HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թավրիզի ցուցարարներ. Ալիևը, համասեռամոլների ցույց կազմակերպելու փոխարեն, պետք է Ղարաբաղն «ազատելու» մասին մտածի

«Արաքս» շաբաթաթերթ, Թեհրան, 15.05.12: «Յուրովիժն 2012» մրցության անցկացմանն համընթաց Բաքվում մայիսի 22-26-ը համասեռականների ցույցի արտոնելը մեծ բողոք է առաջացրել Իրանում: Այդ կապակցությամբ առաջինը բողոք բարձրացրեց Թավրիզի ուրբաթօրյա աղոթապետ այաթոլլահ Մոջթահետ Շաբեսթարին, որին շուտով հետևեց նաև հասարակությունը:

Բողոքները մայիսի 8-ին իրենց գագաթնակետին հասան Իրանի հյուսիս-արևմտյան ամենակարևոր քաղաքում' Թավրիզում: Ավելի քան տասը հազար ցուցարարներ Իսլամական խորհրդարանում Թավրիզի նորընտիր պատգամավոր Մոհամմադ Էսմայիլ Սաիդիի և մեծ թվով հոգևորականների գլխավորությամբ փողոց իջան:

«Ամոթ քեզ Ալիև», «Պրն Ալիև, վախեցիր Աստծո չարչարանքից», «Պրն Ալիև, համասեռամոլների ցույց կազմակերպելու փոխարեն Ղարաբաղի ազատելու մասին մտածիր», «Աշխարհի համասեռամոլները Ադրբեջանում են, իսկ այդ երկրի իսլամականները բանտերում» և «Աստծո անեծքը համասեռամոլներին ու նրանց քարոզող, աջակցողներին» լոզունգներով ցուցարարները իրենց բողոքի երթը շարունակեցին մինչև Թավրիզում Ադրբեջանի հյուպատոսարանի շենքի առջև, ուր ելույթ ունեցավ պատգամավոր Սաիդին:

«Այս բողոքին մասնակցողները Ադրբեջանի ժողովրդի իսկական բարեկամներն են»,- ասաց Սաիդին և նշելով, որ «Ադրբեջանը վերածվել է սիոնիստական վարչակարգի տարածաշրջանային բազայի», խիստ դատապարտեց պաշտոնական Բաքվին և ասաց. «Ադրբեջանի իշխանություններից պահանջում ենք անհապաղ խզել հարաբերությունները սիոնիստական իշխանությունների հետ և հրաժարվել հակաիրանական քայլերից»:

Այնուհետև Թավրիզի հանրահայտ հոգևորականներից հոջաթոլիսլամ Մահմուդ Էսմայիլին, Ադրբեջանի հիմնահարցը «նրա տարածքների 20 տոկոսի բռնագրաված լինելը» համարելով, Բաքվից պահանջեց «գործնական քայլեր նախաձեռնել այդ տարածքները ազատելու համար»:

Ցույցի ավարտին հրապարակվեց համախոսական, որում ասվում էր.

«Դաս քաղեք արաբական տապալված բռնապետների՝ Բեն Ալիի, Հոսնի Մուբարաքի և Կատտաֆիի ճակատագրից և անբարոյականություն քարոզելու փոխարեն Ղարաբաղի ազատագրության մասին մտածեք»:

«Ադրբեջանում այս բոլորը կայանում է, երբ այդ երկրում արգելվում է մզկիթների բարձրախոսներից աղոթականչի սփռումը, ավերվել է մի քանի մզկիթ, միջնակարգ դպրոցների աղջիկներին արգելվում է չադրա կրել, և ավելի քան հարյուր իսլամիստ կալանավորվել է: Այնտեղ տիրում է վախի ու սարսափի մթնոլորտ, ու իսլամիստները սպանվում են կասկածելի պայմաններում»:

Ցուցարարները հրապարակված համախոսականում նաև շեշտել են. «Հակաիսլամական և հակամարդկային այս քայլերին զուգահեռ Բաքվի իշխանությունները «Յուրովիժն» մրցությունների կայացման կողքին համասեռամոլներին արտոնում են ցույցի դուրս գալ, ինչը անտարակույս ցավեցնում է բոլոր մուսուլմանների սիրտը»:

Համախոհականի ստորագրողները վստահեցնում են, որ համասեռականների ցույցի չեղյալ չհայտարարվելու դեպքում՝ «Ադրբեջանի, Թավրիզի և Իրանի այլ քաղաքների ժողովուրդների բարկությունը անսանձելի կդառնա»:

Ցուցարարները հույս են հայտնել, որ Իլհամ Ալիևը, անսալով Թավրիզի ժողովրդի կոչին, չեղյալ կհայտարարի «Յուրովիժնի» անցկացումը Բաքվում, կարգելի համասեռականների ցույցը և սիոնիստական վարչակարգի հետ կխզի բոլոր տեսակի հարաբերությունները, «որոնք հակաիսլամական քայլերի բուն աղբյուրն են»:

Համախոհականն ավարտվում է ներքո տողերով. «Ադրբեջանի Հանրապետությունում ապրող մեր բոլոր քույր-եղբայրներին հայտարարում ենք՝ արդ, այնպես որ այսօր Շուշա քաղաքի գրավման 20-ամյակին մտահոգված են այդ քաղաքի և այլ բռնագրավյալ շրջանների ճակատագրի նկատմամբ, մենք ևս նրանց պես սիրելի Ղարաբաղի ազատության ցանկությունն ունենք և Ադրբեջանում իսլամական արժեքների հաստատման համար նրանց կողքին ենք լինելու և խիստ հավատում ենք Աստծո տված խոստումին՝ ընչազուրկների հաղթանակին Ադրբեջանի բռնապետերի դեմ»:

Նշենք, որ վերոհիշյալ ցույցի իրականացվելուց առաջ Թավրիզում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Ալի Ալիզադեն հանդիպել էր այաթոլլահ Մոջթահեդ Շաբեսթարիի հետ և խնդրել «հրաժարվել հակաադրբեջանական ցույցից», որին Թավրիզի աղոթապետը պատասխանել էր. «Միայն այն դեպքում, երբ պաշտոնական Բաքուն հայտարարությամբ հանդես գա համասեռամոլների ցույցի բեկանման մասին, կարելի է մտածել այդ առնչությամբ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter