HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Բոհեմ». նրանք նվաճեցին աշխարհը՝ տանուլ տալով անձնական կյանքը

Նրանք նվաճեցին աշխարհը, սակայն այդպես էլ չգտան անձնական կյանքի երջանկության բանաձեւը: Աշխարհը սիրեց նրանց, երկրպագեց, բամբասեց, հիացավ, սակայն երբեք չմտահոգվեց, թե ինչ գին են նրանք վճարում այդ սիրո դիմաց: Բոհեմը խժռեց նրանց չծնված երեխաներին: Ֆրիդա Կալո, Էդիթ Պիաֆ, Կոկո Շանել, Մարինա Ցվետաեւա՝ նրանք ապրեցին վառ, խելահեղ ու անմնացորդ նվիրումով՝ տալով աշխարհին իրենց գույները, ձայնը, բույրն ու պոեզիան:

«Ես ցանկանում եմ երիտասարդ տարիքում մահանալ: Ծերությունը սարսափելի է, իսկ հիվանդ լինելը՝ տգեղ»,- սա աշխարհահռչակ ֆրանսիացի երգչուհի Էդիթ Պիաֆի մտքերից է: Նա մահացավ 47 տարեկանում, ինչպես մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կալոն եւ ռուս բանաստեղծուհի Մարինա Ցվետաեւան: «Յուրաքանչյուր հիմար արարքի համար, որ գործում ես այս կյանքում, ստիպված ես լինում վաղ թե ուշ վճարել»,- պնդում էր ֆրանսիացիների սիրելի «Ճնճղուկը»: Իսկ կանանց պաշտելի կուռք Կոկո Շանելը մշտապես խորհուրդ էր տալիս. «Եթե դու ծնվել ես առանց թեւերի, մի խանգարիր դրանց աճելուն»: «Աշխարհիս երեսին ձեր նման երկրորդը գոյություն չունի»,- համոզված էր ռուս բանաստեղծուհի Մարինա Ցվետաեւան ամեն անգամ ինքնասպանության միտքն իրենից հեռու վանելիս:

Նրանք իրական կյանքում երբեւէ չեն հանդիպել: Այս 4 կանանցից ամեն մեկն ապրել է՝ հարթելով իր ստեղծագործական ուղին: Սակայն նրանց անձնական կյանքում զարմանալիորեն կրկնվող նույն սխալները՝ մահից հետո նույն քավարանում լինելու հնարավորություն է տվել: Երեւակայության ծնունդ է ասվածը, թերեւս, քանզի դեռ ոչ ոք չի վերադարձել՝ պատմելու, թե մահից հետո արդյոք էլի մահ կա: Հնարավո՞ր է ապրել այնպես, որ չափսոսաս վաղվա օրվա համար, ու փրկությունը չդառնա մի ամուր պարան՝ կախվելու համար: Եվ ինչու մի կին պետք է տենչա երեխայի ծնունդն ու չստանա, իսկ մյուսը սպանի սաղմը, որպես խոչընդոտ կարերիայի ճանապարհին: Ի՞նչ է «բոհեմ» կոչվածն ու ինչու է մարդկանց այդքան գրավում: Ինչերի են պատրաստ մարդիկ հանուն հայտնիության եւ ի՞նչ ծանր գին են շատ հաճախ վճարում դրա համար:

Գյումրու դրամատիկական թատրոնի փոքր բեմը գրաված «Բոհեմ» փաստագրական ֆանտազիան փորձում է տալ այս եւ մի շարք այլ հարցերի պատասխաններ: Ներկայացումը 22-ամյա ռեժիսոր Տաթեւ Ժաքյանի առաջին լուրջ բեմադրությունն է: Պիեսի հեղինակը 24-ամյա դրամատուրգ Մարիա Ակոպովան է: Ներկայացման չորս կերպարները մարմնավորում են դրամատիկականի դերասանուհիներ Դիանա Մացոյանը, Նառա Սանթոյանը, Հասմիկ Սուվարյանը եւ Ջեմմա Ադամյանը: Զգեստների ձեւավորումը Լուսինե Խաչատրյանինն է: 

«Սա ներկայացում է, որի վրա աշխատել է կանանց մի խումբ՝ շտկումները վստահելով տղամարդկանց»,- նշում է Գյումրու դրամատիկական թատրոնի գեղարվեստական խորհրդատու, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանը: «Մենք միշտ պատրաստ ենք ճանապարհ հարթել երիտասարդների համար,- նկատում է թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը,-սա համարձակ քայլ էր երիտասարդ ռեժիսորի համար, ու մենք գնահատեցինք նրա համարձակությունը: Բացի այդ, առաջին անգամ թատրոն մուտք գործեց մի ժանր, որին նախկինում անդրադարձ չի եղել՝ փաստագրականը»:

«Երբ թատրոնում հաստատվեց պիեսն ու պիտի դերաբաշխում կատարվեր, ոչ մի վայրկյան չեմ տատանվել կերպարներին մարմնավորող դերասանական կազմն ընտրելիս,- ասում է ներկայացման ռեժիսոր Տաթեւ Ժաքյանը,- Ջեմմա Ադամյանն ինձ մշտապես է հիշեցրել Էդիթ Պիաֆին, Հասմիկ Սուվարյանի մեջ գտա էն, ինչ ես կոչում եմ մեքսիկական տափաստանների բույր, նույնը կարող եմ ասել Կոկո Շանելին մարմնավորած Դիանա Մացոյանի մասին՝ էլեգանտ, նրբանկատ: Թերեւս ամենաբարդն եղել է Նառա Սանթոյանի համաձայնությունը ստանալը: Նա հենց սկզբից չհամաձայնեց խաղալ Մարինա Ցվետաեւային՝ պատճառաբանելով, որ իրեն խորթ է կերպարի գաղափարն ու ասելիքը»:

Ո՞ր տարիքից է մարդը սկսում խորհել իր ապրածի շուրջ՝ բաղդատելով ճիշտն ու սխալը: Որ պահից սկսած է ծնվում ցանկությունը սեփական սխալներն ուղղելու, եւ ուր կարող է հասցնել մարդուն անելանելիությունը: «Ցավոք, անելանելիությունը մարդուն կարող է հասցնել շիզոֆրենիայի եւ ինքնասպանության,- նկատում է դերասանուհի Նառա Սանթոյանը,- խոսքը վերաբերում է Մարինա Ցվետաեւային, ում ես մարմնավորում եմ: Ես համոզված եմ, որ նրա կյանքի բարդ ուղին ծանոթ է շատ քչերին: Պատերազմ, աքսոր, մանկատուն հանձնած երեխաներ, կիրք խմիչքի ու տղամարդկանց հանդեպ: Եվ այդ ամենի հորձանուտում ծնված 100-ից ավելի ստեղծագործություններ, որոնց մի մասն այդպես էլ չեն տպվել նրա կենդանության օրոք: Նա ապրել է ընդամենը 47 տարի ու կյանքին վերջ տվել կախվելու միջոցով»:

Կարո՞ղ էր Մարինա Ցվետաեւան ուղղել թույլ տված սխալների գոնե մի մասը, դերասանուհին դժվարանում է պատասխանել: Համարում է, որ ավելի հեշտ կլիներ դրանք չկատարելը: «Ինչ է նշանակում երեխային ոտքից կապել մահճակալին, որ իրեն չխանգարի ստեղծագործել: Նրա երեք երեխաներից փոքրը՝ 3 տարեկան Իրինան, մահացել է Կունցևոյի մանկատանը՝ սովից: Ցվետաեւան տեսել է աքսոր, հալածվել է, սիրել է ու սիրվել, ժամանակաշրջանը, որում ինքն է ապրել, բավականին ծանր է եղել, բայց դա չի արդարացնում իր շատ արարքներ: Որպես անձեր՝ մենք հակոտնյա ենք: Որպես դերասանուհի, ես համաձայնեցի մարմնավորել նրան, որովհետեւ սիրում եմ սուր, խարակտերային դերեր»,- նշում է Նառա Սանթոյանը:

Էդիթ Պիաֆ՝ Ֆրանսիայի անմահ խորհրդանիշը: Նրա խռպոտ ձայնը 20-րդ դարի անբաժան ուղեկիցը դարձավ: Նա անցավ Բելվիլ թաղամասի կեղտոտ փողոցներից մինչեւ Փարիզի ու Նյու Յորքի ամենահայտնի բեմերը: Նրա կյանքը նման էր պայքարի՝ ապրելու, սիրելու եւ երգելու համար: Նա ծնվել էր աղքատության մեջ, նրան շրջապատում էին փողոցային արտիստները, խաբեբաներն ու մարմնավաճառները: Բայց կախարդական ձայնը, որ ուներ Պիաֆը, նրան դարձրեց աստղ:

Ֆրանսիացիների սիրելի «ճնճղուկ» Էդիթ Պիաֆի դերը խաղալ-չխաղալու հարցը դերասանուհի Ջեմմա Ադամյանի առաջ չի ծառացել: Անգամ դերաբաշխումը չսկսած՝ վստահ էր, որ դերն իրենն է: «Ինձ հաճախ են նմանեցրել Պիաֆին: Կարծեմ մեկ տարի առաջ էր, մեր թատրոնի աշխատակիցներից մեկն ինձ ասաց՝ մի տասը տարի էլ անցնի, կարող ես Էդիթ Պիաֆին մարմնավորել՝ շատ ես նման: Բայց դե Տաթեւն առաջ ընկավ, ու 47-ամյա Պիաֆին հարկ եղավ մարմնավորել 27 տարեկանում,- Ջեմման ժպտում է ու երգչուհու խռպոտ ձայնով մեկ հատված խաղում իր դերից,- բացի արտաքին նմանությունից, երբ հարկ եղավ վոկալի մի քանի պարապմունքի գնալ, պարզվեց, որ Պիաֆի ու իմ ձայները կոնտրալտո են: Իր մասին պատմող «Կյանքը վարդագույն լույսերի մեջ» ֆիլմն իմ սիրելիներից է, ես իր երգերն էլ եմ շատ լսել, սակայն շնորհիվ այս ներկայացման առավել խորությամբ սկսեցի հասկանալ նրան, իր փխրուն էությունը, սիրո համար պայքարելու անկարողությունը, որովհետեւ երկու կանանց պայքարում կարող էին տուժել Մարսելի երեխաները: Եվ այս ներկայացման մեջ ինձ բախտ է վիճակվում հնչեցնել ամենակարեւոր միտքը՝ «Մենք նվաճեցինք աշխարհը, սակայն տանուլ տվեցինք մեր կյանքը»:

Կոկոյից մինչեւ Շանել, որբանոցից մինչեւ մեծ պոդիում՝ ճանապարհ, որ միշտ չի եղել ծածկված ծաղիկներով: Բարդ, հակասական ու պայքարով լի կյանք, որ Գաբրիելա անունով կնոջը բարձրացրեց նորաձեւության Օլիմպոս՝ վերածելով անբասիր ոճի, ճաշակի եւ զուտ ֆրանիսացի կնոջ հմայքի խորհրդանիշի: «Ես մարմնավորում եմ շատ ուժեղ մի կնոջ, որ ի տարբերություն քավարանում հայտնված մյուս երեք կանանց, մահացել է 87 տարեկանում, այսինքն 40 տարի ավելի է ապրել ու ճաշակել կյանքի քաղցրությունները, դառնությունները, հիասթափությունները,- նկատում է դերասանուհի Դիանա Մացոյանը,- գուցե դա է պատճառը, որ երբ վերեւից եկող ձայնն ասում է, որ բոլորն էլ կարող են կյանք վերադառնալ՝ Կոկոն ընդդիմանում է: Նրա համոզմամբ ապրելու ու անելու են նույն սխալները: Գուցե այդ պահին նա հիշում է իր իսկ կողմից արգանդում սպանած երեխային՝ հանուն կարիերայի, հավերժ սիրուհու իր կարգավիճակը, օր ծերության ունեցած միայնությունը եւ նա մերժում է առաջարկը: Նրա այս ժեստը կարծես մարտահրավեր է հանդիսատեսին, որ ապրեք, բայց աշխատեք սխալներ չգործել կամ գոնե ուղղեք, եթե գործել եք»:

«Երբ խոսակցություն եղավ, որ պիեսում պիտի ես էլ խաղամ, մտածում էի, որ չորս կերպարից ամեն մեկն էլ կխաղայի ու յուրովի,- խոստովանում է Ֆրիդա Կալոյին մարմնավորած Հասմիկ Սուվարյանը,- սկզբում մտածում էի, որ Պիաֆի դերը կառաջարկեն, բայց առաջարկեցին մի այլ գունեղ կնոջ կերպար՝ Ֆրիդա Կալոյին: Երբ սկսեցի խորությամբ ուսումնասիրել կերպարը՝ մարմնավորելու համար, հասկացա, որ բացարձակ ոչ մի ընդհանրություն չունենք: Կալոյի էքսցենտրիկ պահվածքի տակ կար թաքնված մի մեծ ողբերգություն՝ մայրանալ չկարողանալու, սիրած տղամարդուն այլ կանանց հետ կիսելու, ֆիզիկական ցավը թաքցնելու: Ի տարբերություն մյուս երեք կանանց՝ Կալոն չի մայրացել անկախ իր կամքից: Երբ սկսեցի ավելի խորն ուսումնասիրել նրա կյանքը, հասկացա, թե ինչ ուժեղ կամքի տեր է եղել: Հիմա մենք ցավոք շուտ ենք կոտրվում, հուսահատվում դժվարություններից: Այս ներկայացման մեսիջներից մեկն էլ հենց դա է՝ չկոտրվել: Հե՞շտ էր արդյոք Կալոյի համար ստեղծագործել կոտրված ողնաշարով՝ ինքն իրեն սփոփելով, թե՝ թեւեր ունի, ինչին են պետք ոտքերը, վստահաբար՝ ո՛չ, բայց նա հաղթահարեց դա, որովհետեւ նկարելն էր նրա համար ապրելու իմաստը: Ու այս մեսիջը, որ կա ներկայացման մեջ, վերաբերում է բոլորիս՝ ապրել հանուն կարեւոր գաղափարի»:

Լուսանկարները՝ Գյումրու դրամատիկական թատրոնի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter