HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Քաղաքագետ. «Սա լինելու է ժամանակավոր կառավարություն»

«Մեր հասարակությունը գտնվում է վախի մթնոլորտի ազդեցության տակ, մարդիկ ազատ չեն, չեն կարող իրենց քաղաքական կամքն ազատ դրսևորել»,- այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտարարեց քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանը:

Նրա կարծիքով՝ Հայաստանում դեռևս գոյություն չունի իրավական պետություն, մարդիկ պաշտպանված չեն օրենքով, այդ պատճառով էլ ընտրություններին մարդիկ չկարողացան լինել ազատ, և նրանց նկատմամբ կիրառվեց հարկադրանք: Արդյունքում քաղաքական դաշտում չառաջացավ նոր որակ, և չկա վստահություն պետական ինստիտուտների նկատմամբ:

«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կազմակերպության ղեկավար Ստեփան Դանիելյանի գնահատմամբ՝ Հայաստանի քաղաքական դաշտը մի փուլում է, երբ ընտրական համակարգը չի գործում: Այս ընտրություններին կիրառվեց ոչ թե վարչական ռեսուրս, այլ վարչական հարկադրանք. ոչ միայն ընտրակաշառք էին բաժանում, այլև ստիպում էին վերցնել այդ կաշառքը:

Ա. Ղուկասյանի կարծիքով՝ սա լինելու է ժամանակավոր կառավարություն, որովհետև եթե իշխանությունները չեն կարողանում ամբողջապես լուծել առկա խնդիրները, ապա դրանք պետք է լուծել ժամանակավոր համակարգի միջոցով: Իսկ այս ընտրությունները պարտություն էին ամբողջ քաղաքական համակարգի համար: Պարտվել են թե ընդդիմությունը, որը չկարողացավ բավարար ձայներ հավաքել, թե իշխանությունը, որին չհաջողվեց ձեռք բերել հանրության վստահությունը և լուծել իր առջև ծառացած խնդիրները:

Ա. Ղուկասյանի խոսքերով՝ Հայաստանի իշխանությունների նկատմամբ չկա վստահություն թե դրսում (որը կազդի ներդրումների ծավալի վրա, և Հայաստանը կդիտվի որպես ռիսկային գոտի), թե ներսում (որտեղ առկա անվստահության մթնոլորտը կնպաստի արտագաղթի աճին):

Քաղաքագետը նշեց, որ այժմ հասարակությունը սկսում է փոխել իր վարքագիծը՝ մտնելով ակտիվ գործողությունների դաշտ: Եվ երբ քաղաքական դաշտն ու կուսակցություններն այլև ի վիճակի չեն իրականացնել պետական արդյունավետ ղեկավարում, դա պետք է անի հասարակությունը:

Ստեփան Դանիելյանը հավելեց, որ քաղաքական դաշտն արդեն սպառված է և անելիք չունի: Հետևաբար, Ազգային ժողովում ընդդիամդիր ուժերի կոալիցիա կազմելը էական նշանակություն չի ունենա:

Լուսանկարում՝ Ստեփան Դանիելյան (ձախից) և Անդրեաս Ղուկասյան

Մեկնաբանություններ (2)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
1.Արկադի Ղուկասյանի ասածի միայն հետևյալին համաձայն չեմ.«...Հայաստանում դեռևս գոյություն չունի իրավական պետություն, մարդիկ պաշտպանված չեն օրենքով...»: Հայաստանում գոյություն ունի իրավական պետություն և մարդիկ պաշտպանված են օրենքով- նույնիսկ ավելի շատ քան Հոլանդիայում և Իսպանիայում (ինչքան էլ որ ձեզ սա Հայաստանում տարօրինակ թվա): Ուղղակի օրենքի վրա ՍՈՒԲՅԵԿՏԻՎ ազդում են (նաև նեգատիվ կերպով): Ես անձամբ տեսնում եմ,որ Հայաստանում ՄԵԾ ՔԱՅԼՈՎ առաջ են գնացել կոնֆլիկտները դատարաններում վճռելու ուղղությամբ ու Հայաստանում հանցագործությունների բացահայտման աստիճանը ՄԻ ՔԱՆԻ ԱՆԳԱՄ բարձր է,քան ասենք Հոլանդիայում:............................................2.Ստեփան Դանիելյանին - քաղաքական դաշտն ԵՐԲԵՔ սպառված չի կարող լինել,քանի դեռ կա պետություն և քաղաքականություն:
Anna
Անունն Արկադի չէ՝ Անդրեաս է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter