HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Երեխային գետը նետելու գործով մորը սպանության փորձի մեղադրանք է առաջադրվել. կալանավորման միջնորդություն կներկայացվի

2 տարեկան երեխային Դեբեդ գետը նետելու գործով երեխայի մորը մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, այսինքն՝ սպանության փորձը: Նրան կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարան: Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան՝ հայտնեցին Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Երեխայի մայրը պաշտպան չունի. հրաժարվել է նաև Հանրային պաշտպանի գրասենյակի ծառայությունից:

Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ որ նույն օրը՝ ժամը 17:36-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դեբեդ գետը երեխա է ընկել։ Երեխայի 31-ամյա մոր հայտարարության համաձայն՝ երեխան գետն է ընկել իր անզգուշության հետևանքով. առանց հսկողության մնացած երեխան Ալավերդու Փիրուզյան թաղամասի երկաթուղային կամրջի հարևանությամբ գտնվող և Դեբեդ գետի երկայնքով ձգվող գազատար խողովակի վրա նստած դիրքից է ընկել:

Ժամը 18։32-ին երեխան գտնվել և տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր: Երեխան տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, այժմ կյանքին վտանգ չի սպառնում: Ինչպես ավելի ուշ պարզվեց, երեխային փրկել է Ալավերդու բնակիչ Ժիրայր Պողոսյանը:

Ապրիլի 26-ին  ոստիկանությունը հաղորդեց, որ բերման է ենթարկվել մանկահասակ երեխայի մայրը։ Նա հաղորդում է տվել, որ ապրիլի 25-ին ժամը 17։10-ի սահմաններում, ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով, ինքն է իր մանկահասակ դստերը 3-4 մետր բարձրությունից գցել գետը:

Մայրն, ըստ մամուլի հրապարակումների, երեխային գետը նետելու կասկածանքով ձերբակալվելուց հետո ցուցմունք է տվել ու հայտնել, որ երեխան իրեն խանգարել է աշխատել: Մամուլը գրել է նաև այն մասին, որ երեխայի մայրը հայտնել է, որ ամուսինն է իրեն դրդրել այդ քայլին, ասել է, որ իրենք այդ երեխայի կարիքը չունեն, առավել ևս, որ ամուսինը երեխայի կենսաբանական հայրը չէ:

Քննչական կոմիտեն այդ հրապարակումները պաշտոնապես չի մեկնաբանում: Հետաքրքվեցինք՝ արդյոք ամուսնու նկատմամբ առկա է քրեական հետապնդում, ինչին ի պատասխան Կոմիտեից հայտնեցին, որ ամուսնու նկատմամբ հետապնդում չի իրականացվում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter