HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն այլ երկրների հետ փոխգործակցության լիազորություն չունի

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ որպես կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ կարևոր դերակատարներից մեկը, չունի այլ երկրների հետ փոխգործակցության, տեղեկությունների տրամադրման, փոխանակման, փոխադարձ իրավական աջակցության տրամադրման լիազորություններ:

«Հետք»-ը պարբերաբար հոդվածներ է պատրաստում հայ պաշտոնյաների՝ արտերկրում ունեցած գույքի եւ եկամուտների մասին: Ի հայտ են գալիս օրենքի խախտման փաստեր՝ պաշտոնը բիզնես գործունեության հետ զուգակցելու վերաբերյալ: 

Հայաստանում նախ ստեղծվեց բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, այնուհետև վերջինիս հենքի վրա՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: 

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործառույթներից է պետական պաշտոն զբաղեցնող անձանց, համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձանց կողմից օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների պահպանմանը հետևելը: Այն պետք է կանոնակարգի նաեւ հայտարարագրման գործընթացը, ստուգի ու վերլուծի հայտարարագրերը, «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքով սահմանված դեպքում՝ նույն օրենքով սահմանված հայտարարագիրը և այլն:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից հետաքրքրվել էինք, թե պաշտոնատար անձանց՝ արտերկրում գտնվող գույքին և եկամուտներին վերաբերող քանի՞ գրություն, հարցում է ուղարկել այլ պետությունների համապատասխան կառույցներին կամ որևէ այլ գործընթաց սկսե՞լ է փոխօգնության նպատակով: Հարցրել էինք նաև, թե պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների, շահերի վերաբերյալ հարուցված վարույթներով քանի՞սն է հանգուցալուծվել արտերկրից վերը նշված աջակցության շնորհիվ:

Պարզվում է՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որը փաստացի կոռուպցիայի կանխարգելման գործառույթն իրականացնող մարմին է, արտերկրի հետ փոխօգնության լիազորություններ չունի:

Բազմիցս անդրադարձել ենք, որ արտերկրում պաշտոնյայի գույքի և ֆինանսական միջոցների վերաբերյալ տեղեկատվության հայտարարագրումը թողնվել է տվյալ պաշտոնյայի բարեխղճությանը: Շատ դեպքերում նրանք այդ գույքը չեն հայտարարագրում, իսկ Հայաստանի կոռուպցիայի կանխարգելման իրավասությամբ օժտված կառույցները, պարզվում է, արտերկրի նմանատիպ կառույցների հետ համագործակցության լիազորություններ չունեն:

Հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը փոխանցում է, որ Հայաստանը, անդամակցելով մի շարք միջազգային կոնվենցիաների՝ Կոռուպցիայի դեմ ՄԱԿ-ի Կոնվենցիա, Եվրոպայի խորհրդի՝ Կոռուպցիայի մասին քրեական իրավունքի և Կոռուպցիայի մասին քաղաքացիական իրավունքի Կոնվենցիաներին, ստանձնել է պարտավորություններ: Ըստ այդմ՝ պետք է ձևավորվեն համապատասխան մարմիններ և իրականացնեն անհրաժեշտ միջոցառումներ:

Հայկուհի Հարությունյանի փոխանցմամբ՝ նշված միջազգային իրավական կարգավորումներից հետևում է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իր կանխարգելիչ գործառույթի շրջանակներում նման տեղեկատվություն, փոխօգնություն, աջակցություն հայցելու լիազորություն չունի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter