HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Ստրուկ պատգամավորները չեն կարող լուծել հասարակության խնդիրները

«Նախագահական ընտրություններին արդեն հասարակությունը պետք է լինի ինքնակազմակերպված: Սա հիմնական մարտահարվերն է, որը կա հասարակության առաջ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի ղեկավար Ստեփան Դանիելյանը:

Նրա խոսքերով՝ եթե չլիներ ընդդիմությունը, ապա իշխանությունը չէր կարողանա անել այն, ինչ արել է, ընդդիմադիր դաշտի զգալի հատվածը միշտ եղել է իշխանության հենարանը: Ընդդիմադիր դաշտը, հասարակության մի հատվածի մոտ վստահություն ձեռք բերելով, սկսում է բանակցել իշխանությունների հետ:

«Որոշ քաղաքական գործիչներ իշխանության կողմից արդեն գործուղվում են հասարակություն, որպեսզի նրանք այս նոր զարգացող քաղաքական շարժումները ղեկավարեն այն ուղղությամբ, որը ձեռնտու է իշխանություններին»,- հայտարարեց Ս. Դանիելյանը: Նրա խոսքերով՝ այդ քաղաքական գործիչներն ընդդիմադիր դաշտից են, և պետք է թույլ չտալ այդ գործընթացը:

Ս. Դանիելյանի կարծիքով՝ երաշխիք չկա, որ նախագահական ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանի պարտության դեպքում որևէ ընդդիմադիր ուժի կհաջողվի բարելավել երկիրը: Պատճառն այն է, որ թե իշխանական, թե ընդդիմադիր կուսակցություններում կա մեկ կամ մի քանի լիդեր, մնացածը շարքային են: Այդ լիդերները ոչ մեկի կողմից չեն վերահսկվում: Նրանք են որոշում համամասնական ցուցակները, այնուհետև ստիպում հրաժարականներ տալ: Ս. Դանիելյանի խոսքերով՝ այդ պատգամավորներն արդեն ստրուկ են, հետևաբար չեն կարող լուծել հասարակության խնդիրները:

Քանի որ բոլոր կուսակցություններում գործում է նույն մոդելը, ցանկացած կուսակցության՝ իշխանության գալու դեպքում երկրում կտարածվի նույն մոդելը: Ս. Դանիելյանի կարծիքով՝ հարցի լուծումը մեկն է՝ հասարակությունը պետք է կարողանա բաց քվեարկության արդյունքում ընտրել իր թեկնածուին, որը կվերահսկվի հասարակության կողմից:

Քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանի խոսքերով էլ՝ մինչև քաղաքացին չպահանջի պաշտոնատար անձանցից կատարել իրենց պարտականությունները, հնարավոր չի լինի ազդել իրավիճակի վրա: Այժմ կան միայն երիտասարդական շարժումներ, որոնք պատրաստ են պայքարել: Հարց է, թե այդ շարժումը որքան կընդլայնվի, և հասարակությունն ինչ պոտենցիալ ունի:

Քաղաքագետի խոսքերով՝ յուրաքանչյուր պայքար ձևավորում է իր հերոսներին, դրա արդյունքում առաջ եկած թեկնածուներն են ամենաազնիվն են ու անկեղծը: Սակայն քանի որ հասարակությունը չի առաջադրել իր թեկնածուին, այն անտարբեր է ընտրությունների նկատմամբ:

Ս. Դանիելյանը նշեց, որ նախագահական ընտրություններին կարող է լինել երկու սցենար՝ մեկ իշխանական թեկնածու կամ իշխանության և հասարակության թեկնածու: Այժմ ՀՀԿ-ն խնդիր ունի կոալիցիա կազմել ԲՀԿ-ի հետ, որպեսզի 2013 թ.-ի նախագահական ընտրություններին Սերժ Սարգսյանը լուրջ մրցակից չունենա: Կոալիցիայի դեպքում ԲՀԿ-ն կդառնա հերթական ՕԵԿ-ը: 

Ա. Ղուկասյանը հավելեց, որ ԲՀԿ-ի ձայները կարող են լինել հիմք, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը առաջադրի իր թեկնածությունը կամ էլ ընդդիմադիր կեցվածքը պահպանելու դեպքում առաջ քաշի իր թեկնածուին: Նրա խոսքերով՝ եթե հասարակությունն իր թեկնածուին չառաջադրի, նախագահական ընտրությունները մրցակցային չեն լինի: Սակայն այժմ քաղաքագետը չի տեսնում ոչ նման թեկնածու, ոչ էլ հասարակության ինքնակազմակերպման ներուժ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter