HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Հարություն Հարությունյան. «Արդարադատության նախարարը չարացած է դատական իշխանության նկատմամբ»

«Ժողովրդավարության ազգային ֆորում»-ի ժամանակ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հայտարարել է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մի քանի դատավորի հետ կապված գաղտնի փաստաթղթեր է իրեն ուղարկել՝ հերթական անգամ բացահայտելով կոռուպցիոն լուրջ ռիսկեր:

«Անունները չհրապարակելու դեպքում, հուսով եմ՝ ինձ պատասխանատվության չեն ենթարկի՝ այս տեղեկությունը հայտնելու համար»,- ասել է Անդրեասյանն ու նշել, որ վեթինգը շարունակվում է, բայց մեծ վեթինգի համար պետք են սահմանադրական բարեփոխումներ:

«Դեսպան Թրեյսին էլ դա նշեց, որ մենք չենք կարող մեկ օրում դատարկել ամբողջ դատական համակարգը և չունենալ արդարադատության կոլապս: Այն իրական աշխատանքը, որ հիմա արվում է դատավորների կարգապահական պատասխանատվության համակարգում, մեր նախարարության ամենաարդյունավետ ու ամենալուրջ քայլերից մեկն է, որի մասին հասարակությունը պատկերացում չունի: Մենք զբաղվում ենք նաև նոր դատարանների ստեղծմամբ, դատավորների ավելացմամբ, նրանց մասնագիտական պատրաստմամբ, դատավորների աշխատավարձի բարձրացմամբ: Մեզ համար ամենակարևոր քայլերից մեկը դատավորների կարգապահական պատասխանատվության համակարգի ճիշտ գործարկումն է: Սա լավագույն ճանապարհն է, որ մենք ունենանք անցնցում արդարադատություն: Ամեն դատավոր պետք է իմանա, որ կա կարգապահական վարույթ հարուցող մարմին, որը օբյեկտիվ է, դա իրենց կորպորատիվ ընկերները չեն, որը կա էթիկայի հանձնաժողովում: Դա մի մարմին է, որը առանց ճնշումների, առանց յուրային ու ոչ յուրային նայելու՝ հարուցում է կարգապահական վարույթներ: Ամեն դատավոր պետք է իմանա, որ երբ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, արդարադատության նախարարը բերում են այդ կարգապահական վարույթները ԲԴԽ, այնտեղ լինելու է արդար որոշում»,- ասել է Անդրեասյանը:

Դատավորների էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի ոչ դատավոր անդամ Հարություն Հարությունյանն արձագանքել է Անդրեասյանին:

«Կարող եմ հստակ փաստել, որ Արդարադատության  նախարարը չարացած է դատական իշխանության նկատմամբ և իրեն հաճախ սխալ արտահայտություններ է թույլ տալիս: Ինքս չեմ հանդիսանում դատավորների համայնքի անդամ, ընտրվել եմ քվեարկությամբ և չկա ինձ կաշկանդող որևէ կորպորատիվ շահ»,- ասում է Հարությունյանն ու նշում, որ շուրջ 8 ամիս աշխատանքի ընթացքում չի հիշում որևէ դեպք, երբ Հանձնաժողովի որևէ դատավոր անդամ փորձի սպասարկել որևէ մեկի անձնական շահ կամ ինչպես նախարարն է ասում՝ կորպորատիվ շահ։

«Սակայն կարող եմ հստակ հակառակի մասին խոսել. նախարարը թիրախավորված վարույթներ է հարուցում դատավորների նկատմամբ, որոնց մեծ մասը, ինչպես բոլորս ենք տեսնում, տապալվում է Բարձրագույն դատական խորհրդում։ Այս ընթացքում ինձ համար մեկ ակնhայտ, բայց տարօրինակ ու տարակուսելի բանում եմ համոզվել․ կարծեք՝ նախարարը հաճույք է ստանում վարույթների հարուցումից, դրանց քանակից, և դա իր համար դարձել է ինքնադրսևորման յուրահատուկ տարբերակ»,- ասաց Հարություն Հարությունյանը:

Դատավորների էթիկայի հանձաժողովի ոչ դատավոր անդամը համոզված է, որ նախարարը հաճախակի միտումնավոր իրեն թույլ է տալիս արտահայտություններ, որոնք նսեմացնում են դատական իշխանության հեղինակությունը, և երբեք առիթը բաց չի թողնում՝ դատավորներին վախեցնելու կարգապահական վարույթերով։ Ըստ Հարությունյանի` եթե նախարարը կամ որևէ այլ անձ իրավունք ունենար և մեկ անգամ մասնակցեր Էթիկայի հանձնաժողովի նիստերին, ապա միանշանակորեն կհամոզվեր, թե ինչ բարդ, խորը և մասնագիտական քննարկումների արդյունքում է կայացվում ցանկացած որոշում՝ բազմիցս միմյանց առողջ հակադարձումներով։

Հարությունյանը նկատում է, որ Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (GRECO) Հայաստանի վերաբերյալ զեկույցում տարակուսանք է հայտնվում նախարարի կողմից կարգապահական վարույթներ հարուցելու լիազորությունը չդադարեցվելու վերաբերյալ, այնինչ նախարարին ուրախացնում է ոչ միայն իր, այլև այլ վարույթ հարուցող մարմինների կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցումը։

«Այս ամենը ամփոփելով՝ ակնհայտ է, որ նախարարի «մեղադրանքները» ոչ կոռեկտ հայտարարություններ են, իսկ Հանձնաժողովին մեղադրելը՝ առնվազն ստվեր գցելու անհաջող փորձ։ Հորդորում եմ նախարարին առավել զուսպ և կոռեկտ լինել հանրային տիրույթում և իրեն նման արտահայտություններ թույլ չտալ»,- ասաց Հարությունյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter