնական կարգով: Արդեն 6-7 ամիս, սկսած այն պահից, երբ առաջին նախագահը հանդես եկավ ԲՀԿ-ի հետ հնարավոր համագործակցության վերաբերյալ հայտարարությամբ, հատկապես այդ շրջանից սկսած են առաջ եկել տարաձայնությունները»,- այսօր հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության անդամ Աշոտ Զաքարյանը:- Այն ժամանակ չուզեցի հեռանալ, որպեսզի նախընտրական շրջանում Հայ ազգային կոնգրեսի համար լրացուցիչ խնդիրներ չստեղծվեին, իսկ հիմա որևէ անհրաժեշտություն չեմ տեսնում որոշումս չիրականացնելու համար: Ասեմ նաև, որ ինքս, որևէ կերպ ընդգրկված չլինելով ՀԱԿ-ի ցուցակներում, շատ ավելի լավ եմ աշխատել Կոնգրեսի համար' ապահովելով 8,3 տոկոս ձայն թիվ 35 ընտրատարածքի՝ Գյումրի քաղաքն ընդգրկող 24 ընտրատեղամասերում, քան մեծամասնականով առաջադրված թեկնածուները»:

2009-ից Աշոտ Զաքարյանը ղեկավարում է Գյումու ՀԱԿ տարածքային գրասենյակը: Հրաժարվելով գրասենյակի ղեկավարի պաշտոնից և լքելով ՀԱԿ-ի շարքերը՝ նա մտադիր է զբաղվել հասարակական գործունեությամբ. ղեկավարելու է 6 ամիս առաջ ստեղծված «Ժողովրդավարության անվտանգության զարգացման կենտրոնը»: Բանախոսի փոխանցմամբ' կենտրոնում ընդգրկված են նախկին բարձրաստիճան սպաներ և դիվանագիտական աշխատանքով նախկինում զբաղված անձինք:

Դուրս կգա՞ «Հանապետություն» կուսակցության շարքերից, թե՞ կշարունակի համարվել Արամ Սարգսյանի զինակիցը: Այս հարցին Աշոտ Զաքարյանն առայժմ հստակ պատասխան չունի: «Եթե «Հանրապետություն» կուսակցությունը մոտ ժամանակներս հայտարարի ՀԱԿ-ից դուրս գալու մասին, կնշանակի՝ մենք դեռ շարունակում ենք մեր քաղաքական պայքարը նույն կուսակցության մեջ: Եթե չի հայտարարի, ամեն դեպքում տարվող ներքին քաղաքականության մեջ մենք կունենանք տարբեր դիրքորոշում: Դուրս չեմ գա, բայց ակտիվ գործունեություն կուսակցության ներսում չեմ ծավալի»,- ասաց Աշոտ Զաքարյանը:

Որևէ այլ քաղաքական ուժի առաջիկայում կմիանա թե չէ, բանախոսը դժվարացավ ասել, սակայն նշեց, որ չի բացառում համագործակցությունը տարբեր քաղաքական ուժերի հետ: «Ի վերջո, քաղաքականությունը նաև համագործակցությունների արվեստ է. որևէ բան բացառել պետք չէ»,- նշեց Աշոտ Զաքարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter