HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեսչական մարմինը Քաջարանի կոմբինատի վթարի հետեւանքով ոչ մի վնաս չի հաշվարկել

Ապրիլի 15-ին վթարվել էր «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի՝ Քաջարանի կոմբինատից դեպի Արծվանիկի պոչամբար տանող պոչատարը։ Վթարը գրանցվել էր ԶՊՄԿ-ի պոչատարի 4-րդ դյուկերային անցումի մոտ՝ Երեւան-Տաթեւ-Կապան ճանապարհի հարեւանությամբ՝ Աճանան եւ Նորաշենիկ գյուղերի միջեւ ընկած հատվածում։ Վթարի հետեւանքով պոչանքը լցվել էր Երեւան-Կապան ճանապարհ։ Այս մասին մեզ հայտնել էր Կապանի «Կայուն զարգացում» ՀԿ-ի նախագահ Արմեն Փարսադանյանը։

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանին հարցրել էինք, թե ինչ քայլեր են ձեռնարկվել դեպքի առնչությամբ, արդյոք հաշվարկվել է, թե վթարի հետեւանքով որքան վնաս է հասցվել շրջակա միջավայրին։ Մեր հարցմանը պատասխանել է տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի պետ Արտակ Սահակյանը՝ նշելով, որ «վթարի հետեւանքով շրջակա միջավայրին վնաս չի հասցվել, արտահոսքն անմիջապես լցվել է վթարային ավազան եւ չի խառնվել ջրային ավազանին»։

«Կայուն զարգացում» ՀԿ-ի նախագահ Արմեն Փարսադանյանը, ով վթարից հետո եղել է դեպքի վայրում, հակադարձում է տեսչական մարմնին՝ նշելով, որ պատասխանը, թե վթարը վնաս չի հասցրել շրջակա միջավայրին, չի համապատասխանում իրականությանը։

Հիշեցնենք, որ Երեւան-Տաթեւ-Կապան ճանապարհը Գորիս-Կապան ճանապարհի փակումից հետո դարձել է Երեւանը Սյունիքի հարավային թեւին կապող միակ ուղին։ Վթարի տեղանքում, ըստ Ա. Փարսադանյանի, չնայած ԶՊՄԿ-ի աշխատակիցները մաքրել են ճանապարհը, դրանով երթեւեկող մեքենաները մեծ փոշի են բարձրացրել, այսինքն՝ պոչատարի վթարի արգասիքները տարածվել են օդում։

Այս դեպքում տարօրինակ է տեսչական մարմնի ձեւակերպումը, թե իբր շրջակա միջավայրին վնաս չի հասցվել: Երկրորդ՝ եթե «արտահոսքն անմիջապես լցվել է վթարային ավազան եւ չի խառնվել ջրային ավազանին», ապա ինչի՞ց էին ճանապարհը մաքրում ԶՊՄԿ-ի աշխատակիցներրը։

«Պոչատարի վթարված հատվածից մինչեւ թափոնների ժամանակավոր կուտակման վայրը առնվազն 15 մետր է, եւ այդ հատվածն ամբողջությամբ աղտոտվել էր: Թե ինչ մակերեսով էր աղտոտվել, տեսչական մարմինը ժամանակին պետք է պարզաբաներ»,- ասում  է Ա․ Փարսադանյանը։

Նրա խոսքով՝ եթե պետությունը բաժնետեր է դարձել ԶՊՄԿ-ում, դա չի նշանակում, որ խնդիրները պետք է պարտակել, հակառակը՝ պետք է ավելի բարձր պատասխանատվությամբ մոտենալ բնապահպանական հարցերին։

«Երկար տարիներ տարբեր առիթներով բազմիցս բնապահպանական խնդիրներ ենք բարձրացրել։ Արդեն տեւական ժամանակ է՝ պետությունը ձեռք է բերել ընկերության 15 տոկոս բաժնեմասը։ Կուզեի իմանալ, թե բնապահպանական խնդիրները լուծելու ինչ ծրագրեր են ներկայացվել, առհասարակ ներկայացվե՞լ են, թե՞ ամեն ինչ նույնն է մնացել»,- եզրափակում է «Հետքի» զրուցակիցը։

Լուսանկարում՝ ԶՊՄԿ-ի 4-րդ դյուկերային անցումն ու թափոնների ժամանակավոր կուտակման վայրը (կանաչ գույնի)՝ անմիջապես Նորաշենիկ գետի հարեւանությամբ, լուս.՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանություններ (1)

Аладинская Ольга
Была в Капане в феврале этого года. Город стал внешне хуже чем был три года назад. Красивые места с удивительной природой превращаются в экологический могильник. И похоже никому до этого нет дела. Если у владельцев завода и администрации душа не болит за чистоту и качество производства, то это говорит о том, что они не любят свой край и им безразлично все, что происходит на их глазах.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter