HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

80 մլն դրամով կառուցված ոռոգման նոր ջրագիծն ավելացրել է գյուղացիների հոգսը

Արդեն երկրորդ տարին է՝ Արմավիրի մարզի Ապագա գյուղում շահագործվում է Եվրասիական Զարգացման Բանկի ֆինանսավորմամբ և համայնքի 10% համաֆինանսավորմամբ կիսախողովակներով կառուցված ոռոգման ներհամայնքային ջրագիծը: Ջրբաշխ Թաթուլ Մելիքյանի համար գլխացավանք է դարձել անցկացված կիսախողովակներով հողօգտագործողներին ջուր հասցնելը: 2709 գծամետր երկարությամբ կիսախողովակների գրեթե կեսը փոքր թողունակություն ունեն և դրանցով հնարավոր չէ ջուրը հասցնել վերջնամաս: Ստիպված ջրի մեծ մասն ուղղում են հողային հունով ջրատարը, որպեսզի գյուղացուն հասնի: Հողային հունով, մոտ 2 կմ ձգվող ջրատարով մեծանում են ոչ միայն ջրի կորուստները, այլև՝ ոռոգման ժամանակը: Ծրագիրն արժեցել է մոտ 80 մլն դրամ:

Ապագա գյուղում իրականացված ծրագրով նախատեսված է ոռոգել 142 հա հողատարածք: Սակայն, 2021թ. շահագործումից հետո, գյուղացիները դժվարության առաջ են կանգնել: Համաձայն նախագծանախահաշվային փաստաթղթերի, կառուցվել է ընդհանուր 2709 գծամետր երկարությամբ ջրագիծ, որից 1403 գծմ. երկարությամբ ԼՌ-6 (թողունակության չափը) տիպի կիսախողովակներով և 1306 գծմ․ երկարությամբ ԼՌ-4 կիսախողովակներով, որոնք ավելի քիչ տարողունակ են։

ԼՌ-6 և ԼՌ-4 կիսախողովակների միացման հատվածում էլ առաջացել է դժվարությունը: Եթե ԼՌ-6 կիսախողովակներով շատ ջուր է գալիս, շարունակությունը համարվող և քիչ թողունակություն ունեցող կիսախողովակները չեն կարողանում ընդունել ամբողջ ծավալը: Ջուրը դուրս է գալիս ու լցվում մարդկանց հողերը կամ ողողում ճանապարհները՝ այդպես էլ բավարար չափով ջուր չհասնելով վերջնակետ: Ստիպված ջրի մեծ մասը ջրթող հանգույցներից լցնում են հողային հունով ջրատար, որով էլ ջուրը հասցնում է վերջնական սպառողին՝ անցնելով 2 կմ ճանապարհ:

«Օրը 20 անգամ միայն այս հատված եմ գնում-գալիս: Մի թեթև ջրի տատանում է լինում, դաշտամիջյան ճանապարհները ցեխի մեջ կորում են, լցվում են դաշտերը, ջուրը դուրս է գալիս, թափվում: Ֆիզիկապես ես ի վիճակի չեմ միշտ այդ տարածքում լինել: Փոքր հողակտորների հատվածում մեծ թողունակության կիսախողովակներ են գցել, իսկ խոշոր հողերի հատվածում՝ փոքրացրել են թողունակությունը: Ես ինչքան պիտի ջուր լցնեմ հողային հունով ջրատարի մեջ, որ բարձրանա ու 2 կմ անցնելով հասնի դաշտերին: Ջուրը մենք ստանում ենք պոմպերով, տեսեք ինչքան ջրի կորուստ ու ծախս ենք անում»,- ասում է ջրբաշխ Թաթուլ Մելիքյանը:

Նրա խոսքով՝ անընդհատ բարձրաձայնել են, որ կիսախողովակները «չեն աշխատելու», քանի որ ճիշտ լուծում չի ընտրվել, սակայն՝ ապարդյուն:

«Էջմիածին» ՋՕԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բագրատ Հովհաննիսյանն ասաց, որ շինարարության ընթացքում ՋՕԸ-ն ընդհանրապես մասնակից չի դարձել, որևէ մեկն իրենց կարծիքը չի լսել: 

«Երբ արդեն ավարտական փաստաթղթերը պատրաստ են լինում, մեզ ներգրավում են պրոցեսին, բայց ոչ թե պատասխանատու, այլ՝ «վկա»: Այդ թերությունների համար հենց ժամանակին ենք ահազանգել՝ կառուցման ընթացքում: Մեզ ասում էին՝ ոչինչ, շինարարության ավարտից հետո, երաշխիքային ժամկետում, եթե թերություններ լինեն, պարտավոր են վերացնելու: Բայց արի ու տես, որ դրանից հետո քառակի անգամ  դժվարություններ են առաջանում»,- ասում է Բ. Հովհաննիսյանը:

«Էջմիածին» ՋՕԸ-ի տնօրենի պաշտոնակատարի խոսքերով, եթե ընթացքում փոփոխություններ անեն, շաբաթներով պիտի մարդկանց ջուրը կտրեն, ինչի պատախանատուն դառնում են իրենք:

«Ոռոգման համակարգերի արդիականացման» ծրագիրը գործում է 2016թ.-ից, ֆինանսավորվում է Եվրասիական Զարգացման Բանկի և համաֆինանսավորվում Հայաստանի կողմից: Հենց այս ծրագրի շրջանակներում է Ապագա գյուղում անցկացվել ջրագիծը: 

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամից «Հետք»-ին հայտնում են, որ ջրի նախագծային ելքը ԼՌ-6 կիսախողովակների գլխամասում կազմում է 104 լիտր/վրկ, երկրորդ հատվածի գլխամասում, որի տարողունակությունն ավելի փոքր է՝ 74 լիտր/վրկ։ Առաջին հատվածի վրա նախատեսված է 11 հատ ջրթող հանգույց, երկրորդ հատվածի համար՝ 21:

Ներտնտեսային ցանցի վերականգման աշխատանքները կատարվել են նախագծանախահաշվային փաստաթղթերի համաձայն: Աշխատանքների փաստացի արժեքը կազմել է մոտ 79 մլն 691 հազ. դրամ։

«Ջրագիծը նախագծվել և կառուցվել է այնպես, որ հողատարածքների ոռոգումը իրականացվի ոռոգման ռեժիմներին համապատասխան, առանց ընդհատումների։ Ջրագիծը նախատեսված չէ տրանզիտ ռեժիմով շահագործելու՝ ջրանցքի վերջնամասում գտնվող հողատարածքներին ամբողջ ծավալի ջուր տեղափոխելու համար։ Նախագծման և շինարարական աշխատանքների կատարման ընթացքում տրանզիտ ռեժիմով ջրագծի շահագործման խնդիր համայնքի կողմից չի բարձրացվել: Հարցը բարձրացվել է շինարարական աշխատանքների ավարտից հետո»,- հայտնում է հիմնադրամի գործադիր տնօրեն Արթուր Սողոմոնյանը։

Նրա խոսքերով՝ ջրագծի վերջնամասում գտնվող ջրօգտագործողների կողմից միաժամանակյա ջրի պահանջը բավարարելու համար ԼՌ-4 ջրագծի գլխամասում գտնվող ջրավազանում տեղադրվել է հարթ փական՝ ավելցուկային ջուրը հողային հունով տեղափոխելու համար։

Թե՛ «Էջմիածին» ՋՕԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, թե՛ ջրբաշխը, հակառակն են պնդում՝ նշելով, որ իրենք ահազանգել են խնդրի մասին: Ավելին, նշում են, որ ոչ թե ավելցուկային ջուրն են բաց թողնում հողային հուն, այլ՝ ջրի մեծ մասը, որպեսզի այդ տարբերակով կարողանան ջուրը հասցնել հողօգտագործողին: Հակառակ դեպքում, փոքր թողունակությամբ խողովակներով իրենք չեն կարողանա պահանջվող ծավալի ջուր մատակարարել:

Տարածքային զարգացման հիմնադրամի Ջրային տնտեսության ԾԻԳ մասնաճյուղի տեխնիկական վերահսկողության խմբի ղեկավար Կարեն Դադոյանը պարզաբանեց, որ հենց սկզբից այդպես է նախատեսված եղել ծրագիրը: Ըստ նրա՝ ընդհանուր 32 ջրթող հանգույցները նախատեսված են եղել հենց հողային հունով ջուրը սպառողին հարցնելու համար: 

«Պետք է ջուրը օգտագործվի համաչափ և բոլորին ջուր տրվի, ոչ թե ջուրը մի հոգու համար հասցնեն սկզբից մինչև վերջ: Եթե այդ հատվածում կա 50-60 ջրօգտագործող, ապա նրանց  ջրօգտագործման պլանը պետք է կազմեն այնպես, որ բոլորը միաժամանակ օգտվեն այդ ջրից, ոչ թե մի հոգին օգտվի, մյուսները սպասեն, որ իրենք էլ ջրեն»,- ասում է Կ. Դադոյանը:

Տեխնիկական վերահսկողության խմբի ղեկավարը նշում է, որ կառուցման ընթացքում այնպես են արել, որ գյուղացու օգտին լինի, սակայն շատ շեղումներ չէին կարող թույլ տալ, փորձաքննություն չէր անցնի:

«Եթե գյուղացու ասածն ապահովենք, ապա պետք է մեծ ջրանցք կառուցեինք, որ կարողանայինք ամբողջ ջուրն ուղղել դաշտերի վրա: Եթե թղթերով այդ հատվածում ցույց են տվեք քիչ հողեր, ոնց կարող էինք մեծ տրամաչափի կիսախողովակներ տեղադրել»,-հավելում է Կարեն Դադոյանը:

Նրա խոսքերով՝ այս պարագայում նախագծողը չէր կարող ուրիշ բան նախագծել: Կ. Դադոյանն ընդունում է, որ խնդիրը կա, քանի որ դեռևս աշխատում են 1967 թ.-ի ոռոգման ռեժիմներով, նոր կարգեր չկան: Իսկ նախագծողները հիմքեր են պահանջում, որն ըստ Դադոյանի՝ ցավոք, չկան:

«Նոր ոռոգման ռեժիմների մշակման կարիք կա, որ այսօրվան հարմարեցվի: Խորհրդային տարիներին մենք ունեցել ենք ընդամենը մոտ 900 ջրօգտագործող, այսօր՝ 220 հազար ջրօգտագործող: Դրան էլ ավելացրած, որ հողակտորներն այժմ փոքր են, իսկ համակարգերը, ռեժիմները նախատեսված են եղել խորհրդային տարիների մեծ հողակտորների համար: Առաջ 50 հա-ի վրա ոռոգվում էր միատեսակ մշակաբույս, այսօր 50 հա-ի վրա 50 տեսակի մշակաբույս կա, ամեն մեկն էլ ջրի օգտագործման իր կարգն ունի»,-հավելում է Կ. Դադոյանը՝ նշելով, որ այսօր գյուղացին էլ է հայտնվել դժվար վիճակում: Սակայն, իրենք այլ տարբերակ չեն ունեցել:

Նշենք, որ ծրագրի պատվիրատուն եղել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը: Նախագծանախահաշվային փաստաթղթերը 2019թ․ կազմվել են «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ, «Գիդեպինվեստ» ՍՊԸ, «Ջրարբի» ՍՊԸ ՀՁ կողմից և հավանության են արժանացել Ապագա համայնքի կողմից։

Աշխատանքները իրականացվել են «Արփա-Սևան» ԲԲԸ, իսկ տեխնիկական հսկողությունն իրականացվել է «Մոդուլ» ՍՊԸ-ի կողմից։ Նախագծման, վերահսկողության և շինարարական կազմակերպությունների ընտրությունը, համաձայն գործող կարգի իրականացվում է մրցութային կարգով։

Մեկնաբանություններ (1)

HAGOP
CLOWN SHOW!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter